Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորին քաղաքացիական հիվանդանոց չեն տանի

Դեկտեմբեր 03,2005 00:00

Երեկ հայտարարությամբ հանդես են եկել մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ՝ 114 օր հացադուլի մեջ գտնվող Ռազմիկ Սարգսյանի գործով:

Իրավապաշտպանների գնահատմամբ, ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում ընթացող դատավարությունը շարունակվում է «անմարդկային վերաբերմունքով» Սարգսյանի նկատմամբ: «Դատարան եկան երկու շտապօգնության մեքենաներ, որոնցից մեկը Ռազմիկի մոր՝ Ջուլիետա Սարգսյանի համար էր, մյուսը՝ Ռազմիկի, որը ուշագնաց եղավ, ընկավ հատակին եւ բերանից սկսեց հեղուկ հոսել»,- ասվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցի, փաստաբաններ Ս. Ոսկանյանի, Ա. Աթոյանի, Զ. Փոստանջյանի, «Հոգեւոր Հայաստան», «Հույս», «Միջնաբերդ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ: Իրավապաշտպանները նկատել էին նաեւ, որ անգամ բժշկական օգնության ժամանակ արգելել են պաշտպաններին մտնել պաշտպանյալի մոտ: Երեք ժամ շարունակ դատարանի շուրջ հավաքված հանրությունը փորձել է տեղեկություններ ստանալ Ռ. Սարգսյանի առողջական վիճակի մասին: Արդյունքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը եւ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը տեղեկացել են իրական վիճակի մասին: Շտապօգնության բժիշկ Լ. Խշտոյանը հայտարարել է, որ մեղադրյալը ի վիճակի չէ մասնակցել դատաքննությանը եւ նրան պետք է տեղափոխել հիվանդանոց: Հիվանդանոցի փոխարեն հացադուլավորին ուղեկցել են մի խուց, որտեղ, ըստ հայտարարության հեղինակների, 6 մեղադրյալներ նրան համոզում են ուտել, «օրինակ են ծառայում»: «Այսինքն մի խուց, որը հագեցած է սննդի հոտերով եւ այդ մասին խոսակցություններով»,- արձանագրում են նրանք:

Տեղեկացնենք, որ երեկ մի հաղորդագրություն էլ ուղարկել էր ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը, որը պարզաբանել էր, թե «վերջին օրերին առավել անհեթեթ տեղեկություններ են տարածվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող եւ համաձայն իր հայտարարության հացադուլ հայտարարած կալանավոր Ռազմիկ Սարգսյանի հացադուլի ընթացքի եւ կացության պայմանների վերաբերյալ»: Մամլո քարտուղարը հերքում է իրավապաշտպանների այն լուրը, թե երեք օր առաջ նրան զոնդով պարտադիր կերակրման են ենթարկել, հավելելով. «Ռ. Սարգսյանը հարկադիր կերակրման չի ենթարկվել եւ չի ենթարկվում: Ռ. Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հիմքեր այս պահին չկան»: Ինչ վերաբերում է խցընկերների գործողություններին, ապա մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ նա այս տարվա օգոստոսի 12-ից մինչ օրս պահվում է հացադուլավորների համար նախատեսված 5-րդ խցում՝ եւս հացադուլ հայտարարած 3 խցակիցների հետ: Նա կոչ էր արել նաեւ լրատվամիջոցներին՝ մինչեւ դեկտեմբերի 5-ը դիմել ԱՆ, եթե անհրաժեշտ են համարում հացադուլավորի հետ «անմիջական շփումները»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ էին այցելել դիտորդական խմբի երկու անդամներ՝ իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանն ու Արթուր Սաքունցը: Նրանք հայտարարեցին, որ իրենց անունից շրջանառության մեջ դրված հայտարարությունը սուտ է, իսկ հացադուլավոր Ռազմիկ Սարգսյանը խնդրել էր փոխանցել, որ որեւէ բողոք չունի մեկուսարանից եւ հացադուլ հայտարարելու օրվանից գտնվել է հացադուլավորների համար նախատեսված խցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել