Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՐՈՄԵԹԵՎՍԸ» ԿՐԱԿ ՉԻ ՏԱԼԻՍ

Դեկտեմբեր 03,2005 00:00

Ստեփանավան քաղաքի թաղամասերից մեկը կոչվում է «Պրոմեթեւս»: Այն ստեղծվել է 1988-ի երկրաշարժից հետո՝ խորհրդային հանրապետություններից Ստեփանավան օգնության եկած շինարարների համար:

Դոմիկի պատերն են պոկում, որ վառեն

Տեղադրված վագոն-տնակներն ընդամենը պետք է ծառայեին որպես ժամանակավոր կացարան: Դրանց պիտանելիության ժամկետը 2 տարի է: Հետագայում, սակայն, դրանք բնակեցվեցին փախստականներով, հետո նրանց մեծ մասը լքեց Հայաստանը, իսկ այդ թաղամասը դարձավ քաղաքի ամենաաղքատ խավի հանգրվանը: Արդեն 17 տարի է՝ այս 8 մետրանոց վագոն-տնակները բազմազավակ շատ ընտանիքների միակ օթեւանն են: Անցյալ տարիներին մի շարք կազմակերպությունների աջակցությամբ մի քանի ընտանիք բնակարան ստացավ եւ տեղափոխվեց: Մյուսները, իսկ դրանց թիվը հասնում է 30-ի, շարունակում են ապրել այստեղ:

Ստեփանավանում ձմեռը սկսվում է նոյեմբերից: Նոյեմբերի 29-ին «Պրոմեթեւսի» 30 տնակներից միայն մեկի երդիկից էր ծուխ դուրս գալիս: Տնակի տերը Նելլի Պապյանն է: Նա իր 3 անչափահաս երեխաների հետ արդեն 9 տարի ապրում է այս տնակում:

«Էլ ճար չունեի, ես իմ կնիկ հալով ծառն եմ բարձրացել ու էս ճյուղերը կտրել, որ հանկարծ բռնեին՝ հաստատ վերջս լավ չէր լինի: Էնքան անխիղճ են, անգամ ցախի համար են բռնում, մարդ վախենում է անտառ գնա: Իսկ ես ուրիշ ճար չունեմ, էլ շոր ու կոշիկ չի մնացել, սաղ վառել եմ»,- ասում է Նելլին: Նելլի Պապյանին թաղամասում բոլորը ճանաչում են որպես ամենազարգացած մարդու: Նա այստեղ միակն է, ով բարձրագույն կրթություն ունի: «Ֆիզկուլտ ինստիտուտն եմ ավարտել, աշխատել եմ դպրոցում, ինձ բոլորը միշտ սիրել ու հարգել են, իսկ այսօր աղքատությունն ինձ այս թաղամասն է բերել: Երեխաներիս հետ օր ու գիշեր աշխատում եմ, որ սովից չմեռնենք»,- ասում է Նելլին:

Նրա երեխաներից եւ ոչ մեկը դպրոց չի գնում, ստիպված են եղել թողնել ուսումը աշխատելու եւ ընտանիքի գոյությունը պահպանելու համար: Հիմա էլ նրանցից յուրաքանչյուրն անում է ձեռքն ընկած աշխատանքը:

Նելլիի հարեւանությամբ ապրում է Գոհար Մուրադյանն իր 4 երեխաների հետ: Նա արդեն 13-րդ ձմեռն է դիմավորելու վագոն-տնակում: Գոհարի տղաներից մեկի՝ չորսամյա Արսենի հետ կատարված իրադարձությունը թաղամասի բնակիչները հրաշք են համարում:

«Ամուսին ունեմ, բայց չեղածի հաշիվ ա, տուն գրեթե չի գալիս, երեխեքի հոգսը ես եմ տանում: Ամենադժվարը ձմեռն ա, երեխեքը սառըմ են, տաքանալ են ուզըմ: Ես էլ ստիպված, որ չէի կարըմ անտառ գնամ, դոմիկի պատերն էի պոկում ու վառում»,- պատմում է Գոհարը:

Այսպես, մինչ նա երեխաներին տաքացնելու միջոցներ է ձեռնարկում, տնակը խարխլվում է, ու մի օր էլ գիշերը տանիքը փլվում է՝ այն ժամանակ դեռ 2 տարեկան Արսենի վրա: Երեխային, բարեբախտաբար, ոչինչ չի պատահում, իսկ Գոհարը տեղափոխվում է դատարկ մնացած կողքի տնակը: «Հո դռանը չտեի մնամ, մի դոմիկ կար մեր կողքը, մեջը ապրող չկար, զամոկը ջարդեցի, վեշերս տեղափոխեցի ու էս երկու տարի ա ըստեղ եմ ապրում»,- ասում է Գոհարը եւ ավելացնում, որ նույն ճակատագրին է արժանանում նաեւ նոր տնակը. այս ձմեռ էլ նրանք տաքանալու են տնակի պատերի հաշվին:

Այս թաղամասի հիմնական բնակիչները միայնակ մայրեր են, ովքեր հույսները կարող են դնել միայն իրենց վրա: Նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, իսկ դրանք ընդհանրացնողը սովը, չքավորությունն ու եկող ձմեռ էլ գոյատեւելու պայքարն է:

Նախընտրական զուգարան

«Այս զուգարանը Ստեփանավանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավի արդյունքն է: Եկավ-տեսավ, որ թաղամասը դրա կարիքն ունի, գնաց, մարդ ուղարկեց, եկան կես մետր փորեցին, երկաթներից ինչ-որ բան հավաքեցին ու գնացին (նկարում): Ընտրվեց, հիմա իրեն էլ չի հետաքրքրում էս զուգարանի ճակատագիրը: Մի հատ որ քամին փչի, սա փլվելու ա»,- զավեշտով պատմում են թաղամասի բնակիչները: «Պրոմեթեւսը»՝ իր աղքատությամբ ու անճարությամբ, բոլորովին անտեսված է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Սանիտարական պայմանների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Թաղամասում վերջին անգամ աղբահանություն է կատարվել մեկ ամիս առաջ, այն էլ՝ գործող քաղաքապետի քարոզարշավի շրջանակներում: Ջրի համար երեխաները ստիպված են 1կմ ճանապարհ անցնել մինչեւ մոտակա ծորակը: Տնակներում կոյուղացանց չկա: Ամբողջ թաղամասի համար նախատեսված միակ զուգարանը, ժամանակի ընթացքում քայքայվելով, երկար ժամանակ չէր գործում: Իսկ մեկ ամիս առաջ կառուցված նոր զուգարանը արդեն լցված է, եւ կեղտաջրերը հոսում են դուրս:

«3 տարին մեկ ենք տեսնում դրանց գույնը, երբ որ իրանց պետք ենք, մեզ հիշում են, իսկ երբ չէ, բանի տեղ դնողն ո՞վ ա, խի մեզ մարդատե՞ղ են դնում»,- ասում է թաղամասի ամենատարեց բնակիչը՝ 71-ամյա Ռայա տատը: «Պրոմեթեւսի» բնակիչները բազմիցս փորձել են օգնություն խնդրել պաշտոնյաներից, սակայն միշտ՝ ապարդյուն: Քաղաքապետարանը, անտարբերությունից բացի, ահաբեկում է բոլոր նրանց, ովքեր փորձում են իրավիճակը լուսաբանել: «Մի անգամ Քոչարյանն էր եկել, գնացինք, որ բերենք մեր թաղամասը տենա, մեր ապրելակերպը տենա ու հասկանա, թե իրա երկրում ոնց են ապրում, բայց քաղաքապետարանի աշխատողները չթողեցին, որ նույնիսկ մոտ գնանք, հետո էլ մեզ վախացրին ու ճամփու դրին, ասին՝ հլա փորձվել եք մի տեղ դիմել, էդ դոմիկից էլ կզրկվեք»,- պատմում է թաղամասի երիտասարդներից մեկը՝ գերադասելով չհրապարակել իր անունը:

«Պրոմեթեւս» թաղամասում չկա մի տուն, որ երեխա չունենա, մեծ մասը՝ մանկահասակ: Բնակիչների հավաստմամբ՝ այս թաղամասում ապրող երեխաներից ամեն մեկն առողջական որեւէ խնդիր ունի: Այս ամենն, ակնհայտորեն, հակասանիտարական եւ խոնավ պայմանների արդյունք է: Թվարկելով անզեն աչքով էլ տեսանելի խնդիրները՝ «Պրոմեթեւսի» բնակիչները ծիծաղելով ավելացնում են. «Մեկ էլ 3 տարի հետո կարող ենք նոր զուգարանի հույս ունենալ»:

ՀԵՐՄԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ, www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել