Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պայմանագրային բանակ

Դեկտեմբեր 02,2005 00:00

Պայմանագրային բանակ Արդյոք դա հնարավո՞ր է այսօրվա Հայաստանում «Ռազմաքաղաքացիական հարաբերություններ. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բազմիցս կրկնեց այն միտքը, որ մեր բանակը լուրջ բարեփոխումների կարիք ունի, եւ մասնավորապես շեշտեց, թե բանակի մարտունակության բարձրացմանն ու այդ ոլորտում խոշոր չափերի հասնող կոռուպցիայի նվազմանը էականորեն կնպաստի բանակաշինության մոդելի փոփոխությունը՝ զորակոչայինից պայմանագրայինի անցումը: «90-94թթ. պատերազմն, ըստ էության, շահեցին կամավորականները, քանի որ այն ժամանակ դեռ բանակ չկար՝ նոր էր ձեւավորվում: Եվ այսօրվա զորակոչիկ երեխաները զիջում են այն ժամանակվա կամավորականներին: Իսկ պայմանագրային հիմունքներով ձեւավորված բանակը լրիվ այլ կլինի»,- նկատեց պարոն Շիրխանյանը: Ու քանի որ նույն քննարկման ժամանակ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը հայտնել էր, որ ասպիրանտների եւ մագիստրանտների՝ ժամանակին աղմուկ առաջացրած զորակոչի պատճառը ռեսուրսների դեֆիցիտն էր, «Առավոտը» հետաքրքրվեց պարոն Շիրխանյանից՝ արդյոք զինակոչային համակարգից հրաժարվելու դեպքում մենք բավարար ռեսուրսներ կունենա՞նք եւ չե՞նք կանգնի ռեսուրսներ հայթայթելու անհրաժեշտության առջեւ: Նախկին փոխնախարարը նկատեց, որ այսպես թե այնպես շուտով զորակոչվելու են ճգնաժամի տարիներին՝ 88-ին եւ դրանից հետո լույս աշխարհ եկածները, որոնք քանակապես չեն բավարարելու մեր բանակի պահանջներին, հետեւաբար շատ ավելի լավ կլինի, որ գոնե որակապես կարգին բանակ ունենանք՝ պայմանագրային հիմունքների վրա այնտեղ հայտնվածների հաշվին: Տեղից «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանը հուշեց, որ կարելի է բանակի համալրման գործում առաջնորդվել ընտրացուցակներով, որտեղ ինչն է շատ՝ մարդկային ռեսուրսները: Պարոն Շիրխանյանը գտնում էր, որ եթե հիմիկվանից սկսվի բարեփոխումը, ապա 3-5 տարի անց մենք կունենանք պայմանագրային հիմունքներով գործող մարտունակ բանակ: Ինչպես պարոն Շիրխանյանը, այնպես էլ մյուս բանախոսը՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանը համարում էին, որ բանակ-հասարակություն հարաբերություններում խիստ կարեւոր են թափանցիկությունը եւ վերահսկելիությունը: Պարոն Ենոքյանը անհնար էր համարում իշխանության նման ցածր լեգիտիմության պայմաններում լրջորեն անդրադառնալ բանակի վերահսկողությանը: «ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր այն երկրներում, որ ունեին զինված կոնֆլիկտներ, եղան բանակի կողմից հեղաշրջումներ կամ հեղաշրջման փորձեր: Քանզի, երբ բանակն ուժեղանում է, նրա դերը կարեւորվում է, եւ նրան թվում է, թե պետությունն ինքն է»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել