Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Դեկտեմբեր 03,2005 00:00

«Ես ավելի եմ կնքված, քան ուրիշ հայեր, քանի որ լողացել եմ Արածանիի ջրերում, քնել Վանա լճի ափին»,- ասում է 54-ամյա գիտնական, ԵՊՀ նախկին դասախոս Քեթի Գունդակչյանը:

Նա Արեւմտյան Հայաստան գնում է որպես թարգմանիչ ու ամեն անգամ իր հետ մի նորություն է բերում՝ լուսանկարներ, հետաքրքիր պատմություններ: Այս տարի էլ բացառիկ նկարահանումներ է կատարել, բայց հովանավոր է պետք դրանք ֆիլմ դարձնելու համար:

«Առաջին տպավորությունը Թուրքիա մտնելիս այն է, որ մի հզոր տերություն ես մտել: Դա նույնիսկ ճանապարհներից է երեւում»,- պատմեց Քեթին:

Նա լավ գիտե թուրքերեն, ուստի մաքսատանը եւ, ընդհանրապես, թուրքերի շրջապատում համարյա խնդիրներ չի ունենում: Ինչպես ինքն է ասում՝ թուրքերը լավ են վերաբերվում իրենց մայրենի լեզվով խոսողներին: Քեթին ասաց, որ հաճախ ստիպված են թուրքերին խաբել, թե ընտանիքով եկել են իրենց պապերի հայրենիքը տեսնելու: Իսկ որ հայեր են՝ թաքցնել չեն կարող:

Նա եղել է Վանա լճի շրջակայքում, տեսել Կարսի հսկայական բերդը, Վարագա լեռնաշղթան, Աղթամարը, Անին, Բայազետը, Մուշը, դեռ չի եղել հոր ծննդավայրում՝ Զեյթունում: «Ոչ սիրտս, ոչ գլուխս այս հողերը չի ընդունում որպես Թուրքիա»,- ասում է Ք. Գունդակչյանը: Նա հիշեց, որ դրանք նկարելիս երբեմն ձեռքերը դողացել են, լաց է եղել: «Հայաստանը շագրենու կաշվի նման փոքրացել է: Պետք է մտածենք այլեւս չտալու, այլ միայն վերցնելու մասին»,- կարծում է Քեթին:

Գիտնականը ոչ միայն ինքը սովորելու փափագ ունի, այլեւ ցանկանում է իր տեսածով ու սովորածով կիսվել երիտասարդների հետ: Նա որոշել է Արեւմտյան Հայաստանից բերած բոլոր նկարները, ցուցանակները դարձնել պաստառներ եւ օգտագործել համապատասխան դասընթացների ժամանակ: Բայց այս գործն էլ է հովանավոր պահանջում:

Քեթի Գունդակչյանի պատմություններն անսպառ են: Նա պատմում է իր արկածներից, Արեւմտյան Հայաստանում ապրող հայերից, այնտեղ գտնվող հուշարձանների ներկա վիճակից: «Արեւմտյան Հայաստանում ապրող մեր հայրենակիցները չեն ուզում վերադառնալ Հայաստան: Նույնիսկ սկզբում չեն էլ խոստովանում, որ հայ են, վախենում են: Միայն բարեկամանալուց հետո են ասում իրենց իսկական ազգությունը»,- պատմեց Քեթին:

Քեթիին ու իր խմբին Թուրքիայում 11 անգամ տարել են ռազմական ոստիկանություն: Ամեն անգամ ինչ-որ բան նկարելու թույլտվություն ստանալու համար էլ ստիպված է եղել պատմել իր 104 տարեկան տատիկի մասին հորինովի պատմությունը. իբր նա մահացել է աչքերը բաց, եւ տերտերն ասել է, որ աչքը մնացել է հայրենի գյուղի ճանապարհին: Դրա համար էլ պետք է նկարի, որ տանի, տերտերն աղոթի: Այս պատմությունից հետո թուրքերն ու քրդերը էլ չեն առարկում: Ք. Գունդակչյանը գործի բերումով ձմռանը նորից է գնալու Արեւմտյան Հայաստան: Նա անսահման լավատես է, հաշվարկել է, որ մոտավորապես 2008-ին մեծ հայրենադարձություն է սպասվում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել