Իր գոյության 3 տարիների ընթացքում քաղծառայության խորհուրդը հաղթող չի ունեցել շուրջ 300 մրցույթների արդյունքում: 400 քաղծառայողներ էլ, որոնց մեջ կան բավական
պատասխանատու պաշտոնյաներ, ատեստավորում չեն անցել:
Ըստ Մանվել Բադալյանի, վերջիններս չեն կարողացել ատեստավորում անցնել այն դեպքում, երբ ներկայացվող նյութը բավական պարզունակ է եղել: «Օրենքի նախավերջին փոփոխության ժամանակ, մենք տեսնելով, որ անաշխատունակության թերթիկով՝ բյուլետեններով, ատեստացիայի չներկայանալու մասսայական դեպքեր են արձանագրվում, օրենքում ֆիքսեցինք, որ 3 անգամ (անկախ պատճառներից) չներկայանալը ազատման հիմք է: Եթե մարդուն տարվա մեջ 3 անգամ օր ես նշանակում՝ հիվանդ է, ուրեմն նա իսկապես անաշխատունակ է: Վերջին ամիսներին մի 20 հոգի այդ հիմքով ենք ազատել»: Մանվել Բադալյանը թեեւ ասում էր, թե 400-ի անունն էլ անգիր կարող է հիշել, եւ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր իրենց հույսը դրել էին այս ու այն հովանավորների վրա, այնուամենայնիվ, իր բերած օրինակներում բավական ժլատ էր: Ըստ այդմ՝ ատեստացիա չի անցել ոմն ՀՀ երկրաբանական գործակալության պետ (3 անգամ «հիվանդացել» է ու չի ներկայացել), ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչը թեստային առաջադրանքը չի կատարել: Նույնը եւ՝ քաղաքապետարանի ամենամեծ՝ շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետը: Արարատի մարզի հակահամաճարակային ծառայության մարզային պետի 2 տեղակալները 3-ական անգամ «հիվանդացել» ու չեն ներկայացել: Ի դեպ, 2-ն էլ բժիշկներ են: Սպիտակի սոցիալական ծառայության տնօրենը եւս 3 անգամ չի ներկայացել:
Մ. Բադալյանը նաեւ հետեւյալ կեղծիքներն է բացահայտել՝ «հնուց եկած կեղծիքներ»՝ կեղծ դիպլոմների ու աշխատանքային գրքույկների. «Երբ պետական պաշտոնյան բարոյականությունը դնում է մի կողմ եւ ստորագրում է նման փաստաթղթեր, երկրում կան մարդիկ, որ դրանք չեն հանդուրժելու: Կան կեղծ դիպլոմներ՝ ստացված Ռուսաստանից, Հայաստանի մասնավոր բուհերից: Մարդուն հարցնում ես իր ավարտած բուհի հասցեն՝ չգիտի: Մարդը չգիտի, թե 5 տարի որտեղ է սովորել: Լավ, գոնե կարող է, չէ՞, համայնքը իմանալ, ասենք՝ բուհը Արաբկիրո՞ւմ է, թե՞ Չարբախում»,- բացահայտեց քաղծառայության խորհրդի նախագահը: Նմանատիպ 100 գործ ուղարկվել է դատախազություն: Բայց այն, որ խորհուրդը կարող է միանշանակ սուբյեկտիվ դրսեւորումներ ցուցաբերել այս կամ այն մասնագետի ընտրության հարցում, այդ մասին բացահայտումներ բնականաբար չարվեցին: Օրենքում փոփոխություններ կատարելիս թերեւս պետք էր հստակեցնել չափորոշիչները, որոնցով առաջնորդվում են խորհրդի անդամները՝ որոշում կայացնելիս: Օրինակ՝ ի՞նչ հիմքով են մարդկանց բացասական գնահատում, երբ նա 100 տոկոսով դրական պատասխան է տալիս: Օրենքը դա թույլ է տալիս: Սուբյեկտիվ դրսեւորումների ամենալայն հնարավորություն կա: Փաստորեն՝ ամենամեծ սողանցքներից մեկը դեռ բաց է:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ