Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ

Դեկտեմբեր 01,2005 00:00

ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՑՆԵԼ Խանտի-Մանսիյսկում երեկ շախմատի աշխարհի տղամարդկանց գավաթի խաղարկության երկրորդ տուրի օրն էր: Առաջին արգելքը հաջող հաղթահարած գրոսմայստերները պայքարում են 1/32 եզրափակիչում: Ցավոք, առաջին տուրի ավարտից հետո մեր հանրապետության չորս ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Կարեն Ասրյանն ու Արտաշես Մինասյանը մրցակցությունից դուրս էին մնացել առաջին տուրի արդեն երկրորդ պարտիայից հետո, իսկ Ռաֆայել Վահանյանը, որը երկու ոչ-ոքի ուներ լեհ Ռոբերտ Կեմպինսկու հետ, թայ-բրեքի 25 րոպեանոց (յուրաքանչյուր քայլից հետո մրցակիցներին տրվում էր լրացուցիչ 10 վայրկյան) երկու պարտիաներում պարտություն կրեց ու նույնպես դադարեցրեց պայքարը: Ըստ նոկաուտ համակարգի կանոնների, յուրաքանչյուր տուրի ավարտից հետո մասնակիցների թիվը կիսով չափ կրճատվում է: Այնպես որ, մեկնարկային ցուցակի 127 մասնակիցներից պայքարը շարունակում է 63-ը: Լեւոն Արոնյանը, որի անհատական գործակիցը 2724 է, երեկ սեւ խաղաքարերով առաջին պարտիայում հանդիպեց Ղազախստանի ներկայացուցիչ Դարմեն Սադվոկասովի՝ 2612, հետ: Վերջինն իր հերթին երկու պարտիաների արդյունքով 1,5:0,5 հաշվով հաղթել էր բրազիլացի Ջիլբերտ Միլոշին: Լեւոնը, որ լավ մարզավիճակում է, ու մրցաշրջան-2005-ում բազմաթիվ տպավորիչ հաղթանակներ է տարել ամենատարբեր մակարդակի մրցումներում, այս անգամ էլ ապացուցեց իր բարձր կարգը: Նա խաղացված իսպանական պարտիայում նախ տիրեց նախաձեռնությանը, ապա նաեւ գեղեցիկ ոճով հաղթանակ տարավ: Այսօր, համաձայն մրցակարգի, նրանք խաղատախտակի առջեւ կնստեն երկրորդ անգամ: Լեւոն Արոնյանը խաղալու է սպիտակներով: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել