Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԻԱՑՆԵԼ

Դեկտեմբեր 01,2005 00:00

Խանտի-Մանսիյսկում
երեկ շախմատի աշխարհի տղամարդկանց գավաթի խաղարկության երկրորդ տուրի օրն էր: Առաջին
արգելքը հաջող հաղթահարած գրոսմայստերները պայքարում են 1/32 եզրափակիչում: Ցավոք,
առաջին տուրի ավարտից հետո մեր հանրապետության չորս ներկայացուցիչներից պայքարը շարունակում
է միայն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Կարեն Ասրյանն ու Արտաշես Մինասյանը մրցակցությունից
դուրս էին մնացել առաջին տուրի արդեն երկրորդ պարտիայից հետո, իսկ Ռաֆայել Վահանյանը,
որը երկու ոչ-ոքի ուներ լեհ Ռոբերտ Կեմպինսկու հետ, թայ-բրեքի 25 րոպեանոց (յուրաքանչյուր
քայլից հետո մրցակիցներին տրվում էր լրացուցիչ 10 վայրկյան) երկու պարտիաներում պարտություն
կրեց ու նույնպես դադարեցրեց պայքարը: Ըստ նոկաուտ համակարգի կանոնների, յուրաքանչյուր
տուրի ավարտից հետո մասնակիցների թիվը կիսով չափ կրճատվում է: Այնպես որ, մեկնարկային
ցուցակի 127 մասնակիցներից պայքարը շարունակում է 63-ը: Լեւոն Արոնյանը, որի
անհատական գործակիցը 2724 է, երեկ սեւ խաղաքարերով առաջին պարտիայում հանդիպեց Ղազախստանի
ներկայացուցիչ Դարմեն Սադվոկասովի՝ 2612, հետ: Վերջինն իր հերթին երկու պարտիաների
արդյունքով 1,5:0,5 հաշվով հաղթել էր բրազիլացի Ջիլբերտ Միլոշին: Լեւոնը,
որ լավ մարզավիճակում է, ու մրցաշրջան-2005-ում բազմաթիվ տպավորիչ հաղթանակներ է
տարել ամենատարբեր մակարդակի մրցումներում, այս անգամ էլ ապացուցեց իր բարձր կարգը:
Նա խաղացված իսպանական պարտիայում նախ տիրեց նախաձեռնությանը, ապա նաեւ գեղեցիկ ոճով
հաղթանակ տարավ: Այսօր, համաձայն մրցակարգի, նրանք խաղատախտակի առջեւ կնստեն երկրորդ
անգամ: Լեւոն Արոնյանը խաղալու է սպիտակներով: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել