Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծաղի թատրոն՝ դպրոցական թեմայով

Դեկտեմբեր 03,2005 00:00

Ծիծաղի թատրոն՝ դպրոցական թեմայով Դատական նիստը վերածվել էր ուրախ թատրոնի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվում է Երեւանի 171 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանի, ՀՀ ԿԳ նախարար Սերգո Երիցյանի, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի եւ փոխքաղաքապետ Կամո Արեյանի: Հայցվորը դատարանից պահանջում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները: Այս տարվա նոյեմբերի 11-ին լրացել է ուսուցչուհու 60 տարին եւ կենսաթոշակային տարիքին հասնելու պատճառով տնօրենը նրան առաջարկել է լքել դպրոցը հենց նույն օրը: Ուսուցչուհին չէր համաձայնել այս պահանջի հետ, քանի որ, ըստ նրա, Աշխատանքային օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն, ինքն իրավունք ունի շարունակելու իր աշխատանքը՝ մինչեւ ուսումնական տարվա ավարտը, երբ կավարտի նաեւ ռուսաց լեզվի 2005-2006 ուստարվա դասընթացը: Դատավարություններից մեկի ժամանակ տնօրեն Ա. Սաֆարյանը ուսուցչուհուն վատաբանող փաստաթղթերի, գրությունների մի մեծ փաթեթ ներկայացրեց դատավորին: Դատավոր Մարտին Կարապետյանը վերջին օրերս կայացած նիստի ժամանակ հրապարակեց դրանցից մի քանիսը: Այդ թվում դպրոցի գրեթե 60 ուսուցիչների ստորագրությամբ մի գրություն, որտեղ նշվում էր, որ Անահիտ Հովհաննիսյանը արժանի չէ կրել իրենց պատվավոր դպրոցի ուսուցչի կոչումը եւ զուրկ է թե՛ մարդկային, թե՛ մանկավարժական հատկանիշներից: Տնօրենն այս փաստին ավելացրեց, որ դպրոցի ուսուցիչներից ոչ մեկը այսօր չի բարեւում Անահիտ Հովհաննիսյանին: Այս առիթով ուսուցչուհին նշեց, որ իրեն ամենեւին էլ պետք չեն գործընկերների բարեւները. «Ես աշակերտների ողջույնով էլ կբավարարվեմ»: Ըստ նրա, գործընկերների նման վերաբերմունքը բխում է նաեւ նրանից, որ ինքը երբեւէ որեւէ մեկի խնդրանքով որեւէ երեխայի գնահատական չի նշանակել, եւ, բացի այդ, չի մասնակցել ոչ մեկի քեֆ-ուրախություններին, ոչ մեկի ծննդյան տոնին ու այդ կապակցությամբ իրականացվող դրամահավաքներին: Անահիտ Հովհաննիսյանի խնդրանքով՝ դատավորը ընթերցեց դպրոցի ծնողներից մեկի դիմումը տնօրենին, որտեղ նշվում էր, որ ռուսաց լեզվի ուսուցչուհին բազմաթիվ վիրավորական խոսքեր է ասում իր աղջկան, դասի ընթացքում շեղվում է թեմայից եւ հաց ուտելով զբաղվում: Ծնողը նշել էր նաեւ, որ ուսուցչուհին շաքարախտով է տառապում: Այս առիթով Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց իր վերջերս հանձնած արյան հետազոտությունը, որտեղ շաքարի քանակությունը արյան մեջ համապատասխանում է նորմային: Ուսուցչուհին նշեց, որ տառապել է շաքարախտով, բայց դա վաղուց էր: Ըստ տնօրենի, այս դիմումը Անահիտ Հովհաննիսյանը գողացել էր, ինչի համար նույնիսկ ոստիկան են կանչել դպրոց: Սակայն ուսուցչուհին անվերջ պնդում էր, որ այդ դիմում-բողոքը վերցրել էր պատճենահանելու նպատակով եւ մինչ ոստիկանի հայտնվելը այն հանձնել էր աշակերտներից մեկին, որպեսզի վերջինս մոտակայքում պատճենահանի եւ ետ վերադարձնի: Տնօրենն այս առիթով միջամտեց. «Իսկ չե՞ք հիշում, որ այդ ժամանակ ասում էիք՝ տռուսիկիս մեջ է, կարո՞ղ եք՝ հանեք»: Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման բան երբեք չի ասել: Տիկին Հովհաննիսյանը մեջբերեց եւս մեկ փաստ: Նա տարիներ առաջ դարձյալ դատարանի օգնությամբ օգնել էր տնօրենին՝ դպրոցից հեռացնել ուսմասվարին, ինչի համար շատ զղջում է, քանի որ վերջինս հիմա կարող էր հեռացնել տնօրենին: Ուսուցչուհին անդրադարձավ նաեւ «Առավոտի» հոկտեմբերի 26-ի համարում տպագրված տնօրենի խոսքերին՝ «Ա. Հովհաննիսյանը երբեւէ իրավունք չի ունեցել դպրոցում աշխատելու, առավել եւս հիմա, երբ նրա մոտ շեղումներ են նկատվում»: Ա. Հովհաննիսյանն իրեն հասցեագրված շեղումները կապեց տնօրենի վերաբերմունքի հետ. «Նա մեզ «կրոլիկի» նման է պահել, ու եթե ես այսօր ունեմ շեղումներ, թող գումար հատկացնի՝ ես գնամ բուժվեմ»: Դատական նիստերին մասնակցում են դպրոցի ուսուցչական կազմի մի ստվար զանգված, նաեւ՝ ծնողներ, որոնց համար այս դատական նիստը ուրախ «թատրոնի» էր նման: Դատավորը նույնիսկ ստիպված եղավ նրանց ծիծաղի բուռն պոռթկման ժամանակ նկատողություն անել: Դատարանը մերժեց Անահիտ Հովհաննիսյանի հայցը: Լ. ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել