Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԻՍԿ ՀՐԱՆՏԸ ԽԵԼՔ ԷՐ»

Դեկտեմբեր 02,2005 00:00

«ԻՍԿ ՀՐԱՆՏԸ ԽԵԼՔ ԷՐ» Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ կազմակերպված գիտական նստաշրջանը՝ նվիրված Հրանտ Մաթեւոսյանի 70-ամյակին, ցավոք, գորշ էր, անհետաքրքիր: Սակավամարդ դահլիճում նաեւ մի խումբ ուսանողներ էին նստած: Նրանց մի մասը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից էին, ովքեր ճանաչված ռուս գրող, Հրանտ Մաթեւոսյանի բարեկամ Անդրեյ Բիտովի ներս մտնելուն պես լքեցին դահլիճը: Հետաքրքիր է, նրանց դասավանդող ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը չէ՞ր բացատրել՝ ով է Բիտովը: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գիտեն Մաթեւոսյանի մասին Հր. Աճառյանի անվան համալսարանի բանասիրականի ուսանողները: Պարզվեց, որ հակառակի պես նրանք էլ դեռ հաջորդ տարի պիտի անցնեն Մաթեւոսյան: Նկատենք, որ Մաթեւոսյան անցնում են հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանից: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը փաստեց, որ ամեն մեկը յուրովի է մեկնաբանել գրողի՝ անկախությունից հետո չստեղծագործելու հանգամանքը: ՀԳՄ նախագահը այս առիթով հիշեց նաեւ ակադեմիկոս Լեւ Անինսկու այն միտքը, թե ընթերցողը դադարել է գիրք կարդալ, դրա համար էլ Մաթեւոսյանը դադարել է գրել: «Այսօրվա դահլիճի սակավամարդությունը գալիս է հաստատելու, թե ինչպես կարող է գրողը մեկուսանալ հասարակությունից»,- նկատեց պրն Անանյանը: Նա մեջբերեց նաեւ Մաթեւոսյանի հետեւյալ միտքը հեղափոխության անցման պատասխանատվության առումով. «Երկրագնդի մի կողմում կյանքը ծաղկում է, իսկ մենք դեռ միջնադարում ենք մնացել, թալանի, կողոպուտի, սպանությունների ու արյունահեղությունների, աղքատության ստրուկներ…այս արյունալի վիճակը ծանրացավ այսօրվա փուխր քաղաքի սրճարանային երիտասարդության ուսերին… այս շարժումը պիտի լիներ մի 10-15 տարի առաջ, իմ սերնդի ժամանակ, մենք ավելի դիմացկուն, հետիոտն սերունդ ենք, որ կարող էր սարերը ճղելով առաջ դուրս գալ, մինչդեռ այդ ծանրությունը ուսել են գիտելիքներով մեզանից հետ, ագրեսիայով մեզանից առաջ, քայլող ջահելները: Հաղթանակի հույսեր գուրգուրել այս պարագայում չենք կարող, խելագարության մեջ՝ ի՞նչ հաղթանակ»: Անդրադարձ եղավ նաեւ Մաթեւոսյանի քաղաքական հայացքներին ու պատգամավորական ժամանակներին: «Իմ քաղաքականությունը սիրողական մակարդակի վրա է» կամ «անհատը խորհրդարանում վեր է ածվում ընդամենը մի կոճակի»: Ըստ Լեւոն Անանյանի, ժամանակին շատ է շահարկվել քաղաքական ոլորտում Մաթեւոսյանի ու ՀՀՇ-ի լիդերների փոխհարաբերությունների հարցը: Իսկ գրողը նրանց մասին հետեւյալ կարծիքին էր. «Վազգենը եւ Վանոն երկուսն էլ անկեղծ են, խորամանկություն չունեն, հայոց պայքարի ամենաանպաշտպան գոյություններն են», կամ «Լեւոն Տեր-Պետրոսյան նախագահին ես վստահել եմ»: Գրականագետ Սերգեյ Սարինյանի կարծիքով՝ ոմանց ժամանակը չափվում է օրացույցի թերթիկներով, իսկ «Հրանտի ժամանակը փիլիսոփայական է…Ուզում էր հայոց համար Ավետարան գրել, բայց չգրեց: Սակայն նրա ստեղծագործությունը նույնանում է ազգային միֆոլոգիային եւ ինքնին յուրատեսակ ավետարան է»: Ըստ Սարինյանի՝ դա էր պատճառը, որ ժամանակին միջակությունները չներեցին Մաթեւոսյանին: Հեղափոխությունից հետո բոլորը ստեղծագործում էին, բացի Մաթեւոսյանից: Ծանրակշիռ պատճառ կար. նախ իր փոխարեն «Հրաչոն էր ստեղծագործում», հետո ինքը այդ տարիներին իրավունք չուներ «բերանս եկած ամեն բան ասել»: Իսկ Ալմաստ Զաքարյանը պահանջեց, որ հավաքված գրողներն ու գրականագետները ներողություն խնդրեն Վանո Սիրադեղյանից ու Հրանտ Մաթեւոսյանից: «Տարիներ առաջ էլի այսպես հավաքվել էիք, որպեսզի բանադրեիք Հրանտ Մաթեւոսյանին եւ Վանո Սիրադեղյանին: Ես պահանջում եմ, որ այդ մարդիկ վերջապես ներողություն խնդրեն թե Հրանտ Մաթեւոսյանից, թե Վանոյից: Մենք գրչի մարդիկ ենք, դա մեզ վայել չէր»: Ազատ Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ ինչ կարծիքի է Ալմաստ Զաքարյանի առաջարկության առնչությամբ: «Այո, տարաձայնություններ են եղել մեր բուռն կյանքի ընթացքում, բայց երբեք բանադրում չի եղել: Երբեք Հրանտի գրողական մեծությունը կասկածի չի ենթարկվել: Նա միշտ ընկալվել է որպես մեր ժամանակների առաջատար հայ արձակագիր: Ես հիմա էլ հաճույքով չեմ հիշում այդ վեճերը, բայց ինչ կարող ենք անել, մեր կյանքը այդպիսին էր»: Գրողի եղբայրը՝ Հրաչյա Մաթեւոսյանը եւս դառնացած էր. «Շաբաթ օրն էլ Օպերային թատրոնում է լինելու Հրանտ Մաթեւոսյանին նվիրված կառավարական մակարդակով կազմակերպված հոբելյանական երեկո: Վախենում եմ, որ շքեղ հրավիրատոմսերը, որ դաստա-դաստա տարվում են հիմնարկներ, մնան դարակներում, իսկ իսկական հրանտապաշտները հնարավորություն չունենան միջոցառմանը ներկա գտնվելու: Հո նախարարներն ու պատգամավորները չե՞ն գալու… Իշխանավորի համար ժամանակը փող է, իսկ Հրանտը խելք էր: Վախենամ դեկտեմբերի 3-ին Օերային թատրոնի դահլիճը չլցվի, ինչպես այսօր այս դահլիճն է դատարկ»: Անահիտ Խաչատրյանի զեկուցումը կրում էր «Անդրեյ Բիտովի հերոս Հրանտ Մաթեւոսյանը» խորագիրը: «Բիտովը գրել է, որ Մաթեւոսյանի կերպարը ծնվել է հենց Մաթեւոսյանի լռությունից… նա լուռ մարդ էր, դժվար էր խոսում, ինքը հենց այդ լռությունն էր որսացել»: Ա. Բիտովն էլ նշեց. «Այս տարի լրանում է Հրանտի 70 եւ մեր բարեկամության 40-ամյակը…Ես Հայաստան գալիս ցավ եմ զգում, երբ ողջ չեմ գտնում իմ ընկերներին»: Նրա խոսքով՝ հզոր է Մաթեւոսյանի գրիչը, եւ եթե անգամ գրողի հիշատակը հավերժացնող հուշարձաններ չկանգնեցվեն ու կոնֆերանսներ չկազմակերպվեն, նրա արվեստի ուժը բավական է: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել