Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՅԼԸ

Դեկտեմբեր 01,2005 00:00

ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎՈՒՄ Գալուստ Սահակյանի եղբորորդին շարունակում է «քցել» Աջափնյակ թաղամասի Արզումանյան 19 շենքի 59 բնակարանի բնակիչ Աստղիկ Դանիելյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ ներկայացնելով կոնկրետ հանցագործությանն առնչվող փաստաթղթեր: Գլխավոր դատախազը քաղաքացու դիմումը մակագրել էր նախաքննության եւ հետաքննության (գրված է՝ հատաքննության) օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն, որի դատախազներից մեկն էլ՝ Կ. Մարտիրոսյանը, իր հերթին դիմումն ուղարկել էր Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների դատախազ Է. Անդրիկյանին «հավելյալ» հանձնարարականով՝ «անհրաժեշտ է ստուգել դիմումի մեջ նշված փաստերը, լուծել ընթացքը եւ պատասխանել քաղաքացուն» (նոյեմբերի 18): Հարցը փակվեց նրանով, որ դատախազությունը Ա. Դանիելյանին «հուշեց», որ «նշված հարցով պետք է դիմի առաջին ատյանի դատարան»: Ա. Դանիելյանը համոզված է, որ դատախազությունը ընթացք չէր կարող տալ, քանի որ իր բողոքն առնչվում էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի եղբորորդուն՝ Գոռ Գագիկի Սահակյանին: Վերջինս անցյալ տարվա դեկտեմբերի 22-ից ժամանակավոր զբաղեցրել է Ա. Դանիելյանի բնակարանը (հարեւանների խնդրանքով, քանի որ վերջինս նրանց փեսան է), բանավոր պայմանավորվելով, որ կվճարի միայն կոմունալ ծախսերը: Սակայն, տիկին Աստղիկը ենթադրում է, որ Գոռ Սահակյանը ինչ-ինչ առնչություններ ունի մարմնավաճառային բիզնեսի հետ: Այն, որ վերջինս կապված էր Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող մարմնավաճառների հետ, ցույց են տալիս «Առավոտի» տրամադրության տակ եղած հեռախոսային խոսակցությունների տվյալները, որի արդյունքում Աստղիկ Դանիելյանին «ԱրմենՏելը» ներկայացրել էր 423.191 դրամ պարտքի ծանուցագիր: «ԱրմենՏելը» զգուշացրել էր՝ պարտքերը չմարելու դեպքում անջատել հեռախոսը եւ դիմել դատարան, ինչը եւ արել է: Գոռ Սահակյանը 2005թ. մայիսի 13-ին, չմարելով պարտքերը, նույնիսկ չտեղեկացնելով դրանց մասին, հեռացել էր բնակարանից, իսկ երբ Ա. Դանիելյանը պահանջել էր գումարը, նա ասել էր, որ իր զորեղ հորեղբայրը հարցերը կլուծի: Ա. Դանիելյանը դիմել էր զորեղ հորեղբորը, իսկ Գալուստ Սահակյանը պատասխանել էր. «Մենք հոգնել ենք նրանից, դիմեք դատարան»: Այն՝ ինչ խորհուրդ էին տվել դատախազությունում: Ուշադրության արժանի է այն, որ երբ այս տարվա մարտի 14-ին պոռնկության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց Նունե Խչեյանի եւ Նելլի Հարությունյանի դեմ, գործի նյութերում նշվում է հետեւյալը. «Նրանք 2004 թ. նոյեմբեր-դեկտեմբերին պոռնկությամբ զբաղվելու նպատակով հավաքագրել եւ ոմն Գոռ-Գագիկի միջոցով շարունակել են ԱՄԷ ուղարկել պոտենցիալ մարմնավաճառների Երեւանից՝ Հասմիկ Հակոբյանին, Մելանյա Մարտիրոսյանին, որպեսզի նրանց Դուբայ ուղարկեն…»: Մեր հրապարակման 34-ամյա հերոսը տուժողին պարտավորագիր էր գրել, որում նշել է. «Օգտվել եմ բնակարանի կոմունալ ծառայությունից եւ «ԱրմենՏելի» հեռախոսային կապից: 2005թ. իմ կողմից օգտագործած հեռախոսային կապից առաջացել է 423.191 դրամ պարտք, որը պարտավորվում եմ վճարել մինչեւ սեպտեմբերի 15-ը, չվճարելու դեպքում կրում եմ պատասխանատվություն»: Ընդ որում, դա արվել էր վկայի ներկայությամբ: Սակայն «սայլը տեղից չի շարժվել»: Ոչ խարդախության հատկանիշներով, ոչ քաղաքացու վստահությունը չարաշահելու, ոչ էլ դուբայական կապերի հատկանիշներով քրեական գործ չի հարուցվել: Հուսանք, որ դատախազությունը կառաջնորդվի Քրեական օրենսգրքի 179 հոդվածով, այս կդիտի «Կատարված հանցագործությունների մասին հաղորդում մամուլում», մանավանդ կան տեղեկություններ, որ Ա. Դանիելյանը Գ. Սահակյանից միակ տուժածը չէ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել