Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիները նոր են «բիթի» ընկել

Դեկտեմբեր 02,2005 00:00

Արարատ, Ակունք, Օշական գյուղերի եւ Վարդենիս քաղաքի խանութպանները մտավախություն ունեն, որ ՀԴՄ-ների տակից դուրս չեն գա:

Մայրաքաղաքում 7 քառ. մետրից ավելի տարածք ունեցող առեւտրի կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրումը բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Երբ 2004-ի վերջին ընդունվեց նաեւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին» օրենքը, որը պարտադրեց ապրիլի 1-ից ՀԴՄ-ներ տեղադրել նաեւ տոնավաճառներում տեղաբաշխված խանութներում, անհատ սուբյեկտներին միացան տոնավաճառների վաճառականները, որոնք, առանց իմանալու, որ օրենքը տարածվում է միայն 7 քմ-ից ավելի մակերես ունեցող կրպակների վրա, սկսեցին ցույցեր կազմակերպել, գործադուլ անել եւ այլն: Այդ օրերին զանգվածային լրատվության միջոցներով բուռն քննարկումներ ծավալվեցին, բայց, այնուամենայնիվ, օրենքն ընդունված էր, ու առեւտրականները սուսուփուս դրա հետ հաշտվեցին: Ճիշտ այդ ժամանակ պետք է իրար խառնվեին նաեւ գյուղերի առեւտրականները, որովհետեւ օրենքը նաեւ իրենց էր վերաբերում: Սակայն որոշ գյուղերում ՀԴՄ-ների տեղադրման գործընթացը նոր է սկսվել, եւ գյուղի խանութպանները մինչեւ սեփական աչքերով չեն տեսել սարքը ու կաշվի վրա չեն զգացել ընտանեկան բյուջեին դրա հասցրած վնասները՝ ոտքի չեն ելել: Ընդ որում, մի շարք գյուղերում օրենքի մանրամասների մասին տեղեկություններ չունեն, հաշվիչների «գալուստը» ցնցել է անխտիր բոլոր վաճառականներին, մինչդեռ մարզերի դեպքում օրենքը վերաբերում է միայն 10 քմ-ից ավելի տարածք ունեցող առեւտրի կետերին, իսկ դրանք գյուղերում շատ փոքր թիվ են կազմում: «Թող հլա գան, ես էլ տարիներով կուտակված պարտքերիս ցուցակը կտամ ձեռները, թող գնան, ընկնեն գյուղեգյուղ, թե կարան՝ հավաքեն: Ես ի՞նչ եկամուտ ունեմ, որ մի հատ էլ էդ օյինը հանին մեր գլխին»,- «Առավոտին» բողոքեց Արարատի մարզի Արարատ գյուղի առեւտրականներից մեկը: Նրա դժգոհությանը միացան նաեւ ամենափոքր «բուտկայատերերը», որոնք, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին «սպառնալ», թե «կթողնեմ-կգնամ Ռուսաստան», «խանութս կկողպեքեմ, թող գան՝ քոռ ու փոշման գնան» եւ այլն: Այս օրերին բավական է գյուղում ՀԴՄ-ների մասին խոսք լինի՝ բոլորը հիշում են տոկոսատերերի, վարկերի, թունաքիմիկատների, բերքահավաքի եւ այլ խնդիրների մասին: Նրանցից շատերի համոզմամբ՝ «մկա գյուղացու վրա փորձեր ա կենեն, որ տենան՝ եթե հաջողվավ՝ Էրեւանում էլ կդնեն, բայց սկզբից էտա հըմեն սարքուսուրքը կփաթաթան մեր վզին»: Ավելի մեծ խանութների տերերից մեկն էլ, որի դեպքում օրենքը հստակորեն գործում է, ՀԴՄ-ների տեղադրման առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ հիշեց իր կյանքի բոլոր ձախորդ օրերն ու դժբախտությունները՝ բողոքելով, թե «գիտեն փող ա կտպիմ, տոկոսով եմ փարեն վերցե-դրե էտա խանութի վրեն, բայց մկա չկարամ տակեն դուրս գամ, ուզեցի դաժե խանութն էլ փակեմ ու ուրիշ գործ ճարեմ, բայց ուր գյացի՝ մինչեւ 25 տարեկան աղջիկ ա գուզեն, ես որ քառսընխինգ տարեկան եմ՝ ուրեմն ստեղ թալելու բան եմ»:

Այն, որ գյուղերում նոր են բորբոքվել ՀԴՄ-ների տեղադրման համար, զարմանալի է նաեւ Հարկային պետական ծառայությանը: «Այդ մասին բոլորը գիտեին դեռեւս 1998-ից, որովհետեւ Հայաստանում այդ մեքենաների ներդրման գործընթացը սկսվել է այդ ժամանակվանից: Բացի այդ, 2004-ին օրենքը մանրակրկիտ քննարկվեց, որոշ փոփոխություններ կատարեցին, զարմանալի է, որ գյուղերում այդ լուրերը նոր են հասել»: Եթե խոսքը սահմանամերձ, քաղաքից կտրված մի փոքրիկ գյուղի մասին լիներ, դեռ կարելի էր հասկանալ, որ նման լուրերն այնտեղ 1 տարի ուշացումով են հասել, բայց խոսքն այս դեպքում մայրաքաղաքին համարյա կպած մարզի մասին է:

Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել