Էժան հաշվիչը «ծանր» է տեղ հասնում
Նոյեմբերի 10-ից հեռուստաեթերով հայտարարություն էր տրվում էլեկտրաէներգիայի երկսակագնային հաշվիչների վաճառքի մասին, ըստ որի՝ ցանկացողը կարող էր «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղերում վճարել 5900 դրամ եւ 20 օրվա ընթացքում «Կոնցեռն-Էներգիա» ընկերությունը պարտավորվում էր բերել-տեղադրել սեփական արտադրության երկսակագնային հաշվիչը: Հիշեցնենք, որ մինչ այդ տեղադրվող հիմնականում ռուսական արտադրության հաշվիչները բավականին թանկ արժեին՝ 29-30 հազար դրամ:
Բացի այդ, բնակիչներին սպասվում էր թղթարարության երկարատեւ գործընթաց «էլցանցերի» հետ: Այնպես որ, եղածից 5 անգամ էժան հաշվիչների տեղադրումը, այն էլ՝ առանց պայմանագիր կնքելու քաշքշուկների, մեծ «աժիոտաժ» էր առաջացրել: Հատկապես որ ձմեռն արդեն սկսվել է, եւ բնակչության հիմնական մասը էլեկտրաէներգիայով է տունը տաքացնում: Մի կարեւոր հանգամանք եւս՝ մի քանի շաբաթ առաջ «Հայաստանի էլցանցեր» ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Գլադունչիկը հայտնել է, որ ռուսական արտադրության երկսակագնային հաշվիչները մի քանի պարամետրերով չեն համապատասխանում համակարգի համար ընդունված պարամետրերին: Իսկ «Կոնցեռն-էներգիայի» արտադրանքը, որը մրցույթում հաղթելուց հետո էլ մեծ խոչընդոտների հանդիպեց, պարամետրերով ընդունելի է, պաշտպանվածությունը՝ բարձր, գինն էլ՝ էժան: Ուստի բնական էր, որ ցանկացողների թիվը մեծ կլիներ:
Սակայն վերջին օրերին բանկերում բնակիչներից այլեւս գումար չեն ընդունում, իսկ վճարածների տեղադրումն էլ կատարելիս առաջին հերթում են հայտնվում ծանոթ-բարեկամները, կամ էլ նրանք, ովքեր էլեկտրիկին հավելավճար են խոստացել: Պատճառն այն է, որ հաշվիչների տեղադրումը սկսվել էր մինչեւ գովազդը, իսկ դրանից հետո փոխանցումների թիվը կտրուկ ավելացել է, այնքան, որ 20-օրյա ժամկետն այլեւս ուժի մեջ չէ: «Միանգամից 6000 բնակչից փոխանցում եղավ, իսկ մենք «Հայէլցանցերի» հետ պայմանավորվել էինք, որ ամսական տեղադրելու ենք 3000 հաշվիչ: Չէինք սպասում, որ ցանկացողներն այդքան շատ կլինեն, եւ այդ պատճառով էլ նախապես չէինք զգուշացրել բանկին՝ 3000-ից հետո դադարեցնել գումարների ընդունումը: Հիմա դադարեցրել են, բայց արդեն մեծ կուտակում է առաջացել, եւ, ցավոք, 20 օրվա ժամկետը պահպանել չի հաջողվի»,- տեղեկացրեց «Կոնցեռն-Էներգիա» ընկերության աշխատակից Ալբերտը: Նա ասաց, որ հոկտեմբեր ամսին փոխանցածներինն «այս երկու օրը կտեղադրենք, կվերջացնենք, իսկ մի քանի տարածքներում էլ նոյեմբերին փոխանցածներինն են տեղադրում»: Նաեւ խոստացավ, որ մինչեւ դեկտեմբերի վերջը վճարման կտրոն ունեցող քաղաքացիները կունենան երկսակագնային հաշվիչ:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ