Գալուստ Սահակյանը լիրիկային դեմ է
Երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցավ ԱԺ պատգամավորներ, հանրապետական Գալուստ Սահակյանի եւ «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող Թաթուլ Մանասերյանի բանավեճը:
Թ. Մանասերյանը չթաքցրեց իր խոսքում առկա հեգնանքը՝ պատճառաբանելով, որ 2003-ի կեղծումներից հետո եւ այսօրվա իրավիճակի պարագայում այլ կերպ չէր էլ կարող լինել: Նա ողջույնի խոսք հղեց կոալիցիային եւ «ղեկավար դուետին»՝ «Աշխատենք եւ կեղծենք միասին» կարգախոսի լավագույնս իրականացման համար: Խորհեց՝ «լավ կլիներ, որ այդպես քրտնաջան տանջվեին առօրյա աշխատանքում», եւ ի հակադրություն Գալուստ Սահակյանի հավաստման, որ «որոշ կեղծիքներ եղել են եւ կեղծարարները կպատժվեն»՝ տարակուսեց. «Ինչպես 2003 թվականի՞ն, թե՞ ավելի մեղմ»: Պարոն Մանասերյանը բանավեճից առաջ լրագրողների դատին ներկայացրեց հանրաքվեի ընթացքում եղած խախտումների մասին չորս էջանոց փաստաթուղթ եւ դեռ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո արված ընտրողների թվաքանակի հաշվարկը: Համաձայն այդ փաստաթղթի, որն իր ժամանակին ընդունել է նաեւ Սահմանադրական դատարանը, 2003-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 1.155.727 մարդ: Ուստի այժմ ներկայացվող 1,5 միլիոնը պարոն Մանասերյանը չափազանց ուռճացված է համարում, բայց եթե «հրաշքով բնակչության շեշտակի աճ է տեղի ունեցել», նա չի զլանա գործընկերներից ներողություն հայցել: «Եթե այդքան մարդ շտապել է «այո» ասել ճորտատիրության ամրագրմանը՝ ապա շատ արժեքներ վերանայման կարիք ունեն: Բայց «այո»-ները բուհերի ու հայրենակցական միությունների անունից շաբաշ էին տրվում»,- ասաց նա:
«Քաղաքականությունը եւ քաղաքական պրոցեսը լիրիկա չեն: Սա հրեշտակների եւ մահկանացուների կռիվ չէ: Փաստեր ունեք՝ վիճարկեք համապատասխան ատյաններում»,- առանց բերված փաստերին անդրադառնալու՝ պոռթկաց Գալուստ Սահակյանը եւ ընդդիմությանը մեղադրեց, որ «օգնում եք միջազգային հանրությանը ողջ Հարավային Կովկասը կշեռքի մի նժարին դնելու համար»:
Դատարաններում կեղծիքները վիճարկելը Թ. Մանասերյանին անլուրջ թվաց. «Ծիծաղ կարող է առաջացնել անպատժելի նախագահին հլու-հնազանդ մարմիններին դիմելը»: Իսկ միջազգային հանրությանն ուղղորդելու առումով մեղադրանքները հակադարձվեցին հղումներ անելով 2003-ի ընտրություններին եւ դրան հաջորդած բռնություններին: «Ի՞նչ է՝ 2007-ին շանս չունեմ նախագահ դառնալու, իշխանության գալու համար, պիտի անպայման մի բան պղտորե՞մ, շեղե՞մ…»,- ընդդիմության վարքագիծը իր ձեւով մեկնաբանեց Գ. Սահակյանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ