Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

Դեկտեմբեր 03,2005 00:00

Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ դա իրենց չի վախեցնում

Երեկ միացյալ ընդդիմության հրավիրած հանրահավաքից հետո ոստիկանները շարունակելով հին հայկական ավանդույթները՝ Երեւանի կենտրոնական փողոցներում մարդաորս են արել: Նույն օրը, ուշ երեկոյան, ընդդիմադիր տարբեր կուսակցություններից ստացված տեղեկությունների համաձայն, քաղաքացիական համազգեստով ոստիկանները «կարմիր բերետավորների» գործուն աջակցությամբ փողոցներից մարդկանց աչքի առաջ առեւանգել են մոտ 30 հոգու: Նրանցից միայն մի մասի ինքնությունն էր, որ երեկ ժ. 20-ին հնարավոր էր եղել պարզել: Առեւանգվածների մի զգալի մասը, ինչպես 2003-2004թթ. էր, «Հանրապետություն» կուսակցության անդամներ կամ համակիրներ են: Այս կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ, «կրկնվում է այն նույն պատմությունը, ինչ եղավ 2004-ին: Հանրահավաքի պոչից ընկած ոստիկանները աջ ու ձախ մարդիկ են գողանում: Ընդ որում՝ «կարմիր բերետավորների», քաղաքացիական համազգեստով ոստիկանների օգնությամբ: Դեռ հանրահավաքից հետո են ոստիկանները փորձել մարդիկ գողանալ, չէր ստացվել: Հետո օգնության էին կանչել «կարմիր բերետավորներին» ու արդեն կուսակցության գրասենյակի հենց դիմաց, «Կազիրոկ» կոչվող սրճարանի մոտ առեւանգել են Մարալիկից Երեւան եկած երիտասարդների: Հավաքված մարդիկ փորձել են թույլ չտալ, բայց ուժի կիրառմամբ նրանց դրել են առանց ոստիկանության տարբերանշանի ավտոմեքենա ու տարել»:

Ոստիկանները երեկ 18:40-ին նույն մեթոդով վրացական պետհամարանիշներով (NAH) ավտոմեքենայով Մաշտոց-Սայաթ Նովա խաչմերուկի մոտ լուսանշանի տակ առեւանգել էին «Հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի գործերի կառավարիչ Արտակ Հակոբյանին, ով նաեւ ապահովում էր հանրահավաքների անցկացման տեխնիկական մասը: Նրան մի քանի ժամ անց ազատ էին արձակել:

«Հանրապետություն» կուսակցությունից ստացված տեղեկանքի համաձայն, Մատենադարանի հարթակին հարող հրապարակում կայացած հանրահավաքից հետո՝ 18:30-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով եւ համազգեստավոր մի խումբ անձինք բռնությամբ խցկել են միկրոավտոբուս եւ անհայտ ուղղությամբ տարել Սաղաթելյան Կարենին՝ «Հանրապետություն» կուսակցության Մարալիկի կառույցի անդամ, կուսակցության համակիրներ Պետրոսյան Լեւոնին ու Սուքիասյան Միշային՝ երեքն էլ Մարալիկից, Մանուկյան Մարգարիտային՝ ԱԺՄ Մալաթիա-Սեբաստիա կառույցի ղեկավար, հանրաքվեի միացյալ ընդդիմության Մալաթիա-Սեբաստիա համայնքի ենթաշտաբի պետ, տեղական դիտորդ եւ ԱԺՄ անդամ Երանոսյան Վրեժին: Նրանցից ոմանք, ում տարել են Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանություն, զանգահարել են ու հայտնել, որ ոստիկանությունում մի քանի տասնյակ ձերբակալվածներ կան:

«Ժառանգություն» կուսակցությունից Արաբկիր համայնքի ոստիկանության բաժին երեկ բերման էր ենթարկվել Էդգար Հակոբյանը: Այս կուսակցության ներկայացուցիչները եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը երեկ երեկոյան մեկնել էին Արաբկիրի ոստիկանության բաժին՝ իմանալու Էդգարին բերման ենթարկելու պատճառները: Պատգամավորին ոստիկանությունում արգելել էին տեսակցել Է. Հակոբյանին, Արաբկիրի ոստիկանապետն էլ հրաժարվել էր նրա հետ հանդիպում ունենալու առաջարկությունից ու փոխանցել էր, թե Հակոբյանին 20 րոպեի ընթացքում ազատ կարձակեն: Իհարկե, բաց չէին թողել: Կուսակցությունը նույն պահին նաեւ գրավոր պաշտոնական հարցում է ուղարկել Արաբկիրի ոստիկանապետին՝ պարզաբանումներ տալու, թե ի՞նչ հիմքով է Է. Հակոբյանը պահվում անազատության մեջ:

Երեկ բերման են ենթարկվել նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության երկու անդամներ, որոնց անունները երեկ դեռ ճշտվում էին: Երեկ, ուշ երեկոյան ստացված տվյալներով, ոստիկանների կողմից առեւանգվածների թիվը հասնում էր 30-ի, կան բերման ենթարկվածներ նաեւ Ապարան քաղաքից: Ընդդիմադիրները երեկ փորձում էին ճշտել, թե առեւանգվածներից ում որ ոստիկանություն են տարել:

«Չեմ կարծում, որ իրենք ընտրում են, թե ով որ կուսակցությունից է: Պարզապես տանում են: Ընտրում են՝ որին է հարմար ու հեշտ գողանալ, ու գողանում են: Սա սովորական մարտավարություն է եւ բազմաթիվ անգամ է կիրառվել: Դա ցույց է տալիս, որ իշխանությունները վախեցած են այս հանրահավաքներից, իրենց իշխանությունը կորցնելուց»,- նկատեց «Հանրապետություն» կուսակցության նախագահը, որը չբացառեց, որ երեկոյան ոստիկանները գուցե նաեւ որոշ մարդկանց տուն էլ այցելեն:

Միաժամանակ, «Հանրապետություն» կուսակցությունում երեկ համապատասխան գրություններով տեղի ունեցածի մասին տեղյակ էր պահվելու ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինին ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել