Այս ո՞ւր ենք գլորվում, սատանան տանի: Ինչո՞ւ ենք այսքան անտարբեր, այսքան կարճամիտ դարձել: Այս ի՞նչ ռոբոտների ենք վերածվել:
Ես նայում եմ հայելուն եւ ամաչում եմ, որովհետեւ տեսնում եմ մի մարդու, որը թքած ունի ամեն ինչի վրա, որին չի հետաքրքրում իր երկիրը, իր հայրենիքի ապագան՝ միայն թե գլխիս տանիք լինի, երեխաս կուշտ լինի, իսկ ինչ կսարքեն մեր գլխին՝ թքած: Եվ եթե նույնիսկ որեւէ վերանձնական բան հետաքրքրում է, ապա միայն այնքանով, որ հարազատների նեղ շրջանակում կարող եմ վրդովվել, բորբոքվել եւ դժգոհել բոլորից՝ իշխանությունից, ընդդիմությունից, չինովնիկներից, համակարգից… Ու վերջ: Ու կանցնեմ իմ ամենօրյա տնային հոգսերին: Ու կդիտեմ բոլոր զգայարանները բթացնող այս հեռուստացույցը, որը սեւը՝ սպիտակ, մեռածին՝ կենդանի, չարը՝ բարի եւ 0-ն միլիոն է ցույց տալիս:
Ես ամաչում եմ իմ ծնողների համար, որոնք ինձ նման դժգոհում են այս վիճակից, ցավում, որ մեր երկրում ոչինչ հարկ եղածի պես չէ, բայց շարունակում են անել ամեն ինչ՝ է՛լ ավելի վատթարացնելու համար: Ծնողներս չգնացին հանրաքվեի՝ բոյկոտում էին, ասում էին՝ «ո՞նց թե, ուրեմն սահմանները վերաձեւելու իրավունքը մեր ձեռքով տանք Քոչարյանի գրպանում գտնվող այս տականք ու շահամոլ պատգամավորների՞ն, երբե՛ք»: Սակայն նրանք երկուսն էլ, լինելով ուսուցիչներ, ընտրական հանձնաժողովների անդամներ էին, եւ վերադառնալով տուն՝ պատմում էին, որ նաեւ իրենց ջանքերով լցոնումներ եւ թվանկարչություն կայացավ: Պատմում էին այնպես, կարծես ոչ մի արտառոց բան չի պատահել, պատմում էին այնպես, ինչպես պատմում էին 2003թ. ընտրություններից հետո, երբ կրկին իրենց լուման էին ունեցել Քոչարյանի վերընտրությունը նկարելու գործում, բայց իրենք ընտրել էին Դեմիրճյանին: Ու ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ են նրանք դա անում: Մի՞թե չանելու դեպքում գործը կկորցնեն: Կասկածում եմ: Իսկ ե՞ս, ես ինչո՞ւ եմ հանգիստ լսում այդ պատմությունները, եւ չեմ էլ փորձում սթափեցնել նրանց:
Ես ամաչում եմ ամուսնուս համար: Նա ժամանակին կռվել է մեր հողի համար, Արցախի համար, իսկ հիմա լռում է: Կամ՝ հայհոյում: Տանը նստած դիտում է բոլոր հեռուստաալիքներից ցինիկ ժպիտով իրենց «հաղթանակը» տոնող իշխանություններին ու հայհոյում: «Էս ի՜նչ արիք իմ երկիրը, էս ի՜նչ եք անում իմ հայվանի պես սուս ժողովրդի գլխին, վ՜այ ես ձեր…»,- ասում է նախկին ազատամարտիկ ամուսինս եւ գլխացավը պատճառ բռնելով՝ չի գնում ընդդիմության միտինգին: Ես էլ չեմ գնում՝ ճաշ պիտի եփեմ: Եղբայրս էլ հաստատ չի գնա՝ ընդդիմությանը չի հարգում: Գիտեմ, բայց գիտեմ նաեւ, որ ինքն իրեն էլ չի հարգում, եթե իր ձայնի համար չի պայքարում: Իր բոյկոտած ձայնի, որի փոխարեն երեւի հիմա ինչ-որ մեկը «այո» է ստորագրել: Առանց հասկանալու: Առանց մտածելու: Ուղղակի, որովհետեւ ինչ-որ մեկն ասել է՝ «գնա ու մի քանի հատ «այո» գրած թերթիկ գցիր արկղը»: Այսքանը:
Ես նայում եմ իմ փոքրիկին, որ ընդամենը երեք տարեկան է, եւ կրկին ամաչում եմ: Որովհետեւ նրա համար կերտում եմ, կերտում ենք հենց այդպիսի, ամաչելու երկիր: Երկիր, որտեղ պարկեշտ մարդկանց մոմի լույսով է պետք փնտրել: Իսկ եթե գտնես էլ, ապա հաստատ մի խուլ տեղում, ամեն ինչից հիասթափված եւ մի անկյուն քաշված: Ու այսպես, գլուխներս կախած թույլ ենք տալիս, որ ընդունեն օրենքներ, սահմանադրություն, ապագա… Մե՛ր օրենքները, մե՛ր սահմանադրությունը, մե՛ր ապագան: Բայց՝ առանց մեզ: Հակառակ մեր կամքի: Մեր կամքը 180 աստիճանով շուռ տալով: Ինչո՞ւ ենք թույլ տալիս, ինչո՞ւ ենք լռում: Մի՞թե արժանի ենք դրան:
Եվ, ի վերջո, ի՞նչ է նշանակում այդ սահմանադրությունը, ի՞նչ նպատակով են ստեղծված օրենքները…Դրանք ընդամենը խաղի կանոններ են, որ յուրաքանչյուր երկիր մշակում եւ ընդունում է իր համար: Սակայն ի՞նչ գին ունեն դրանք, եթե դրանցով ոչ ոք չի խաղում, եթե պետք է կեղծեք ընտրություններն այն աստիճանի, որ չկայացած հանրաքվեի փոխարեն անսահմանության հասած լկտիությամբ խաբեք ու ասեք՝ մասնակցել են 65% եւ նրանցից 93%-ը «այո» է ասել: Աստծու սիրու ն, այսօր ուժեղը դուք եք, ուժը ձեր ձեռքին է, եւ եթե դուք ուզում եք անել այսպես եւ ոչ թե այնպես, ապա արեք դա, սակայն մի խառնեք ժողովրդին ձեր կեղտոտ խաղերին: Խաղի նոր կանոններ հորինեք, եւ դրանցով առաջնորդվեք. հայտարարեք, որ ոչ մի ժողովրդավարություն էլ չկա, միապետություն է, որոշումներն ընդունում եք միայնակ եւ միաձայն: Ու այդպես էլ արեք: Մի՛ ծաղրեք ժողովրդին: Ժողովրդավարության խաղը բռնապետության կանոններով մի խաղացեք:
ԱՐՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
տնային տնտեսուհի