Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՐՊԱՐՏՎԱԾ ՏԱՂԱՆԴԸ

Դեկտեմբեր 03,2005 00:00

ԶՐՊԱՐՏՎԱԾ ՏԱՂԱՆԴԸ Ո՞ւմ էր խանգարում Մարկ Արյանը Բոլորեց աշխարհահռչակ բելգիահայ երգահան, երգիչ եւ գործիքավորող Մարկ Արյանի 70172ամյակը։ 60-70172ականներին նա հայտնի էր Հայաստանում բոլորին, ամենահայտնի, հանրահայտ ու սիրելի երգիչն էր, նրա երգերը հնչում էին բոլոր պատուհաններից… Երգչի «ոսկե դարը» տեւեց ուղիղ տասը տարի, այդ ժամանակահատվածում նա համաշխարհային փառք ու ճանաչում էր վայելում։ Նրա գեղեցիկ մեղեդային, դյութիչ եւ հրաշալի գործիքավորված երգերը ոչ մեկին անտարբեր չէին թողնում, հաղթում էին հիթ172շքերթներում՝ առաջ անցնելով ֆրանսիական շանսոնի այնպիսի հսկաների, ինչպես Շարլ Ազնավուրը, Ջոնի Հոլիդեյը, Ժակ Բրելը, Սալվատորե Ադամոն, Միրեյ Մաթյոն, Ջո Դասենը… Այնուհետեւ՝ միանգամայն հանկարծակի ու անսպասելի, եկավ նույնքան համատարած օտարացում, հիասթափություն, համաժողովրդական սերը փոխվեց իր հակառակ կողմով՝ արհամարհանքով ու ատելությամբ, երգչի կատարումները դադարեցին հնչել եթերում, դրանք պարզապես վերացան եթերից, եւ որպես այդ ամենի հետեւանք՝ եկավ նույնքան մասսայական մոռացություն։ Եվ ահա վերջերս լռության պատը տեղի տվեց. Բելգիայում վավերագրական կինոնկար է ստեղծվում Մարկ Արյանի մասին, որի աշխատանքներում ներգրավված է նաեւ երգչի երկրպագու, Ինտերնետ172լրագրող Գուրգեն Կարապետյանը, որն էլ սիրով հարցազրույց տվեց: 172 Ինչպե՞ս ծնվեց կինոնկարի մտահղացումը եւ ինչո՞ւ հատկապես Բելգիայում։ 172 Թեկուզ այն պարզ պատճառով, որ Մարկ Արյանի երգերը այսօր էլ շատ հանրահայտ են այդ երկրում։ Այնտեղ երգիչը կուռք է: Ֆիլմը նկարահանում է «KAOS» ստուդիան։ Այն գնելու պատրաստակամություն են հայտնել Ֆրանսիան, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լյուքսեմբուրգը, Կանադան։ Համոզված եմ, որ այդ «աշխարհագրությունը» դեռ շատ կընդլայնվի։ Մարկ Արյանին հիշում եւ սիրում են բոլոր ֆրանսալեզու երկրներում, ֆիլմով հատկապես հետաքրքրված է սփյուռքահայությունը։ Բնական է, որ ֆիլմը կցուցադրվի նաեւ Երեւանում, ես համաձայնություն եմ ստացել տրամադրելու իմ հեղինակային օրինակը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը։ – Ի վերջո՝ ո՞րն էր Մարկ Արյանի արվեստից օտարացման պատճառը։ – Կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Սուբյեկտիվ պատճառները կապվում են Հայաստանի մերժողական դիրքորոշման հետ։ Հայտնի ճշմարտություն է, որ մեծ արվեստագետներին առաջին հերթին հիշում եւ գնահատում է հարազատ երկիրն ու ժողովուրդը։ Պատահական չէ, որ Վիլյամ Սարոյանը, Շարլ Ազնավուրը միշտ ձգտել են սերտ կապեր ունենալ Հայաստանի, հայ ժողովրդի հետ։ Մարկ Արյանը նույնպես գիտակցում էր այդ, եւ նրա ամենամեծ ողբերգությունն այն էր, որ իր հայրենակիցները միանգամայն հանիրավի, թյուրիմացաբար, ստահոդ լուրերի ու ասեկոսեների զոհ դառնալով՝ պարտադրված մոռացան երգչին, իսկ նրա երգերը ամենաբիրտ, դաժան ձեւով դուրս մղվեցին մեր եթերից ու մեր կյանքից։ Այդ մասին մենք դեռ կխոսենք, սակայն կան այստեղ նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Մարկ Արյանը բացարձակ չէր հետեւում իր երգերի պրոպագանդման, տարածման խնդրին, չէր գովազդում իր ձայնագրությունները։ Ավելին, նա չուներ իր կողքին այդ գովազդը կազմակերպող մի անձ՝ իմպրեսարիո կամ կառավարիչ։ Համեմատության համար ասենք, որ Էդիթ Պիաֆին, Ազնավուրին, Ջոնի Հոլիդեյին, Սիլվի Վարդանին, Միրեյ Մաթյոժին օգնում էր ամենազոր ու ամենակարող Ջոն Սթարկը, եւ նրա դերը այդ երգիչների կայացման գործում պարզապես անգնահատելի է։ 172 Ի՞նչ այլ նպատակներ ունեիք՝ բացի ֆիլմում մասնակցելուց։ Հաջողվա՞ծ եք համարում ձեր ուղեւորությունը։ 172 Իմ գերնպատակն է Հայաստան բերել Մարկ Արյանի ամբողջ երգային ժառանգությունը՝ մոտ 200 երգ, որոնց ճնշող մեծամասնությունը պարզապես անհայտ է հայ ունկնդրին, չհաշված այն, որ նույնիսկ ծանոթ երգերը արդեն հիմնովին մոռացության են մատնված, թեեւ շարունակում են ապրել իմ սերնդակիցների հիշողության խորքերում։ Այնպես որ, այդ երգերը նույնպես կարող են համալրել մեր ձայնադարանի «ոսկե ֆոնդը»։ – Ինչո՞վ կարելի է բացատրել այն համաժողովրդական սերն ու խանդավառությունը, որը ժամանակին ուղեկցում էր Մարկ Արյանին հատկապես 60-ականների երեւանյան հյուրախաղերի ողջ ընթացքում։ – Մարկ Արյանի երգերը շատ ավելի հասկանալի էին, ավելի հանրամատչելի եւ դյուրին էին ընկալման համար, քան նրանից մի քանի տարի առաջ Երեւանում հանդես եկած Ժակ Բրելի կամ նույնիսկ Ազնավուրի կատարումները։ Մարկ Արյանի մեղեդիների մեջ մի տեսակ միաձուլվել ու խաչվել էին արեւելքի եւ արեւմուտքի երաժշտական ավանդույթներն ու առանձնահատկությունները։ Բացի այդ, Մարկ Արյանը գիտակցաբար հարմարեցնում էր իր կատարումները հանդիսատեսի ընկալման ունակությանը, մակարդակին։ Նրա երգերը շատ պարզ էին ու հասկանալի՝ նա երգում էր իր մասին, իր ցավի, կարոտի, մերժված սիրո, հայրենի եզերքի սպիտակ սարերի մասին, իր երազանքների ու անուրջների մասին։ – Ի՞նչն եք հատկապես գնահատում Մարկ Արյան երաժշտի ու արվեստագետի մեջ։ – Մարկ Արյանը հիրավի անընդգրկելի է ու անզուգական։ Նա եւ՛ երգահան էր, եւ՛ բանաստեղծ, եւ՛ հիանալի, պարզապես անգերազանց գործիքավորող, ընդ որում նա գործիքավորում էր ոչ միայն իր երգերը, այլեւ ժամանակի բազմաթիվ այլ գերաստղերի կատարումները։ Մարկ Արյանը նաեւ նորարար էր, «Բիթլզից» առաջ նա սկսեց փորձարարություն անել հնչյունի հետ՝ հիշենք թեկուզ «Mon petit navire» երգը՝ ծովի խշշյունով ու ճայերի ճիչերով։ Եվ այդ ամենը նա անում է մենակ, որպես մի իսկական Մարդ172նվագախումբ։ Համեմատության համար հիշենք, որ Ազնավուրի հետ համագործակցում էին Տիրան (Ժորժ) Կառվարենցը, Ժիլբեր Բեկոն, բանաստեղծ Դելանոեն, Փոլ Մակարթնին եւ Ջոն Լենոնը միասին էին ստեղծագործում եւ այլն։ Այս իր մենության մեջ Մարկ Արյանը նույնպես մեծ էր ու ողբերգական։ – Ձեր հոդվածներում ու ելույթներում դուք մշտապես պնդում եք, որ հանդիսատեսները բազմիցս խնդրում էին Մարկ Արյանին կատարել «Իսթանբուլ» երգը, սակայն երգիչը ամեն անգամ վճռականորեն հրաժարվում էր… – Ինձ բախտ է վիճակվել ներկա լինել Մարկ Արյանի մի քանի համերգներին: Ամեն անգամ հանդիսատեսը պահանջում էր երգել «Իսթանբուլը», սակայն երգիչը մշտապես մերժում էր, պատասխանելով. «Ես այդ երգը Երեւանում չեմ երգի»։ – Ինչի՞ մասին է այդ երգը, ինչո՞ւ է այն զրպարտանքների եւ «պատժամիջոցների» դրդապատճառ դարձել։ – Դա մի գեղեցիկ երգ է՝ արտակարգ մեղեդային, արեւելյան երանգներով հագեցված։ Երգիչը խոստովանում է իր սերը քաղաքի հանդեպ, պատմում է իր մերժված սիրո մասին։ Երգը նվիրված է Ստամբուլին, որը, հիշենք, հայերի համար դարեր շարունակ պարզապես Պոլիս էր։ Այնպես որ, այդ երգը «վնասակար» կամ «թշնամական» համարելու համար պետք է առնվազն հոգեկան խանգարում ունենալ։ – Ուզում եմ անդրադառնաք նաեւ այն ասեկոսեներին, որոնցից սկսվեց ամեն ինչ՝ նկատի ունեմ Մարկ Արյանի երգերի վտարումը եթերից։ – Այո՛, 70-ականների կեսերին ինչ172որ անհեթեթ բամբասանքներ սկսեցին շրջել։ Հետո դրանք սկսեցին ձնե գնդի նման աճել՝ դառնալով լավ մշակված զրույցներ ու պատմություններ։ Օրինակ՝ ասում էին, իբր նա մի քանի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, եւ որ ճաղատ է դարձել՝ «ինչպես մարշալ Բաղրամյանը»։ Ու որպեսզի այդ լուրը ավելի հավաստի թվար, ավելացնում էին, որ իբր ցայտաղբյուրից ջուր խմելիս քամին թռցրել է երգչի կեղծամը։ Այնուհետեւ ամենուր սկսեցին պատմել, որ իբրեւ Մարկ Արյանը ամուսնացել է թուրք կնոջ հետ եւ մահմեդականություն ընդունել։ Զավեշտալի բամբասանքին «հավաստիություն» հաղորդելու նպատակով բերում էին մեկ ուրիշ «ապացույց». Ազնավուրը, իմանալով այդ մասին, հատուկ մեկնել է Ստամբուլ, գնել է Մարկ Արյանի համերգի բոլոր տոմսերը, տեղավորվել է դատարկ դահլիճի առաջին շարքում, ոտքը ոտքին է գցել եւ ասել. «Դե հիմա զռա՜»։ Դա ոչ մի կերպ չէր համաձայնեցվում Ազնավուրի բարձր գնահատականի հետ՝ հայտնի է, որ Ազնավուրը շատ էր սիրում Մարկ Արյանի երգերը եւ համարում էր նրան իր ստեղծագործական ժառանգորդը, սակայն թունավոր սուտը կրկին պարարտ հողի մեջ ընկավ եւ կենսունակ դարձավ։ Մի չարանենգ լուր էլ էր շրջում՝ իբրեւ թե ինչ172որ հայ հայրենասեր172վրիժառու գնդակահարել է երգչին։ Մի խոսքով՝ այդ տարիներին պետական մակարդակով ու պետության անունից մեզ խաբում էին ամեն քայլափոխի։ Այդ ստահոդ ասեկոսեների արմատներն այնքան խորն են, որ նույնիսկ այսօր, երբ ամեն ինչ ճշտվել է ու պարզաբանվել, բազմաթիվ մարդիկ շարունակում են կառչել այդ ստից։ Նրանք այսօր էլ շարունակում են պնդել, որ «հաստատ գիտեն», թե Մարկ Արյանը կրոնափոխ է եղել եւ սպանվել 1975 թ., իր իրական մահից տասը տարի առաջ։ – Միգուցե նման մի բան, այնուամենայնիվ, եղե՞լ է։ Ծուխը, ինչպես ասում են, առանց կրակ չի լինում։ – Երբ ես պատմեցի այդ բոլոր ասեկոսեների մասին իմ բելգիացի ընկերոջը՝ Մարկ Արյանի խոշորագույն երկրպագու եւ կենսագիր Դիդյե Պասսիոնին, որն, ի դեպ, Մարկ Արյանին նվիրված Վեբկայքի ստեղծողն է, նրա զարմանքին չափ ու սահման չկար։ Չի եղել ոչ մի նման բան։ Չի եղել ոչ մի թուրք կին, չի եղել ոչ մի կրոնափոխություն։ Մարկ Արյանի միակ, մեծ եւ «ուշացած» սերը Մարիաննա Բուրիեն էր, որն ազգությամբ բելգիացի է եւ քրիստոնյա։ Մարկ Արյանը սկսեց հանդիպել նրա հետ 44 տարեկան հասակում եւ ամուսնացավ հինգ տարի անց, 1984 թ., մահվանից ընդամենը մեկ տարի առաջ։ Եվ սպանություն նույնպես չի եղել։ Մարկ Արյանը մահացել է 1985 թ. նոյեմբերի 30172ին, իր հիսնամյակից ուղիղ երկու շաբաթ անց։ Մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն էր։ Երգիչը ծնված օրից սրտի արատ ուներ եւ վատառողջ էր։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ նրա գերեզմանի վրա դրված է մի մեծ խաչ, այդ հանգամանքը եւս հերքում է բոլոր անհիմն մեղադրանքները եւ բացառում դավանափոխության որեւէ հնարավորություն։ Եվ, վերջապես, եկեք չմոռանանք, որ Մարկ Արյանի ծնողները՝ Գեւորգ եւ Վարդանուշ Մարգարյանները Ֆրանսիա էին տեղափոխվել Սիրիայից, որտեղ նրանք հայտնվել էին 1915172ին, հրաշքով փրկվելով թուրքական յաթաղանից եւ անցնելով Դեր172Զորի անապատը։ Այնպես որ, Մարկ Արյանը ինքն էլ եղեռնի անուղղակի զոհերից էր, եւ մեղադրել նրան թուրքամետության եւ առավել եւս մահմեդականություն ընդունելու մեջ՝ առնվազն անհեթեթություն է։ – Եվ, այնուամենայնիվ՝ ինչո՞ւ դա պատահեց հատկապես Մարկ Արյանի հետ։ Ո՞ւմ էր նա խանգարում։ – Մարկ Արյանը խանգարում էր համակարգին։ Դուք երբեւէ մտորե՞լ եք այն հարցի շուրջ, թե ո՞ւմ էին խանգարում Սերգեյ Փարաջանովը, Սախարովը, Սոլժենիցինը կամ Դովլաթովը, Բրոդսկին։ Կամ ո՞ւմ էին խանգարում Պարույր Սեւակը, Մինաս Ավետիսյանը։ Նրանցից ոչ մեկը այլախոհ չէր, նրանք ազնիվ, իրենց կյանքի սկզբունքներին չդավաճանող մարդիկ էին։ Պարզապես նրանք դուրս էին մնում ընդհանուր գորշ համայնապատկերից, եւ դրանով իսկ վտանգավոր էին։ Այսօր էլ Մարկ Արյանի համերգների տեսագրություններից ու ձայնագրություններից գրեթե ոչինչ չի մնացել, իսկ խղճուկ, հրաշքով փրկված նյութերի վրա առ այսօր արգելք է դրված։ Վերջերս մենք մեր աչքով տեսանք այն ձայնապնակները, ձայներիզները, որոնց ծածկի վրա դրոշմված էր «ԱՐԳԵԼՎԱԾ Է» դաժան պիտակը։ Զրուցեց ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐՋԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել