Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Դեկտեմբեր 01,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԿԱՇԱՌԵԼ, ԵԹԵ ԿԱՐԵԼԻ Է ԼՑՈՆԵԼ Հասարակական տեղեկատվական կենտրոնի զեկույցի համաձայն՝ ընտրակաշառքի համար հատկացված գումարները յուրացվել էին, քանի որ գերադասվել էր արդյունք «ապահովելու» ավելի էժան ձեւը՝ լցոնումը: Այս զեկույցը կազմվել է Հասարակական տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցող Հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի, «Ժառանգություն», «Հանրապետություն», ՀԺԿ, «Ազգային միաբանություն», «Ժողովրդավարական հայրենիք», ԱԺՄ ու նաեւ մի շարք կազմակերպությունների դիտորդների վկայությունների հիման վրա: Զեկույցի եզրակացությունն է, թե սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չի համապատասխանել ժողովրդավարության միջազգային չափանիշներին. «Հանրաքվեի նախապատրաստական փուլն ու քարոզչությունը, հանրաքվեի ընթացքն ու արդյունքների ամփոփումը ուղեկցվել են զանգվածային բնույթի լուրջ խախտումներով, որոնք փոխել են հանրաքվեի ելքը»: Հասարակական տեղեկատվական կենտրոնը նշում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակումը եւ քննարկումը չեն ընթացել հանրային, քաղաքական լայն ներգրավվածության պայմաններում, բացի այդ՝ նախագիծը խորհրդարանն ընդունել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտումներով՝ բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու պայմաններում: Հիշեցված է նաեւ, որ քարոզչությունն ընթացել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հանրաքվեի մասին» օրենքների պարբերական եւ կոպիտ խախտումներով. «Հանրաքվեի քարոզչության, կազմակերպական փուլի եւ ընթացքի վրա, ինչպես որ 2003թ. նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, բացասաբար է ազդել լրատվական դաշտում ազատության ու մրցակցության բացակայությունը, որն արդյունք է «Ա1+», «ՆՏ» անկախ հեռուստաընկերությունների՝ օրենքի խախտումներով եթերազրկման: Իշխանություններն այդպես էլ չեն կատարել 2000թ.-ից ի վեր ԵԽԽՎ փաստաթղթերում, մասնավորապես թիվ 1361, 1374 բանաձեւերում այդ հեռուստաընկերությունները վերաբացելու պահանջները»: Նշված է նաեւ, որ 2003-ի ընտրությունների համեմատ՝ հանրաքվեի նախապատրաստման ընթացքն ակնհայտ հետընթաց է արձանագրել, որի պատճառներն են. «եվրոպական կառույցների որոշ չինովնիկների աջակցությունը կատարվող օրինախախտումներին, 2003թ. ընտրախախտողներին պատասխանատվության չկանչելը, 2005թ. ՏԻՄ ընտրությունների զանգվածային խախտումներն անհետեւանք թողնելը»: Սակայն դառնանք հանրաքվեի բուն օրվան, որն, ըստ զեկույցի, ուղեկցվել է «համատարած բռնություններով, սպառնալիքներով, լցոնումներով: Չնայած ընտրողների ցածր մասնակցությանը՝ պաշտոնապես հայտարարվել են հանրաքվեի մասնակիցների բազմապատիկ ուռճացված թվեր»: Հանրապետության բոլոր ընտրատեղամասերում հավատարմագրված դիտորդների վկայությունները հակասում են այն պնդմանը, որը մինչ հանրաքվեն տարբեր առիթներով անում էր ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, թե արդեն իսկ մոռացել ենք «լցոնում» բառը. նոյեմբերի 27-ին հիմնական խախտման տեսակը հենց լցոնումն էր. «Լցոնումների զգալի մասը կատարվել է դիտորդների ներկայությամբ: Որոշ լցոնումներ կատարվել են մինչեւ քվեարկության սկիզբը: Առավոտյան ժամը 7:00-ին այցելելով տեղամաս՝ դիտորդները հայտնաբերել են կիսով չափ կամ ամբողջությամբ լիքը քվեատուփեր: Որոշ տարածքներում հանձնաժողովի անդամները, հանցավոր խմբավորումները, անգամ մարզպետները (Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը՝ ՕԵԿ-ից), ԱԺ պատգամավորները եւ այլ պաշտոնյաներ անձամբ են դիտորդներին սպառնալիքների ու բռնությունների միջոցով հեռացրել ընտրական տեղամասերից եւ հետո լցոնել»: Զեկույցում նաեւ նշված է, որ հանձնաժողովների նախագահները հիմնականում չեն ստորագրել ընտրախախտումների վերաբերյալ դիտորդների կազմած արձանագրությունները. «Իսկ առավել հաճախ՝ բռնությունները կիրառվել են հենց նման արձանագրություններ կազմելու համար»: Նշված են բաց քվեարկության փաստերը, որ մասնավորապես այդպես են քվեարկել զինվորները. «Բաց քվեարկությունը վերահսկել են նրանց խմբերով տեղամաս բերած հրամանատարները»: Նշված է նաեւ, թե դիտարկվել են բազմակի քվեարկության «թե՛ անհատական, թե՛ խմբակային դեպքեր»: Զեկույցի ամենաուշագրավ դիտարկումներից մեկը հետեւյալն է. «Հանրաքվեի ընթացքում «այո» քվեարկելու օգտին բաժանված ընտրակաշառքի դեպքերը, ի տարբերություն նախորդած ընտրությունների, որոշ չափով նվազել էին: Ըստ դիտորդների կողմից հայթայթված կոնֆիդենցիալ բնույթի տեղեկատվության՝ ընտրակաշառքի համար հատկացված գումարները յուրացվել էին հանրաքվեի կազմակերպիչների կողմից, քանի որ նրանք գերադասել էին արդյունք «ապահովելու» ավելի էժան ձեւը՝ լցոնումները»: Այդուհանդերձ, այս ընտրախախտումն արձանագրվել է հատկապես Արարատի եւ Կոտայքի մարզերում, այդ թվում՝ Մասիս, Արարատ, Աբովյան քաղաքներում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել