Այսպես բնութագրեցին իրենց դասախոսների վարքագիծը Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնի մի խումբ ուսանողներ:
Ակադեմիայի տարբեր բաժինների ուսանողների հիմնական բողոքները կապված էին շենքային ու լսարանային պայմանների հետ: 4-5 ուսանողի համար նախատեսված շատ լսարաններում նստում են 17-20 հոգի, ինչը խոչընդոտում է բնականոն դասապրոցեսին. սեղանների սակավության պատճառով լսարանում ուսանողները ստանում են միայն տեսական գիտելիքներ, իսկ այն գործնական աշխատանքները, որոնք պետք է կատարվեն լսարանում, մնում են որպես տնային աշխատանքներ: Եղած փոքրաթիվ սեղաններն էլ ծառայում են որպես պայուսակները դնելու տեղ: Ուսանողները դժգոհությամբ մատնացույց արեցին քանդված պատերն ու ջարդված դռները: Եվ որքան բարձրանում են հարկերը, այնքան տխուր է տեսարանը: Լսարաններից մեկի դուռն էլ ուներ շատ հետաքրքիր բաղադրություն. տարբեր գույնի տախտակներ, ապակիներ եւ այլ շինանյութեր: Իսկ «բուրումնավետ» զուգարանների կողքով անցնել չի լինում: Հարցին, թե երբեւէ չե՞ն բողոքել բուհի ղեկավարությանը, դիզայնի բաժնի մի խումբ աղջիկներ պատասխանեցին. «Առաջին կուրսում փորձում էինք, բողոքում էինք, դժգոհում: Դեկանը կամ լավագույն դեպքում խոստանում էր, որ շուտով ամեն ինչ կբարելավվի, կամ էլ, եթե վատ տրամադրության ժամանակ էինք հանդիպում, պարզապես գոռում էր. «Դուք ո՞վ եք, որ մեր առջեւ պահանջներ եք դնում»: Հետո տեսանք արդյունքի չենք հասնում, համակերպվեցինք իրավիճակի հետ»:
Հարկ է նշել, որ ակադեմիայում ուսման տարեկան վճարը կազմում է 800-900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչը, անշուշտ, հնարավորություն կտա գոնե նվազագույնս բարեկարգել բուհը: Մինչդեռ քանդակի բաժնի ուսանողները հավաստեցին, որ որոշ լսարաններ իրենք իրենց միջոցներով են վերանորոգել: «Ուսումն այստեղ մեզ վրա շատ թանկ է նստում, չհաշված ուսման վճարը, տարբեր նյութեր՝ գիպս, պլաստիլին, տախտակ, ներկ, թուղթ գնելը կրկնապատկում է մեր ծախսը, ինչը հազիվ ենք հասցնում»,- ասում են ուսանողները: Այստեղ գոհ են միայն ջեռուցումից, ինչի արդյունքում լսարաններում տաք է, չեն մրսում:
Դժգոհություններ եղան նաեւ դասախոսների վարքագծից. «Դասախոս ունենք, որ միշտ վռազում է, գալիս է 10 րոպե մնում ու գնում: Մի դասախոս էլ սովորություն ունի միշտ երկար փայտը ձեռքին պահել, պատեհ-անպատեհ դրանով հարվածել պատին ու գոռալ: Մենք նրան չենք հարգում, պարզապես ընդունում ենք որպես հոգեկան հիվանդ ու աշխատում ենք պահել հավասարակշիռ վիճակում: Որոշ դասախոսներից միշտ խմիչքի հոտ է գալիս, ոմանք էլ գալիս են դասի ժամին «ուռում»,- պատմում է ուսանողներից մեկը, ում ասածները հավաստեցին մյուսները: «Մինչ ընդունվելը բոլորովին այլ կարծիք ունեինք մեր ակադեմիայի մասին, քանի որ այստեղ են կրթվել շատ ճանաչված արվեստագետներ: Մինչդեռ շատ դասախոսներ ուսանողների հետ վարվելու տարրական կուլտուրա չունեն, էլ ինչ արվեստի ու մշակույթի մասին է խոսքը»:
Իհարկե, ակադեմիայի ուսանողներն ունեն նաեւ սիրված ու հարգված դասախոսներ (Կարեն Աղամյան, ռեկտոր Իսաբեկյան, քանդակի բաժնի դեկան Վարդանյան, Շիրվանյան, Բաղդասարյան), որոնց դասերին ուսանողներն անհամբերությամբ են սպասում եւ, ինչպես իրենք են խոստովանում, նրանցից թե մասնագիտական առումով եւ թե մարդկային փոխհարաբերությունների, շատ բան են սովորում:
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ