Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻԻ

Դեկտեմբեր 01,2005 00:00

ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆԸ ԴԱՀԼԻՃ ՉԻ ԼՑՆՈՒՄ Փոխարենը ռաբիս համերգներին «անշլագ» է «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը վերածվել է միջոցառումների հավաքատեղիի, իսկ գյումրեցիներն էլ, իրենց հատուկ հումորով, թատրոնը վերանվանել են «Հեքիաթը կանչե գը»: Վստահ լինելով, որ ասվածը ենթատեքստ ունի, խմբագրություն հրավիրեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին: Նա հաստատեց ասվածը. «Գյումրիի թատրոնի տնօրինությունը լավ ձեւ է գտել: Որպես օրենք՝ շաբաթ եւ կիրակի օրերին կայանում են տարբեր միջոցառումներ, մյուս օրերին՝ ցերեկային ներկայացումներ, եւ այսպես շարունակ»: Ն. Ծատուրյանը տեղեկացրեց նաեւ, որ Գյումրիում գործում է «Նոստալջի» ընկերությունը, իսկ վերջինիս գլուխ կանգնած երկու տղաներ «լավ գործ են անում». օրինակ՝ ռաբիս համերգների ժամանակ կարողանում են լիքը դահլիճ ապահովել: Ըստ Ն. Ծատուրյանի՝ ընկերության կազմակերպած ռաբիս համերգների տոմսի արժեքը հասնում է մի քանի հազարի. «Սա այն դեպքում, երբ բարձրաձայնվում է, թե գյումրեցին փող չունի: Իսկ մեր ներկայացումների տոմսի արժեքը հազիվ հասնում է հազար դրամի»: Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ քանիցս տնօրինությանը խնդրել է, որ գոնե 100 հանդիսատես ապահովի: Ի պատասխան նշվել է, որ նույն բեմադրությունը 5 անգամ ներկայացնելուց հետո, նույնիսկ մեկ հանդիսատես չի գալիս: Ն. Ծատուրյանը, իրեն համոզելու համար, «Գավառային անեկդոտների» 5-րդ ներկայացումից առաջ ընկերոջ հետ շրջել է Գյումրիում եւ կարճ ասած՝ էստի համեցեք արել, ինչի արդյունքում 250 հանդիսատես է հավաքել: Սակավ հանդիսատես ունենալու պատճառը, գեղարվեստական ղեկավարի կարծիքով, վատ գովազդն է եւ տնօրինության վատ աշխատանքը: «Տեղի հեռուստատեսությամբ հետեւյալ կերպ է գնում իրենց թատրոնի գովազդը: Այսպես. էսինչ թաղամասում վաճառվում է բնակարան, Աճեմյանի անվան թատրոնը էսինչ օրը կխաղա …, վաճառվում է ընտիր համուհոտով, արդար, զուլալ «Աֆտաբ» յուղ… Ասածս՝ հեռուստատեսությունում առայժմ գրագետ գովազդի բացակայությունն է»,- նշեց Ն. Ծատուրյանը: Հավելեց նաեւ, որ ցանկության դեպքում կարելի է, օրինակ, Գյումրիի 58-րդ թաղամասից տրանսպորտային միջոցներով հանդիսատեսին բերել ներկայացման. «Նշածս թաղամասը կենտրոնից հեռու է այնքան, ինչքան Երեւանից Արարատը: Մարդիկ էլ մտածում են՝ լավ, ներկայացումը դիտեցինք, բա տուն ո՞նց հասնենք»: Հարցին՝ ձեր հավաստիացմամբ, թատրոնը լավ եկամուտներ ունի 650 տեղանոց դահլիճը վարձակալությամբ տրվելով, ո՞ւր են գնում այդ գումարները, Ն. Ծատուրյանը բարձրաձայնեց. «Տնօրինությանը երբ հարցնես՝ փող չկա: Ես էլ արվեստագետ մարդ եմ, ինձ թույլ չեմ տալիս մտնել հաշիվների մեջ, ճշտել»: Հարցին՝ մեկ տարի է, ինչ ղեկավարում եք թատրոնը. քանի՞ ներկայացում կա խաղացանկում, գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ ութ բեմադրություն է իրականացվել, այդ թվում՝ երկու ներկայացում վերականգնվել է: Նկատենք, որ երեւանյան թատրոնների, էլ չասենք՝ Գյումրիի թատրոնի մասին, ութ ներկայացում՝ մեկ տարվա ընթացքում, ռեկորդային ցուցանիշ է: Այս դիտարկմանն էլ պարոն Ծատուրյանը ասաց, որ ֆինանսի սղության պատճառով իրենք ընդամենը 400-500 դոլարի սահմաններում են ներկայացումներ բեմադրում. «Աշխատում ենք, որ դեկորները քիչ լինեն կամ օգտագործում ենք մյուս ներկայացումների զգեստները: Բայց դրանից ներկայացման որակը չի տուժում»: Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ արդեն մեկ տարի է՝ քաշքշուկի պատճառով թատրոնը չի կարողանում ստանալ բարերար Վ. Հովնանյանի նվիրաբերած 25 հազար դոլարը: Ն. Ծատուրյանին հիշեցրինք, որ ինքը ՕԵԿ անդամ է եւ մշակույթի նախարարի բարեկամը, ինչո՞ւ չի օգտագործում այդ լծակները: Մի փոքր լռելուց հետո նա տվեց այլ հարցի պատասխան. «Եթե ոչինչ չփոխվի թատրոնում, մնում եմ ի՞նչ անեմ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել