Լրահոս
Օրվա լրահոսը

Թեքահարթակներ՝

Դեկտեմբեր 01,2005 00:00

Թեքահարթակներ՝ «պտիչկայի» համար Հաշմանդամները դրանց պատճառով «ջարդուփշուր» են լինում Եվրոպայի կողմից «պտիչկա» ստանալու համար կառավարությունը նոր ռազմավարություն է մշակել, որով պետք է լուծվեն նաեւ հաշմանդամների տեղաշարժվելու խնդիրները: Սակայն իրենք՝ մշակողներն էլ դժվարանում են ասել, թե երբվանից այն գործնականում կկիրառվի: Մինչդեռ «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միության նախագահ Լեւոն Ներսիսյանը երեկ կազմակերպված քննարկման ժամանակ «կաշվից դուրս էր գալիս» իշխանության ներկայացուցիչներին համոզելու, որ խնդիրը հրատապ է, եւ որ հաշմանդամները չեն կարող սպասել: Այժմ էլ հանրապետությունում մեծածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում, սակայն մատչելիության խնդիրը կրկին անտեսվում է: Մինչ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Ռազմիկ Օհանյանը երկար-բարակ բացատրում էր, թե քաղաքաշինության մասին օրենքում հօգուտ հաշմանդամների ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, հաշմանդամ Արմեն Ալավերդյանը հետաքրքրվեց, թե քաղաքապետարանի նորակառույց շենքի անմատչելիության համար ո՞ւմ պետք է պատասխանատվության ենթարկել. «Շենք մուտք գործելը մեծ դժվարությունների հետ է կապված»: Պարզվեց՝ պատվիրատուին: Ըստ Ռ. Օհանյանի, նախագծողները առաջին հերթին պարտավոր են հաշվի առնել տեղաշարժվելու խնդիրներ ունեցողների իրավունքները, ոչ թե նախապատվությունը տալ պատվիրատուի պահանջներին: Ա. Ալավերդյանը գտնում էր, որ վերջերս «Լինսիով» կառուցված թեքահարթակներն էլ անհուսալի են, քանի որ դրանց մոտ տեղադրված 3-4 սանտիմետրանոց «բորդյուրները» հենց հաշմանդամին սպառնացող վտանգ են. «Հաշմանդամը սայլակով հասնում է բորդյուրին ու քիթ-բերանի վրա շուռ է գալիս»: Տրանսպորտային միջոցների հարմարեցված լինելու հարցը քննարկելիս՝ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչն արդարացավ, որ իրենց կառույցը տրանսպորտ չունի, որ հաշմանդամներին հարմարեցնի ու տրամադրի, իրենք միայն քաղաքականություն մշակող են: Միության նախագահը միջամտեց. «Դուք էլ մրցութային փաթեթում պահանջ դրեք, որ տվյալ կազմակերպության գոնե մի քանի ավտոբուս հաշմանդամների համար հարմարեցված կահավորանքով լինի: Անկախ օրենքից, պետք է կազմակերպություններին պարտադրել, քանի որ նրանք քաղաքացուն ծառայություն են մատուցում եւ այդ քաղաքացիների թվում կարող են եւ հաշմանդամներ լինել»: Տրանսպորտի եւ կապի նախարարության՝ հաշմանդամներին տված միակ արտոնությունը էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելն է, ընդ որում՝ եւ մայրաքաղաքի, եւ մարզերի հեռավոր գյուղերի հաշմանդամների դեպքում արտոնությունը նույնն է: Թեքեյան կենտրոնը, որտեղ կազմակերպված էր քննարկումը եւ որին մասնակցում էին նաեւ հաշմանդամներ՝ նույնպես հարմարեցված չէր, եւ մինչեւ երկրորդ հարկ հաշմանդամների սայլակները գրկած էին բարձրացնում: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել