ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԻ ԳՆԱՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Երեկ հրավիրված հանրահավաքում ընդդիմադիրներից եւ ոչ մեկը բառ անգամ չասաց այն մասին, որ չի կատարվել 72 ժամում հանրաքվեի արդյունքները վերանայելու իրենց վերջնաժամկետը: Փոխարենն առաջարկեցին նոր քայլեր: Հանրահավաքում նախ «Հանրապետություն» կուսակցության անդամ Լեւոն Եղիազարյանը ներկայացրեց իրենց 10 ակտիվիստների հայտարարությունը. «Մենք հայտարարում ենք անժամկետ հացադուլ մեկ պահանջով՝ Ռոբերտ Քոչարյանի եւ իր վարչախմբի հեռացում: Խնդրում ենք եվրոպական երկրներին եւ ԱՄՆ-ին սատարել Հայաստանին ժողովրդավարական պետություն ստեղծելու գործում»: Սակայն անմիջապես ելույթ ունեցավ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը եւ հայտարարեց, թե ընդդիմության առաջնորդներն իրեն լիազորել են իրենց անունից ասել «Հիմա դրա ժամանակը չէ: Մենք գնահատում ենք իրենց անձնազոհությունը, բայց խնդրում ենք տղաներին հետաձգել այդ հացադուլը»: Վազգեն Մանուկյանն ասաց, որ շատերն են իրենց հարցնում, թե ինչու չեն անում վճռական գործողություններ. «Բայց ես էլ եմ զարմանում ե՛ւ ձեզ վրա, ե՛ւ մեզ վրա: Նոյեմբերի 27-ին ապտակ ստացավ ամբողջ ժողովուրդը: Այն, ինչ եղավ՝ աննախադեպ էր. ինչո՞ւ պոռթկում չեղավ, ինչո՞ւ 28-ին բոլորը չվերկացան, գնան, այդ արկղերը ջարդեն, բռնեն՝ հանձնաժողովների նախագահներին տանեն դատարան»: Ինքն էլ պատասխանեց, թե անցած տարիներին այնքան հարվածներ է ստացել ժողովուրդը, որ վրդովվում է, «բայց շատ անգամ հույս չի կապում, որ կկարողանա այս անգամ մի բան անել»: ԱԺՄ ղեկավարը շարունակեց. «Գալիս-ասում են՝ գնանք Բաղրամյանը փակենք: Փակելո՛ւ ենք, բայց այսօր այդ օրը չէ: Մի կարեւոր խնդիր պիտի լուծվի մեր մեջ: Ամբողջ ժողովուրդն այս երեւույթի նկատմամբ պետք է դրսեւորի անհանդուրժողականություն: Պետք է կազմակերպվի: Պետք է իշխանությունները հալումաշ լինելով՝ դառնան ազգային փոքրամասնություն, շեղվեն, օրենքից դուրս լինեն»: Վ. Մանուկյանն ընդգծեց, թե նոր պայմաններում պահանջվում են կազմակերպական նոր ձեւեր. «Մոտ ժամանակներս ամբողջ ընդդիմությամբ հավաքվելով՝ ներգրավելու ենք հասարակության տարբեր ուժեր, ստեղծելու մարմիններ, որոնք կառաջնորդեն մեզ այս ճանապարհով»: Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն առավել մանրամասնեց իրենց ծրագրերը: Նախ՝ ընդդիմությունը «որ կարողանա օպտիմալ որոշումներ կայացնել ու իրականացնել՝ պետք է ձեւավորի մի մարմին»: Եվ այդ նպատակով մինչեւ հաջորդ ուրբաթ Կինոյի տան դահլիճում տեղի կունենա քաղաքացիների բաց վեհաժողով: Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ ընդդիմությունն արդեն իսկ ամբողջ Հայաստանով մեկ սկսել է հավաքել հանրաքվեին չմասնակցած ընտրողների ստորագրությունները. «Կան երեք տեղամասեր, որոնք մենք ամբողջությամբ «սանրելով» անցնելու ենք՝ յուրաքանչյուր տուն առ տուն: Բայց հիմա, ելնելով իշխանությունների՝ մեր գործողություններին ամեն կերպ հետամուտ լինելուց, չենք հայտարարում այդ տեղամասերի անունները»: Հանրահավաքում ասվեց, որ ժողովրդին բաժանելու են հատուկ ձեւաթերթեր, որտեղ նրանք պետք է նշեն՝ արդյոք մասնակցե՞լ են հանրաքվեին: Նաեւ խոստացվեց, թե կեղծարարների անունները փակցնելու են շենքերի պատերին, «որ ժողովուրդը նրանց լավ իմանա»: «Հանրապետության» ղեկավարը հայտնեց. «Ընդդիմությունը տեղի ունեցած բոլոր բռնարարքների կապակցությամբ ու նաեւ՝ քաղաքական գնահատականներով՝ դիմել է բազմաթիվ դատարաններ: Հավատացնում եմ՝ հույս չունենք, թե դատարաններն այդ խնդիրներին կարող են լուծումներ տալ»: Ըստ ամենայնի՝ չստացված հեղափոխության կամ ապստամբության պատճառով ընդդիմությունն այժմ փորձում է գնալ իրավական ճանապարհով: Սակայն Արամ Սարգսյանը հիշեցրեց ժողովրդավարական հեղափոխությունները. «Վրաստանի հեղափոխությունը տեւեց 28 օր: Եվ 28 օր մարդիկ մնացին, պերմանենտ հանրահավաքներ արեցին: Էլ չեմ խոսում Ուկրաինայի մասին, որ ավելի ցուրտ պայմաններում 1,5 ամիս մնացին հրապարակում»: Այս զուգահեռներից հետո նա հայտարարեց, թե նոյեմբերի 27-28-ին հանրահավաքներ անելով «անհնար է անել իշխանափոխություն: Ես վստահեցնում եմ՝ այդ տարբերակն ունեցել ենք, եւ դրա արդյունքը եղել է ապրիլի 12-ը»: Արամ Սարգսյանը հայտնեց իր ցանկությունը, որ պայքարը տարվի «սառը, տրամաբանված, առանց անհարկի ցնցումների»: Եվ խնդրեց՝ «Ամեն անգամ, երբ կանչում ենք հանրահավաքի՝ եկե՛ք: Ու թող այս հանրահավաքներն, Աստծո կամոք, միշտ հաջորդը լինի նախորդից ավելին: Այդ խնդրանքները շատ չեն լինելու: Մեզ պետք է կարճ ժամանակ՝ կազմակերպչական գործերն անելու: Եվ խնդրում եմ, որ հաջորդ հանրահավաքը չհամարեք շատ ուշացած»: «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ելույթում հայտարարեց. «Տեսնում ենք, որ ժողովուրդը չի վախենում, ընդդիմությունը վճռական է: Միասնաբար մենք այս գործընթացը հասցնելու ենք իր ավարտին: Կոչ ենք անում քաղաքացիական արիության՝ միասնաբար պայքարելու հանուն ժողովրդավարության եւ օրինական իշխանության հաստատման»: Ընթերցվեց «18+8»-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր. «Հանուն Հայաստանի պետականության արժանապատիվ գոյության, միջազգային վարկի եւ քաղաքացիների անվտանգության ու բարօրության՝ միավորված ընդդիմությունը նախաձեռնում է ժողովրդական, քաղաքացիական շարժում ընդդեմ բռնապետության: Եվ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել այդ շարժմանը, ինչի համար նախեւառաջ անհրաժեշտ է տեղերում ստեղծել քաղաքացիական շարժման կառույցներ»: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն իր ելույթում ասում էր, թե հաղթանակի հասնելն ամենեւին անհույս չէ, ուղղակի պետք է հավաքվեն 150 հազար հոգի, եւ նրանց գոնե կեսը պետք է լինեն երիտասարդներ: Իսկ որքա՞ն էին հավաքվել երեկ՝ մեր այս հարցին Վազգեն Մանուկյանը կեսկատակ պատասխանեց. «Ակնհայտ է, որ 150 հազարից քիչ են»: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժ. 16-ին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ