Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲԵՎԷ ՊԱՏԺԵԼՈ՞Ւ ԵՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 02,2005 00:00

ԵՐԲԵՎԷ ՊԱՏԺԵԼՈ՞Ւ ԵՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ Երբ ճոճվում են իրավունքները, ապապարտականությունները լռում են Մեր հասարակական գիտակցության մեջ ընտրական իրավունքի դեմ կատարված հանցագործությունը չի ընկալվում որպես հանցագործություն: «Գրպանահատին բոլորս մատնացույց ենք անում, ասում՝ սա գող է, սակայն քվեաթերթիկ լցոնողին համարում ենք ճարպիկ մեկը: Քանի որ ձայնի իրավունքը շոշափելի չէ, եւ եթե այն քո գրպանում չէ, նյութականացված չէ, ով ուզում է՝ թող այն գնի կամ գողանա: Նման ձեւով տեղի ունեցող ընտրությունը արդեն քաղաքակա՛ն կոռուպցիայի լուրջ խնդիր է, եւ Հայաստանին այսօր ավելի շատ սպառնում է ոչ թե նյութական, այլ հենց քաղաքական կոռուպցիան»,- կարծում է իրավագիտության թեկնածու Հրայր Թովմասյանը: 1996 թվականից այս կողմ, ցանկացած ընտրությունից հետո, միջազգային կազմակերպությունների միօրինակ գնահատականներում պահանջ է դրվում հայտնաբերել եւ պատժել ընտրախախտումներ արած անձանց: Նման գնահատականները, որպես կանոն, ոչինչ չեն տալիս, քանի որ կոշտ գնահատականներին հետեւող «կեղծիքների քանակը չի ազդել քվեարկության ընդհանուր արդյունքի վրա» միտքը մեր իշխանություններին միանգամայն ձեռնտու է. գուցե ստիպում է ընդամենը մի պահ գլխիկոր, ամոթխածորեն աչքերը հառել գետնին եւ միայն: Եվ հետո՝ նման երկիմաստ գնահատականներն անլրջացնում են դրանցում հնչող ընտրակեղծիքներ կատարողներին քրեական պատժի ենթարկելու մասին պահանջը, որը երբեւիցե չի էլ կատարվել: Վերջին ընտրություններից հետո անգամ Ադրբեջանում միջազգային կառույցների գնահատականներին հետեւեց այն, որ մի քանի ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին՝ այդպիսով գոնե մասամբ մեղմելով հասարակական բողոքի ալիքը: Սակայն մեզ մոտ յուրաքանչյուր ընտրությունից հետո մամուլում հայտնված ընտրակեղծիքների մասին պատմող եւ ոչ մի դեպքի առնչությամբ քրեական գործ չհարուցվեց, թեեւ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը անգամ մամուլի հրապարակումը քրեական գործ հարուցելու հիմք է համարում: «Իմ կարծիքով,- ասում է պարոն Թովմասյանը,- մեր Քրօրում պետք է մի նոր հոդված ավելացնել՝ ընտրական իրավունքի դեմ կատարված հանցագործության համար չպետք է կիրառվի վաղեմության ժամկետը: Այդ իրավունքը ոտնահարած հանցագործը պետք է իմանա, որ անգամ 20, 30 տարի անց ինքը պատասխանատվություն է կրելու իր արածի համար: Մեր երկրի պարագայում, կարծում եմ, սա արդարացված քայլ կլինի: Առհասարակ, նորմալ ընտրություններ անցկացնելու համար կա 3 նախապայման՝ պատշաճ ընտրական օրենսդրություն, հասարակության պատշաճ իրավական կուլտուրա եւ իշխանությունների կամք: Մեզ մոտ վերջին երկուսը եւ ոչ մի դեպքում չեն գործում»: Մեր երկրում նույնիսկ նախագահը չունի բավականաչափ իրավական կուլտուրա, ինչն ակնհայտ էր ընտրության գաղտնիությունը խախտելու նրա բացատրությունից, թե քվեարկության գաղտնիությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք: «Գաղտնի քվեարկություն իրականացնելը պարտականություն է, ընտրական իրավունքի սկզբունք, որը պետությունը պարտավոր է լիարժեքորեն ապահովել,- պնդում է Հրայր Թովմասյանը:- Ընտրողը պարտավոր է գրանցվել, ստանալ քվեաթերթիկ, մտնել քվեախցիկ, քվեաթերթիկը լրացնել քվեախցիկում, որտեղ՝ իրենից բացի, ոչ ոք իրավունք չունի գտնվել, որից հետո քվեաթերթիկը քառապատիկ ծալած վիճակում՝ ընտրողը պետք է դուրս գա քվեարկության խցիկից, մոտենա հանձնաժողովի՝ քվեաթերթիկը կնքող անդամին, որի կնիքը դրվելուց հետո քվեաթերթիկը պետք է գցվի քվեատուփի մեջ: Եթե ասում ենք, որ ընտրողը պարտավոր չի պաշտպանել այս կարգը, սա կարող է նշանակել, որ ընտրողն իրավունք ունի քվեաթերթիկը ստանալուց անմիջապես հետո մոտենալ քվեաթերթիկը կնքողին: Բոլո՛րը կասեն, որ ընտրողը նման իրավունք չունի: Այսինքն, քվեարկության սենյակ մտնելուց հետո ընտրողի վարքագիծը հստակորեն կանոնակարգված է»: Կան նաեւ միջազգային փաստաթղթեր՝ ե՛ւ 1990 թվականին ԵԱՀԿ շրջանակում ընդունված Կոպենհագենի, ե՛ւ ԵԽ շրջանակներում Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված փաստաթուղթը, ուր հստակորեն սահմանվում է, որ ընտրության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ անձի բացարձակ պարտականություն, որի խախտումը հանգեցնում է տվյալ քվեաթերթիկի անվավեր ճանաչմանը: Որպես ԵԽ անդամ՝ այս փաստաթղթերը պարտադիր են նաեւ Հայաստանի համար: «Գաղտնի քվեարկությունը ժողովրդավարության ձեռքբերումներից մեկն է: Բաց քվեարկությունները բնորոշ են տոտալիտար, ավտորիտար քաղաքական համակարգերին»,- նշում է պարոն Թովմասյանը: Հայաստանի Քրօրում ընտրության գաղտնիության խախտման մասին շատ ընդհանուր է գրված: Եվ երբ դա անորոշ կերպով է ամրագրված, նշանակում է, որ խոսքը նաեւ ընտրողի կողմից գաղտնիության խախտման մասին է: Ճիշտ, այսինքն՝ ոչ կամայական մեկնաբանման դեպքում սա նշանակում է, որ ցանկացածի, այդ թվում նաեւ ընտրողի կողմից գաղտնիության խախտումը պատժելի է: 154 հոդվածը ասում է. «քվեարկության գաղտնիության այլ կերպ խախտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-ից 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել