Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂ ՏՎԵՔ՝ ԱՇԽԱՏԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ

Դեկտեմբեր 03,2005 00:00

Սա է ծանրամարտի մեր մարզիչների մեծամասնության դավանանքը

Ծանրամարտը մեր հենակետային մարզաձեւերի շարքում միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունքի է արժանացել եւ, ինչպես երեւում է, շարունակելու է արժանանալ:

Պետությունը, ՀԱՕԿ-ը ազգային ֆեդերացիաներին ֆինանսավորելիս ունեցած հնարավորությունների առավելագույն բաժինը տրամադրել են հենց այս մարզաձեւին, եթե չասենք՝ մի բան էլ ավելի: Սակայն, ինչպես երեկ մրցաշրջան-2005-ում մարզական արդյունքների առումով կազմակերպված քննարկման ժամանակ պարզվեց, արվածի փոխհատուցումը ամենեւին էլ համարժեք չէ: Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ սպորտպետկոմը ձեռնամուխ է եղել անցնող տարում ըստ մարզաձեւերի ունեցած արդյունքների քննարկմանը:

Երեկ ծանրորդների հաշվետվության օրն էր: Սակայն մարզաձեւի պատասխանատուների, տվյալ դեպքում՝ մարզիչների պահվածքը, կարելի է ասել, ավելի շատ ամոթի զգացմունք ու զայրույթ առաջացրին: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանը ըստ էության բան չուներ ասելու, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ իր ընտրած ծանրորդներն այս տարվա գլխավոր ստուգատեսում՝ աշխարհի առաջնությունում, հերթական անգամ տապալվեցին: Ժողովուրդն ասում է. «Եթե մի բան ի վիճակի չես անելու, արդարանալու հազար ու մի պատճառ կարող ես գտնել»: Այսպես ասում ենք, որովհետեւ Չինաստան՝ աշխարհի առաջնություն մեկնելու նախօրեին տողերիս հեղինակը գլխավոր մարզչի հետ զրույցի ժամանակ «հազար» անգամ խնդրելով համոզում էր՝ խոսել նախապատրաստության ընթացքում պետական կառույցի, օլիմպիական կոմիտեի հնարավոր թերացումների մասին, որոնք խանգարող հանգամանք կարող էին լինել արդյունքների հարցում: Դա անում էինք այն բանի համար, որպեսզի, Աստված չանի, եթե ձախողումներ լինեին, այսօր հանիրավի մեղադրանքներ չհնչեին նրանց հասցեին: Բայց Ռ. Հովհաննիսյանն այն ժամանակ ոչ միայն բողոք չուներ, այլեւ արվածի դիմաց մեդալների հույս էր փայփայում:

Մասնագիտական շահագրգիռ քննարկում-վերլուծություն այդպես էլ գրեթե չեղավ, որովհետեւ ազգային հավաքականում աշխատանքի խելամիտ կազմակերպում չի էլ եղել: Գրեթե բոլոր ելույթ ունեցողների, ովքեր մարզաձեւի այսօրվա վիճակի համար ժողովրդի ու պետության առջեւ անմիջական պատասխանատուներն են, ուղեղներում միայն մի բան էր՝ փողը: Ստացվում է, որ նրանց ինչքան էլ տաս, միեւնույն է՝ քիչ է, որի դիմաց ոչ միայն մեդալի համար չարչարվելն է ձրի աշխատանքին համարժեք, այլեւ արդյունք չտալու համար մի բան էլ պետք է շնորհակալություն հայտնել: Հայաստանի ներկայիս պայմաններում առաջատար ծանրորդներին ամսական 245-250 հազարական, իսկ մարզիչներին, ովքեր, որպես կանոն, նրանց ծնողներն են, տրվող 100 հազարական դրամը, դրան գումարած՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մեդալ նվաճելու համար տրվող դրամական խրախուսանքները, անհրաժեշտության դեպքում նաեւ բնակարանները, այլեւս «միզեր» են: Այս մտածելակերպը հատկապես վրդովեցրեց Գագիկ Ծառուկյանին, որը ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնն ստանձնելով՝ իր առջեւ Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի պետական դրոշը բարձրացնելու, մեր օրհներգը հնչեցնելու լուրջ նպատակ է դրել, ու դրա համար ոչինչ չի խնայում նաեւ իր անձնական միջոցներից: Սակայն երեկ շատերի համար պարզվեց նաեւ, որ կարելի է նրանից ու ֆեդերացիայի նախագահից հազար ու մի պատրվակով բավականին մեծ գումարներ կորզել ու հետո հրաժարվել տրված խոստումներից: Երբ արդեն բանը հասավ աբսուրդի, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Շահեն Հովասափյանը, որ մինչ այդ ունկնդրողի դերում էր, դիմելով մարզիչներին՝ բարձրաձայնեց. «Սա ի՞նչ է՝ փողի բազար, թե՞ մարզաձեւի խնդիրների քննարկում»:

Օլիմպիական չեմպիոն, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Օգսեն Միրզոյանը, խոսելով պաշտոնական պատասխանատու մրցումների մասին, զայրույթով փաստեց, որ մեր մարզիչները հաճախ մարզաձեւի խոհանոցից անտեղյակ նորեկի տպավորություն են թողնում, որից տուժում են նախ եւ առաջ ծանրորդները: Նա բերեց օրինակներ, երբ մեծահասակների ազգային հավաքականի մարզիչների մեղքով այս կամ այն ծանրորդը հանիրավի տուժել է մրցման ժամանակ կամ չի ընդգրկվել հավաքական: Ու խիստ հարցադրում արեց. «Դա դիտավորությո՞ւն է, թե՞ գիտելիքների ու հմտությունների պակաս»:

Այդուհանդերձ, ի դեմս Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականների ավագ մարզիչ Աշոտ Մխիթարյանի, ծանրամարտի հայկական դպրոցն անցնող տարում շոշափելի հաջողություններ էլ է ունեցել այդ տարիքային խմբերի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում: Այս իրողությունն արձանագրեցին բոլոր ներկաները: Մասնավորապես, մարզաձեւի վետերան ու երախտավոր Արսեն Գալոյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է հիմա ուշադրությունը կենտրոնացնել մեր պատանիների ու երիտասարդների վրա, որոնք մեր վաղվա օրն են: Իսկ սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանն անհամեմատ կտրուկ էր: Նա առաջարկեց, որպեսզի ֆեդերացիան վերանայի ինչպես մարզական խորհրդի, այնպես էլ ազգային հավաքականի կազմը:

Քննարկումն ավարտվեց առանց մարզական լրագրողների ներկայության: Այդպես ցանկացան մարզիչները: Վերջում տեղեկացանք, որ որոշվել է մարզաձեւի պատանեկան ու երիտասարդական հավաքականների 2005 թվականին ունեցած մրցելույթները գնահատել բավարար, իսկ ազգայինինը՝ անբավարար: Բայց քանի որ ազգային հավաքականի մարզիչներն այս անգամ կոնկրետ խոստումներ են տվել, որոշվել է նաեւ նրանց որպես շանս ժամանակ տալ մինչեւ 2006-ի փետրվար ամսին կայանալիք Եվրոպայի առաջնություն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել