Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստախոսության ցինիզմ»

Դեկտեմբեր 02,2005 00:00

«Ստախոսության ցինիզմ» «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հ/կ-ն քննադատում է «ճանապարհային քարտեզը» «Ոչ ոք այլեսս չի կարող կասկածել, որ երկրում իշխանությունը յուրացրած ազգադավ խմբակը պատրաստվում է հայրենի տարածքներ հանձնել թշնամուն եւ ի չիք դարձնել արցախյան մեր ազատամարտի արդյունքները։ Այլեւս ոչ մեկին չեն կարող խաբել այն հավաստիացումները, թե սա, իրականում, ընդամենը դիվանագիտական խաղ է, կարգավորման գործընթացի իմիտացիա։ Այս իմաստով 2006 թվականն իր մեջ պաշտոնատարների դավաճանական գործողությունների անչափ մեծ սպառնալիք է պարունակում»,- երեկ հայտարարեցին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամները։ Բանն այն է, որ նախահանրաքվեական թոհուբոհի օրերին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Հայկ Քոթանջյանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում հրապարակել էր մի շարք մանրամասներ՝ ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում կողմերի միջեւ համաձայնեցվող «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ։ Ըստ այդմ, նախապատրաստվող պայմանագիրը ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ ազատագրված բոլոր շրջանները, նաեւ նախկին Քելբաջարը եւ Լաչինը, որոնց համար ենթադրվում է «ազատ տնտեսական գոտու» եւ միջազգայնորեն երաշխավորված «հաղորդակցային միջանցքի» կարգավիճակ։ Հասարակական նախաձեռնության անդամների կարծիքով՝ ծրագիրը պարունակում է նաեւ այլ վտանգավոր դրույթներ, օրինակ՝ «ազատագրված տարածքներ թուրքական տարրի վերադարձը կամ, այսպես կոչված, խաղաղապահ զորքերի մուտքն Արցախ»։ Քննադատության արժանացան նաեւ Ղարաբաղի ներկայիս իշխանությունները՝ «զանազան հայրենասիրական զեղումներով» այս ամենը կոծկելու համար: «Ստախոսության այս ցինիզմը բոլոր սահմաններն անցել է: Սերժ Սարգսյանը սովորել է՝ ում ուզի կառնի. փողով չառնի՝ մեծ փողով կառնի, կոմպրոմատով կառնի: Բայց հայ ժողովրդին առնելն անհնար է»,- ասաց Արմեն Աղայանը եւ հասարակությանը խորհուրդ տվեց քաղաքական դաշտի հետ հույսեր չկապել, այլ սկսել քաղաքականությամբ զբաղվել: «Ազատագրված տարածքների համակողմանի յուրացում». նախաձեռնության դիրքորոշումն անփոփոխ է: Ավելին՝ «Եթե Ադրբեջանին դա չի բավարարում, թող պատրաստվի հաջորդ պատերազմին: Մենք պետք է Նախիջեւանն ու Գանձակն էլ ազատագրենք»,- ասում է Ա. Աղայանը՝ ի հեճուկս միջազգային կառույցների: Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Արմեն Եղյանը ցավով արձանագրում է, որ հուսահատության եւ անտարբերության ընդհանուր ֆոնին ժողովուրդը կարծես սկսել է համակերպվել տարածքներ վերադարձնելու մտքի հետ, բայց կասկած չունի, որ «օրհասական պահին մեկ մարդու պես կկանգնեն եւ ոչ մի թիզ չեն զիջի թշնամուն»: Կախված ընդդիմության հանրահավաքների ժողովրդականության աստիճանից, նախաձեռնության անդամները հնարավոր է նաեւ նրանց հետ հարթակ դուրս գան: Սակայն որեւէ ուժի գործընկեր չեն համարում, քանզի «տարածքների հարցում նրանց անտարբերությունը շատ չի տարբերվում իշխանությունների «ակտիվությունից»: Ընդ որում, նախաձեռնության անդամները հարկ համարեցին ընդդիմությանը հուշել, որ «հենց այս ազգային դավաճանությունը» կարող է փողոց դուրս բերել այդքան բաղձալի կրիտիկական մասսային: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել