Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը՝ դավաճա՞ն

Դեկտեմբեր 03,2005 00:00

Քոչարյանը՝ դավաճա՞ն «Քոչարյանը դավաճանում է Ռուսաստանին». այսպիսի աղմկոտ վերնագրով հոդված է տպագրել երեկ մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը, հաղորդում է «Ռադիոլուրը»: Ըստ այդմ, թերթի նման հետեւության հիմք է ծառայել հաղորդագրությունն այն մասին, որ մոտ ժամանակներս Միխայիլ Սահակաշվիլին կարող է Ռ. Քոչարյանի հրավերով մասնավոր այցով ժամանել Հայաստան: ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է Սահակաշվիլու այցի նախապատրաստման փաստը՝ նշելով, որ դրա հստակ ժամկետը եւ ձեւաչափը դեռեւս ճշտվում են: «Մոսկվայում Սահակաշվիլու եւ Քոչարյանի միջեւ ծագող ընկերությանն արձագանքել են որոշակի լարվածությամբ: Ռուս փորձագետներն առաջին հերթին նշում են Վրաստանի եւ Հայաստանի առաջին դեմքերի հանդիպումների «ոչ պաշտոնական» բնույթը, որոնք բավականին հաճախակի են դարձել 2003 թվականի թբիլիսյան վարդերի հեղափոխությունից հետո: Վերջին մեկուկես տարվա ընթացքում նման պաշտոնական եւ ոչ պաշտոնական առնվազն 2-3 հանդիպումներ տեղի են ունեցել Վրաստանում եւ մեկը՝ Երեւանում»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովն այս կապակցությամբ հայտարարել է, որ «Հայաստանի՝ դեպի Արեւմուտք վերակողմնորոշվելու վտանգն իսկապես գոյություն ունի»: «Այս առումով մտահոգում է այն, որ մինչ այժմ համարվում էր, թե Հայաստանը Ռուսաստանի ոչ միայն ամենահուսալի, այլեւ միակ ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: Հենց այս երկիր է տեղափոխվում Վրաստանում ռուսական ռազմակայանների սպառազինությունների զգալի մասը, ինչն էականորեն ուժեղացնում է նաեւ Հայաստանի պաշտպանական ներուժը: Բացի այդ, ոչ շատ վաղուց Ռուսաստանը ներել է Հայաստանի բազմամիլիոնանոց պարտքերը, ձեռնամուխ է եղել հայկական էներգետիկայի, տնտեսության այլ ոլորտների վերականգնմանը: Եվ հիմա բացահայտ թշնամական Վրաստանի հետ մերձեցումը, ըստ էության, հարված է տարածաշրջանում ռուսաստանյան շահերին»,- ասել է Մարկեդոնովը: «Վրաստանի կողմ Հայաստանի շրջվելու հնարավորության» վտանգի մասին խոսել է նաեւ Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Մակարկինը՝ նշելով, որ «եթե Քոչարյանը որեւէ իրական քայլ ձեռնարկի այդ ուղղությամբ, դա լուրջ հարված կհասցնի տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերին»: Մեկնաբանելով վերը ասվածը՝ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վ. Սողոմոնյանն ասել է, որ ցանկացած տեսակետ, դատողություն եւ վերլուծություն գոյության իրավունք ունեն: «Սակայն եթե շարժվենք նման տրամաբանությամբ, կարելի է հասնել չգիտես, թե ուր: Չէ՞ որ մենք չենք խոսում եւ, հուսով եմ, երբեք չենք խոսի այն մասին, որ Ռուսաստանի նախագահը շատ է ընկերացել Ադրբեջանի նախագահի հետ»,- հակադրել է խոսնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել