Հասկանալի պատճառներով նրանք չեն կարող ամուսնանալ եւ երեխա ունենալ
Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում անցյալ տարի հոգեկան հիվանդությամբ տառապողների թիվը 30578 էր: Ցուցանիշն այս տարի նվազել է: Օրերս կատարած մեր այցելության ժամանակ թե՛ Վարդենիսի տուն-ինտերնատում, թե՛ Սեւանի հոգեբուժարանում հիվանդների թիվը 10-15-ով գերազանցում էր նախատեսված քանակին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Վարդենիսի տուն-ինտերնատում գրանցված է 319 հիվանդ, 4-ը գտնվում է Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերում: «Տուն-ինտերնատի հիվանդները մեր մշտական բնակիչներն են եւ, ի տարբերություն հոգեբուժական հիվանդանոցի, մեզ մոտ նրանց դուրս չեն գրում եւ բյուջեից մեզ գումար է հատկացվում ոչ թե բուժման, այլ հիվանդին պահելու համար»,- պարզաբանեց Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն Սամվել Խաչատրյանը:
Սակայն տուն-ինտերնատի գլխավոր բժիշկ Մերուժան Հակոբյանն ասաց, որ հարազատները հիվանդին, ճիշտ է՝ հազվադեպ, բայց տանում են տուն, երբ նրա վիճակը քիչ թե շատ բարելավվում է: Այս տարի իրենք դուրս են գրել 5-6 բնակչի: Նրանցից մի քանիսն էլ բուժական արձակուրդի մեջ են, այսինքն՝ տանն են գտնվում, բայց՝ ժամանակավոր: Իսկ մահվան դեպքերի բարձր թիվը (այս տարի՝ 16) գլխավոր բժիշկը պայմանավորեց նրանով, որ արդեն մահվան շեմին գտնվող հիվանդին շատ հաճախ տեղափոխում են իրենց մոտ: Իսկ իրենք իրավունք չունեն չընդունել: Թեպետ տուն-ինտերնատը հոգեբուժարան չի համարվում, սակայն այնտեղի բնակիչները տառապում են նույն հիվանդություններով, ինչ՝ հոգեբուժական հիմնարկում: Այստեղ եւս առաջին տեղում են շիզոֆրենիկները, կան մանկուց եւ ծերունական թուլամիտներ, էպիլեպսիկներ:
60-70 հոգի մանկուց հաշմանդամ է, որոնց այստեղ են բերել 18 տարին լրանալուց հետո: Շենքային պայմանները թույլ չեն տալիս առանձնացնել հիվանդներին ըստ հիվանդությունների, եւ էպիլեպսիայով տառապող մարդը, որ նոպայից դուրս նորմալ հոգեվիճակում է, ապրում է նույն հարկի տակ՝ մյուսների հետ: «Լինում են կոնֆլիկտներ, կարող են վիճել կոշիկի, նստելու տեղի եւ այլ բաների համար: Ամուսնություն չի թույլատրվում, սակայն մեկ զույգ ունենք, որոնք երկար տարիներ միասին են ապրում: Ունեն մեկ զավակ, որը գտնվում է Գավառի մանկատանը: Ոչինչ մարդկային խորթ չէ նրանց: Իսկ սիրելու աստվածային շնորհը այստեղ փոքր-ինչ այլ կերպ է դրսեւորվում. համակրում են իրար, նամակ են գրում: Կարող է նոպայի պահին հարազատին չճանաչեն, բայց գեղեցիկ աղջկան անհապաղ նկատում են»,- պատմեց Մ. Հակոբյանը: Տուն-ինտերնատում աշխատողների կարիք ունեն: Ըստ աշխատակիցների՝ 15-20 հազար դրամ աշխատավարձով իրենք այդ տաժանակիր աշխատանքը չէին կատարի, եթե Վարդենիսում այլ աշխատանք լիներ: Ունեն թե հոգեբույժի, թե այլ մասնագետների կարիք: «Ամբողջ մարզում երկու հոգեբույժ կա, ֆիզիկապես չեն հասցնում: Մեկ խնամվողի համար պետությունը տրամադրում է օրական մոտ 3000 դրամ: Սա չի բավարարում բժշկին կարգին աշխատավարձ ապահովելու, նրանք էլ չեն գալիս աշխատելու: Յուրաքանչյուր բաժանմունք 3 հսկիչ եւ մեկ բուժքույր ունի, որոնց հսկողության տակ է 50-60 հիվանդ: Փախուստներ են լինում: Հիվանդներին թվում է, թե իրենց սպասում են: Մեզ հավատացնում են, թե տուն ունեն, քույր-եղբայր, «Մերսեդես»: Սակայն իրականում կամ՝ շատ հաճախ ոչինչ չունեն: Հարազատներից շատերը փոխում են հասցեն եւ չեն տեղեկացնում մեզ: Այդպիսով իրենց համար լուծում են հիվանդից ու նրա խնդիրներից ազատվելու հոգսը: 10-15%-ն է միայն շփվում հարազատների հետ, այն էլ մեր միջամտությամբ»,- ասաց գլխավոր բժիշկը: Նա «Առավոտի» միջոցով դիմեց Վարդենիսի տուն-ինտերնատում հիվանդ հարազատներ ունեցող մարդկանց, որ գոնե տարին մեկ անգամ գան այցելության կամ զանգեն, «որովհետեւ մեր բնակիչները կարոտից հիվանդանում են, դիմում փախուստի, աշխատանքում լարվածություն առաջացնում: Այս տարի 7-8 փախուստի փորձ է արձանագրվել»: Կանանցից մեկը պատմեց, թե ինչպես է փախչել եւ քայլելով հասել Երեւան: Մի տղամարդ էլ փախչել էր, քանի որ կնոջն ու երեխային չէր տեսել 4 տարի: Մի ադրբեջանցի երիտասարդ կար, որին հավանաբար հարազատները «մոռացել» են:
«Տուն-ինտերնատում իրականացվում են զանազան ծրագրեր: «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը կառուցել է գազատար, օգնել տարբեր ծրագրերով: Կանոնավոր ծրագիր ունի «Ամքորը»՝ յուրաքանչյուր հիվանդի տրամադրելով օրական 50 գ պանիր, երեք օրը մեկ՝ 1 ձու: Սպասում ենք նոր ծրագրի, որը մեզ կապահովի կոշտ գույքով: «Վերջին օրերի սրբեր» կազմակերպությունը վերանորոգել է խոհանոցը, այժմ կառուցում է նոր բաժանմունք՝ 50 հիվանդի համար, 20 հիվանդի համար տրամադրել է անկողնային պարագաներ: Իրականացնում են մեր աշխատակիցների վերապատրաստում, որի կարիքը շատ ունենք: Իսկ Առաքելական եկեղեցին չի էլ այցելում, նույնիսկ՝ դատարկ ձեռքով»,- պատմեց տնօրեն Ս. Խաչատրյանը:
«Հիվանդները աշխատո՞ւմ են օժանդակ տնտեսությունում եւ արդյոք բոլո՞րն են աշխատունակ» հարցին տնօրենը պատասխանեց. «Եթե անկողնային չեն, ուրեմն աշխատունակ են: Սակայն նրանց 5-10%-ն է աշխատում, սիմվոլիկ, իրենց կամքով: Իսկ տնտեսությունը հազիվ է իր ծախսերը փակում: Ուղղակի հիվանդներին թարմ սնունդ ենք ապահովում»:
ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ