ՕՍՏԱՊ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉԸ ԿՆԱԽԱՆՁԵՐ Մարքսիստը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկում է ցած դնել մանդատները «Անաստված խեղաթյուրում,- այսպես է բնութագրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները մարքսիստ Դավիթ Հակոբյանը,- անգամ Օստապ Բենդերը կնախանձեր նման ստեղծագործությանը»: Ինչեւէ, նա գտնում է, որ ժողովուրդը «փայլուն կերպով» արձագանքեց ընդդիմության բոյկոտի կոչերին եւ «միայն 20 տոկոսը դուրս եկավ քվեարկության, այն էլ՝ որոշակի ճնշումների տակ»: Ամեն դեպքում՝ «ընդդիմությունը բարոյական հաղթանակ տարավ»,- համարում է մարքսիստը: Իսկ ընդդիմության մարտավարական մեծագույն սխալը համարում է «բունտի քաղաքականության որդեգրումը»՝ հանձնաժողովներից անդամներին ետ կանչելը: «Դա նույնն էր, որ խաղի ժամանակ դարպասապահին ետ կանչեն: Դա իրավաբանական տգիտություն էր, կոպիտ սխալ էր, որը աններելի է ընդդիմությանը, հատկապես «Ազգային միաբանությանը»: Նման փորձառու քաղաքական գիտակների համար անթույլատրելի է այդպիսի կոպիտ վրիպումը: Այդպիսով, իրենք իրենց զրկեցին բողոքարկելու իրավունքից»,- գտնում է մեր զրուցակիցը: Նա «չափից ավելի գռեհիկ» է համարում այդ քայլն իբրեւ միտումնավորություն դիտելը ու գտնում է, որ ընդդիմությունը բոյկոտին կարող էր զուգորդել խորհրդարանական բոյկոտը. «Իրենք կարող էին մանդատները ցած դնել: Այսօր էլ ուշ չէ: Եթե ցանկանում են խաղը շարունակել, կարող են մանդատները ցած դնել եւ պառլամենտական թեւում ճգնաժամ ստեղծել»: «Ամոթանքը, որ իշխանական ամբիոններից» հնչում է ընդդիմության հասցեին՝ Դավիթ Հակոբյանը «անտեղի եւ ամբարտավան» է համարում: «Կարծում եմ, որ ընդդիմությունը կվերագտնի հոգեբանական ճգնաժամից դուրս գալու ելքերը եւ մոտ ապագայում, միաբան ձեւով տակտիկական նոր քայլեր կձեռնարկի»: Այս փուլում պայքարը ավարտված համարելով՝ մարքսիստը խորհում է ապագայի մասին. «Ընդդիմությունը քաջ պետք է գիտակցի՝ թույլ չպետք է տալ երկու կուսակցական խունտաների մուտքը պառլամենտ, այլապես լրիվ տանուլ կտանք: Եթե Բաբայան Սամվելը եւ Արտաշես Թումանյանը մտնեն ԱԺ, որոնցով ուզում են փոխարինել ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին՝ կլինի հայկական ընդդիմության գերեզմանափորը»: Իսկ թե ինչո՞ւ մարքսիստն առավել ակտիվ գործունեություն չի ծավալում ընդդիմադիր «18+8» ձեւաչափում, պարզվում է՝ ֆինանսական կապիտալի բացակայության պատճառով: Մարքսիստն առայժմ օգտակար է լինում միայն գաղափարական կապիտալով, բայց կարծում է, որ շուտով ֆինանսների հարցն էլ կլուծվի, եւ՝ «Իմ մուտքը մեծ քաղաքականություն՝ կնշանակի պատմական Ուտիքն իր Տավշո գավառով կմտնի քաղաքական թատերաբեմ երրորդ հազարամյակի սկզբին՝ գահերեցության խստագույն պահանջով: Ինչպես Սյունիքը՝ 5-րդ եւ Շիրակը՝ 8-րդ դարերում»,- ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանի՝ իր մասին կանխատեսմամբ պատասխանեց Դ. Հակոբյանն ու հավելեց. «Այնպես որ, թող ժողովուրդն այնքան էլ հուսախաբ չլինի իմ պասիվությամբ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ