Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամները գինեկոլոգի չեն դիմում

Դեկտեմբեր 03,2005 00:00

Հաշմանդամները գինեկոլոգի չեն դիմում Պատճառը «կրեսլոների» անհարմարությունն է եւ բժիշկների անբարյացակամությունը Հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամները նույն գինեկոլոգիական խնդիրներն ունեն, ինչպես մյուս կանայք, սակայն նրանց բուժման կազմակերպումը ավելի դժվար է: Մեր զրուցակից երեք հաշմանդամ կանայք էլ պահանջում էին, որ Հայաստանում ստեղծվի մի հիվանդանոց, որ սպասարկի միայն հաշմանդամներին, իսկ բժիշկները մասնագիտացված կլինեն իրենց նմաններին օգնություն ցույց տալու մեջ: Տիկին Լիդան, որը վերջերս էր վիրահատվել, նշեց, որ հիվանդանոցում ոչ բժիշկները, ոչ էլ բուժանձնակազմի մյուս անդամները հաշմանդամի հետ ճիշտ վարվելու մեթոդներին չէին տիրապետում: «Օրինակ, ինձ առաջարկում էին բարձրանալ զննման աթոռին, չհասկանալով, որ հաշմանդամներիս համար դա շատ վտանգավոր է: Վիրահատությունից հետո, երբ պառկած էի բոքսում, բազմիցս խնդրում էի քույրերին եւ պահանջում, որ ինձ անընդհատ տեղաշարժեն, քանի որ սպինալ հաշմանդամի համար անընդհատ նույն դիրքով պառկելը նույնպես վտանգավոր է: Մենք գոնե 2-3 ժամը մեկ պետք է դիրքներս փոխենք: Բուժքույրերը ոչ թե չէին ուզում ինձ տեղաշարժել, այլ չէին պատկերացնում դրա կարեւորությունն ու անհրաժեշտությունը եւ միայն իմ համառության շնորհիվ ես հասա դրան»,- նշեց տիկին Լիդան: Բացի այդ, ըստ հաշմանդամների, այսօր Հայաստանում խնդիր է նաեւ գինեկոլոգի դիմելը. չկա որեւէ ծառայություն, որտեղից իրենք կարող են խորհրդատվություն ստանալ. «Չէ՞ որ կինը պետք է գոնե տարին մեկ անգամ ստուգվի: Մեզ համար հարմարություններ կան միայն Կարմիր խաչի հիվանդանոցում, իսկ այսօր այնտեղ ոչ բոլորը կարող են հայտնվել»: Նախ, առաջանում է հիվանդանոց տեղափոխելու հարցը: Եթե նույնիսկ դա հաջողվում է, հաշմանդամների հավաստիացմամբ՝ «ոչ բոլոր բժիշկներն են բարյացակամ գտնվում եւ առանց գումարի կամ զեղչով բուժօգնություն ցույց տալիս, նույնիսկ երբեմն ստիպված ենք լինում շրջել հիվանդանոցներով»: Մեր զրուցակից Լաուրա Գրիգորյանը նախանձով էր պատմում արտերկրի իրենց բախտակիցների մասին. «Մոսկվայում գործում է հաշմանդամների համար հատուկ հիվանդանոց: Կարող ես գնալ ու ցանկացած բաժնում պառկել, ոչ թե մեր պես այս ու այն դուռը ծեծես ու սպասես՝ կընդունե՞ն պետպատվերով, թե՞ ոչ: Այնտեղ գործում են նաեւ հատուկ զեղչեր հաշմանդամների համար»: Տիկին Լաուրան, ծանոթ լինելով նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող ռուս կանանց, նշեց, որ նրանք սեռական լիարժեք կյանքով են ապրում եւ հայերի նման կաշկանդված ու պարփակված չեն: Մինչդեռ Հայաստանում հատկապես մանկուց հաշմանդամները, որոնք գրեթե ոչ մեկի հետ չեն շփվում, ամաչում ու կաշկանդվում են գինեկոլոգի դիմել, եւ հետո, գինեկոլոգիական աթոռները նրանց հարմար չեն: Բժիշկների դիտարկմամբ՝ ողնաշարային խնդիրներ ունեցող հաշմանդամները սեռական հարաբերությունների ժամանակ ստիպված են միշտ հակաբեղմնավորիչներ օգտագործել, քանի որ նրանց հղիանալը հակացուցված է. «Հղիանալու դեպքում նրանց համար ծննդաբերելը կյանքի հարց կլինի: Շատ դեպքերում հղիությունն ընդհատվում է»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել