Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանները զայրացած ու զարմացած են

Դեկտեմբեր 03,2005 00:00

Դեսպանները զայրացած ու զարմացած են Երեկ առավոտյան Հայաստանում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպանատանը ընդդիմադիրները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների բոլոր 9 դեսպաններին: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհդի նախագահ Արամ Սարգսյանը մեզ հայտնեց, որ հանդիպումը տեղի է ունեցել դեսպանների նախաձեռնությամբ, եւ հրավիրվել են ՀԺԿ, «Հանրապետություն», ԱԺՄ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարները: Զրույցը հիմնականում ընթացել է սահմանադրական հանրաքվեի եւ դրան հաջորդող գործընթացների շուրջ: «Պիտի ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի բաց քվեարկելն իրենց համար էլ էր առաջացրել շոկային տրամադրություն,- պատմեց պրն Սարգսյանը:- Եվ ես նույնիսկ հարց տվեցի, թե ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ, եթե ձեր երկրի նախագահը քվեարկեր բաց: Պատասխան չհետեւեց»: Նրա հավաստիացմամբ, Եվրամիության երկրների բոլոր դեսպաններն էլ ընդունում են, որ հանրաքվեի ժամանակ իրականացվել են ակնհայտ խախտումներ: Ըստ Արամ Սարգսյանի՝ նրանք խախտումների վերաբերյալ ավելի լուրջ փաստեր ունեին, քան անգամ ընդդիմադիրները: Սակայն առաջարկել են ընդդիմության տրամադրության ներքո առկա փաստերը, արդյունքների բողոքարկումը տեղափոխել իրավական դաշտ: Ընդդիմադիրները հակափաստարկ են ներկայացրել, թե ընտրական հանձնաժողովների անդամ են նաեւ դատավորները: «Մենք ասացինք, որ 125 բողոք ունենք, եւ այդ քանակն առավել է ավելանալու: Ներկայացրինք, որ քարոզարշավի շրջանում այդ բողոքները դատարաններն ընդհանրապես չէին վերցնում քննության, եւ դա է պատճառներից մեկը, որ մենք հայտարարեցինք բոյկոտ,- պատմեց «Հանրապետության» ղեկավարը:- Նաեւ ասացինք, որ դատավորների ներկայացուցիչը ԿԸՀ-ում ստորագրել է այն փաստաթղթի ներքո, որն իրենք համարում են ուռճացված: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի իրենց դիմելը: Եվ այս փաստարկի դեմ էլ նրանք ոչինչ չունեին ասելու»: Արամ Սարգսյանը նաեւ ասաց, որ դեսպանները զարմացած էին այն իրողությունից, որ խոչընդոտվում են ընդդիմության երթերն ու հանրահավաքները. «Եվ առավել հետաքրքրված էին այս համատեքստում օգնելու, օժանդակելու հարցերով»: «Հանրապետության» ղեկավարը ե՛ւ մեր զրույցի ընթացքում, ե՛ւ հետո ելույթում նշեց. «Ես, որ բազմիցս հանդիպել եմ այդ դեսպաններին, երբե՛ք նրանց չէի տեսել այսքան զարմացած ու զայրացած: Ավելի էմոցիոնալ էին, եւ բառապաշարը դիվանագիտականից երբեմն դուրս էր գալիս»: Իսկ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը հանրահավաքի ընթացքում հավելեց, թե դեսպաններն այս ամենի մասին իրենց կարծիքը թերեւս ներկայացնեն հայտարարությամբ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել