ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԲԱՆԿՈՄԱՏԸ Թոշակառուները կստանան բանկային քարտեր, բայց արդյո՞ք Հայաստանի բոլոր բնակավայրերում կամ նույնիսկ մայրաքաղաքի բոլոր շրջաններում կան բանկոմատներ: Ինչպես առողջապահության ոլորտում, այնպես էլ՝ կենսաթոշակայինում, սպասարկումն իրականացնողին գումարով կամ նվերով «շնորհակալություն» հայտնելն ընդունված ձեւ է եւ տասնամյակների ավանդույթ ունի: Առողջապահ պաշտոնյաները վաղուց արդեն ձեռքները թափ են տվել այդ հանգամանքի վրա եւ նույնիսկ երեւույթը չեն դիտարկում որպես կոռուպցիայի ձեւ: Կենսաթոշակով զբաղվող Սոցիալական ապահովության պետական հիմնադրամը փորձ է անում նոր մեխանիզմների ներմուծմամբ «շնորհակալության» չափերը հասցնել նվազագույնի: Թոշակ բաժանողների կողմից «գլխանց» գրպանվող 100-200 դրամների մասին վերջերս «Առավոտի» հրապարակումից հետո տեղեկացանք, որ Էրեբունի համայնքում, որտեղ ուսումնասիրություններ էր կատարել էրեբունցի մի երիտասարդ՝ Արթուր Կարապետյանը, աշխատանքից ազատել էին կենսաթոշակի բաշխման մի խումբ պատասխանատուների: Բայց ազատման հրամանների հեղինակ, հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի կարծիքով՝ «դա էլ ելք չէ, մարդկանց փոխելով այդ խնդիրը չի լուծվում, ժողովրդից էլ է գալիս, դա երկկողմանի պրոցես է»: «Առավոտի» հետ զրույցում նա փորձեց ներկայացնել «ելքը»՝ իրենց պատկերացմամբ. «Մենք որոշեցինք հետեւել նիդեռլանդական ING կազմակերպության փորձագետների խորհրդին եւ ներմուծել գումարի ոչ կանխիկ կամ քարտային վճարման եղանակը: Ողջ Եվրոպայում այդ մեթոդը հաջողությամբ կիրառվում է, իհարկե՝ կամավոր սկզբունքով: Եկող տարվանից նախատեսում ենք բանկերի միջեւ մրցույթ հայտարարել՝ քարտերի թողարկման եւ սպասարկման համար: Քարտով թոշակ ստանալ նախընտրողները քարտի համար գումար չեն տա՝ կստանան անվճար, հիմնադրամի հաշվին: Իսկ ավանդական, այսինքն՝ փոստատարի միջոցով բաշխումը կպահպանվի մյուսների համար»: Ճիշտ է, եթե թոշակ ստացողն ու վճարողը միմյանց հետ անմիջական կապ չունենան, այդ դեպքում գլխից էլ կպրծնենք, գլխացավից էլ: Բայց՝ «բայց» էլ կա. քարտային համակարգը մեր երկրում դանդաղ է զարգանում, բանկոմատների թիվն անբավարար է նույնիսկ մայրաքաղաքում: Ոչ կանխիկ վճարման համակարգին միացել են ոչ բոլոր կազմակերպությունները, եւ նույնիսկ այդ պարագայում բանկոմատներում շատ հաճախ հերթ է կամ՝ գումար չկա ու պետք է «սլանալ» մի քանի հարյուր մետր՝ հաջորդ բանկոմատը ստուգելու: Սա դեռ՝ կենտրոնում: Իսկ արվարձաններում նմուշի համար մի բանկոմատ հազիվ գտնվի: Էլ ավելի վատ վիճակում են մարզկենտրոնները, իսկ գյուղերում այդպիսի սարք տեսած չկան: Այսպիսով, որքանո՞վ է արդիական այս նորամուծությունը կենսաթոշակի բաշխման բնագավառում: Պարոն Խաչիկյանը երկու «մխիթարություն» ուներ. «Քարտի ստացումը կամավոր է, չկա՞՝ թող հրաժարվեն, նաեւ՝ դա բանկերի խնդիրն է, իրենք պետք է մտածեն բանկոմատների մասին, սպասարկման ցանցի ընդլայնումն իրենց է ձեռնտու»: Մի «մխիթարություն» էլ՝ արտերկրից. «Նույնիսկ զարգացած երկիր համարվող Շվեդիայում բարձրադիր գյուղեր կան, որտեղ բանկոմատ չկա, եւ փոստատարներն են գումարը տեղ հասցնում»: Ուրիշ խնդիրներ էլ կան. անկախ շահագրգռությունից, բանկի համար յուրաքանչյուր նոր գիծ բացելը նախ ներդրում է պահանջում՝ շուրջ 25 հազար դոլար, ինչին ամեն բանկ չէ, որ պատրաստ է: Բացի այդ, որքանո՞վ է թոշակառուն ապահովագրված, որ հիմնադրամից փոխանցված գումարը բանկը ժամանակին տեղ կհասցնի, ոչ թե կշրջանառի ու շահույթ կստանա, կամ էլ, որն ավելի վատ է՝ չի սնանկանա ու փակվի: «Երկու դեպքում էլ ռիսկի կրողը պետությունն է, վերահսկողությունը թող ուժեղացնի»,- խնդիրը կարճեց հիմնադրամի նախագահը: Նրա կարծիքով, նույնչափ ռիսկային է նաեւ փոստատարի միջոցով բաշխումը. «Գիտե՞ք, ինչքան են կռիվների գալիս, թե թոշակն իրենք չեն ստացել, այլ՝ իրենց տան մի ուրիշ անդամ»: Կոռուպցիայի չափերը մեղմելու նպատակով հիմնադրամը մտադիր է ներմուծել նաեւ մեկ պատուհանի գաղափարը, որպեսզի նոր թոշակավորվողը թոշակը հաշվողի հետ շփվելու հնարավորություն չունենա: Նույն նպատակին է ծառայում վերջերս աշխատանքը սկսած հեռախոսային «թեժ գիծը»: Հիմնադրամի նախագահը հույս ունի, որ թոշակառուները «գծի աղջիկներին» առանց նեղվելու կներկայացնեն այն բացասական երեւույթներն ու դրանց իրականացնողներին, որոնց մասին իրենք հաճախ տեղյակ էլ չեն կամ տեղեկանում են լրատվամիջոցներից: Կիմանան ու կկանխեն: «Դրա համար էլ հիմք ենք ընդունում նաեւ անանուն զանգերը ու անպայման ուսումնասիրում»,- ասաց պարոն Խաչիկյանը եւ խոստացավ առաջիկայում ամփոփել զանգերի արդյունքներն ու հրապարակել: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ