Այս տարի լրանում է Արամոյի բեմական գործունեության 20 տարին
1985-ից նա Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած պետական էստրադային ջազային անսամբլի մեներգիչ էր: Ինչպիսի՞ն կուզենար տեսնել հայկական էստրադան հարցին երգիչը պատասխանեց. «Պրոֆեսիոնալ, ինչը ցավոք այդպես չէ: Այսօր աղբը շատ է հեռուստաէկրանին: Շատ երգիչ-երգչուհիներ բեմն ու փողոցը չեն տարբերում: Երեւի տասը մատը շատ լինի, եթե թվարկեմ նրանց, ովքեր նվիրյալ են եւ փորձում են անել այն, ինչ տված է ի վերուստ: Համարյա բոլոր հեռուստաընկերությունները եթեր տրամադրելիս կոմերցիոն նպատակ են հետապնդում: Այդ է պատճառը, որ 4 կգ գաջ, մի այդքան էլ կարմիր ներկ երեսին քսած մեկին, որի ո՛չ շեշտադրումը, ո՛չ արտաբերումը հայեցի չէ, կարելի է տեսնել եթերում: Նա հայրենիք ու սեր է երգում, աղճատելով դրանց էությունը: Անտրամաբանական տեքստերով են եթեր մտնում, օտար երաժշտությամբ ջան-ջիգյարների տեղատարափ է, որը եւ տխուր է, եւ ծիծաղելի»:
Ըստ Արամոյի, նախկինում նույնիսկ ռեստորաններում հնչող երաժշտությունը թույլատրում էր գեղխորհուրդ կոչվող կառույցը: «Հիմա եթե չեն էլ կարող որեւէ մարմին ստեղծել՝ մատուցվողը աղբից զտելու համար, գոնե մեկ-երկու պետական հեռուստաընկերություններ պահեն որակը: Չգիտեմ, թե դա ինչպես պիտի արվի: Համապատասխան մարդիկ կան, թող մտածեն»,- անհանգստացած է երգիչը: Ըստ նրա՝ իզուր են թերագնահատում ԱԼՄ-ով երգողներին՝ ինչ տեսնում են, այն երգում են: «ԱԼՄ-ում երեխաներ եմ տեսել ու զարմացել. աստվածատուր շնորհ ունեն, ուղղակի մոտեցման ձեւն է սխալ: Բազմաթիվ են այսօր շերտերը եւ շատ մարդիկ չեն կարող դրանք զատել: Արդյունքում՝ վաղն ունենալու ենք անճաշակ ու իր տգիտությամբ խեղճ հանդիսատես: Թող զգոն լինեն եւ մտածեն, որ դատարկ հիմքի վրա ստեղծված շինության համար ընդամենը մի թեթեւ քամի է պետք»,- ասաց Արամոն:
Երգիչը փաստեց, որ այսօր մեր հայտնի կոմպոզիտորների հիանալի ստեղծագործությունները հաճախ աղավաղում են, ու հարկ է անհանգստանալ հատկապես հանրապետության շրջանները ողողած երգիչ-երգչուհիների գործունեությամբ: «Միջակությունը միշտ արագ է հասնում ամեն տեղ: Այն թունավոր սնկի պես մի բան է: Մարզերը ողողված են ինքնակոչ երգիչներով: Հիմա դրան ասում են շոու-բիզնես: Չկա մեզ մոտ այդպիսի բան: 86-ին կարող էր լինել: Մոսկվայում եղավ՝ եւ ճիշտ հիմքերի վրա: Մեզ մոտ չկա եւ չի կարող լինել: Այստեղ քավոր-սանիկի հարաբերություն է»,- ասաց սիրված երգիչը:
Էմման, որ զրույցի ողջ ընթացքում լսողի դերում էր, ասվածին ավելացրեց. «Ինչ ժամանակներ էլ որ ապրենք, բեմը միշտ բեմ է: Իսկ բեմի հանդեպ հարգանքը այսօր մորթված է: Անարդար բաները միշտ կան ու լինելու են: Սակայն ցավ ես ապրում, որ կյանքդ նվիրելով արվեստին, որը քեզ համար ամենաբարձրն է Աստծուց հետո, այն տրորված ես տեսնում ցեխի մեջ: Այդ ժամանակ է, որ դառնում ես անօգնական»:
Շուտով լույս կտեսնի Էմմայի եւ Արամոյի անհատական համերգների (իսկ դրանք արդեն 5-ն են) DVD-ն:
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ