Վստահեցնում է տեղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Միքայել Կոտոյանը
Այսօր Ազգային օպերային թատրոնում կկայանա Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումների վերջին ակորդը: Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի եւ ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի մտահղացմամբ, առաջին անգամ հանրապետության տարբեր թատրոնների արտիստներ նույն բեմում կներկայացնեն մաթեւոսյանական հերոսներին:
Նշենք, որ Հ. Մաթեւոսյանի երկերին առայսօր անդրադարձել են Երեւանի դրամատիկական («Աշնան արեւ», «Չեզոք գոտի») եւ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնները (ըստ «Բեռնաձիերը» պատմվածաշարի՝ «Ալխո»):
Հանդիպեցինք վերջինիս գեղարվեստական ղեկավար Միքայել Կոտոյանին: Ի տարբերություն «Առավոտի» հետ զրուցած մարզային այլ թատրոնների ղեկավարների, պարոն Կոտոյանի կարծիքով՝ արդեն անցնում է շոուների ժամանակը. «Հանդիսատեսը հոգնել է դրանցից: Խոսքս, իհարկե, ցածրակարգ շոուների մասին է: Դրամատիկական թատրոններն այսօր լուրջ, ծանրակշիռ խոսք ունեն ասելու»: Հարցին, թե ինչպե՞ս կհիմնավորի ասածը, ռեժիսորը բերեց իր ղեկավարած թատրոնի օրինակը. «2004-ի վերջում 22 օր խաղացինք Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետը», բոլոր օրերին դահլիճը լեփ-լեցուն էր: Համարյա նույն ժամանակահատվածում ինձ անընդհատ ասում էին թեթեւ բան բեմադրի՝ կատակերգություն: Մեզ մոտ բեմադրվեց Աղասի Այվազյանի «Դիպլիբիտոն»: Ու պատկերացրեք, այդ թեթեւ ներկայացումը խաղացինք շատ քիչ՝ հանդիսատես չունենալու պատճառով: Արդյոք սա չի՞ ասում, որ պահանջ ու կարիք կա բարձրարվեստ գործերի, իհարկե՝ բարձրակարգ մեկնաբանմամբ»: Պարոն Կոտոյանը գտնում է, որ մարզային թատրոնները հաճախ պետք է հանդես գան մայրաքաղաքում եւ ոչ միայն. «Ցանկություն կա արած գործը ստուգել տարբեր հանդիսատեսների միջոցով: Գոնե առանձին ներկայացումներով, վստահ եմ, որ չենք զիջում մյուս թատրոններին: Կային ժամանակներ, երբ հայաստանյան թատերական կյանքը մեկ ընթացքի մեջ էր: Հիմա կղզիացած պահ կա»: Երեւանում հաճախ հանդես չգալու պատճառը, ռեժիսորի խոսքերով՝ «արենդայի վճարն է»: Ասենք, որ պարոն Կոտոյանի խորին համոզմամբ, դա պետք է չվերաբերի մարզային թատրոններին:
Մեր զրուցակիցը համաձայնեց «Առավոտի» էջերում մարզային թատրոնների իր կոլեգաների այն մտքին, որ, իհարկե, մարզային թատրոններում խաղացանկը հնարավորինս հաճախ պետք է փոխվի՝ կապված բնակչության փոքր թվի հետ:
Մեր դիտարկմանը, թե Վանաձորի թատրոնում կրքերը կարծես հանդարտ են ու թվում է, թե առանց բարդույթների են ապրում, պարոն Կոտոյանը հայտնեց, որ առանց դժվարությունների ոչինչ չի ծնվում. «Մեր թատրոնում կրքերն արտահայտում ենք բեմում: Արդեն նշեցի բազմաժանր ու հարուստ խաղացանկ ունենալու մասին: Մտադիր ենք 2006-ին պետպատվերի շրջանակում իրականացնել Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»: Դերասանական ողջ կազմը՝ 32 դերասան, տեղաբնակ է, իհարկե, շնորհիվ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի մասնաճյուղի: Հավատացնում եմ, արտառոց ոչինչ իմ ղեկավարած շրջանում չի եղել: Տեղեկացնեմ, որ կառավարության հաստատած 2006-ի բյուջեով վերջապես Վանաձորի թատրոնը կվերազինվի նորագույն տեխնիկայով (լույսեր, հնչյունային վահանակ եւ այլն), որը, եթե չեմ սխալվում, կազմում է մոտ 32 մլն դրամ»:
Սովորաբար մշակույթի այս կամ այն օջախների ղեկավարները դժվարությամբ ու դժկամությամբ են արտահայտվում իրենց կուլիսային խոսակցությունների մասին: Մեր այն դիտարկմանը, որ եթե ամեն ինչ լավ է, ինչո՞ւ հանդիսատեսը չի ճանաչում մերօրյա դերասաններին, այլ գիտի արդեն կյանքին հրաժեշտ տված, միայն էկրանից ծանոթ հայ մեծանուն դերասաններին, Մ. Կոտոյանը պատասխանեց. «Նայենք մեր շուրջը: Ամեն ինչ նյութականացվել է, արհամարհված է բեմից հնչող գեղեցիկ հայերեն խոսքը, իսկ արվեստագետներին բնորոշ ռոմանտիկան դարձել է պատմություն: Գուցե այս ամենը գալիս է մեր ժամանակների՞ց…»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ