Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆԸ ԴԱՀԼԻՃ ՉԻ ԼՑՆՈՒՄ

Դեկտեմբեր 01,2005 00:00

Փոխարենը
ռաբիս համերգներին «անշլագ» է «Առավոտին» հասած տեղեկությունների
համաձայն՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը վերածվել է միջոցառումների
հավաքատեղիի, իսկ գյումրեցիներն էլ, իրենց հատուկ հումորով, թատրոնը վերանվանել են
«Հեքիաթը կանչե գը»: Վստահ լինելով, որ ասվածը ենթատեքստ ունի, խմբագրություն
հրավիրեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին: Նա հաստատեց
ասվածը. «Գյումրիի թատրոնի տնօրինությունը լավ ձեւ է գտել: Որպես օրենք՝ շաբաթ եւ
կիրակի օրերին կայանում են տարբեր միջոցառումներ, մյուս օրերին՝ ցերեկային ներկայացումներ,
եւ այսպես շարունակ»: Ն. Ծատուրյանը տեղեկացրեց նաեւ, որ Գյումրիում գործում է «Նոստալջի»
ընկերությունը, իսկ վերջինիս գլուխ կանգնած երկու տղաներ «լավ գործ են անում». օրինակ՝
ռաբիս համերգների ժամանակ կարողանում են լիքը դահլիճ ապահովել: Ըստ Ն. Ծատուրյանի՝
ընկերության կազմակերպած ռաբիս համերգների տոմսի արժեքը հասնում է մի քանի հազարի.
«Սա այն դեպքում, երբ բարձրաձայնվում է, թե գյումրեցին փող չունի: Իսկ մեր ներկայացումների
տոմսի արժեքը հազիվ հասնում է հազար դրամի»: Գեղարվեստական ղեկավարը հայտնեց,
որ քանիցս տնօրինությանը խնդրել է, որ գոնե 100 հանդիսատես ապահովի: Ի պատասխան նշվել
է, որ նույն բեմադրությունը 5 անգամ ներկայացնելուց հետո, նույնիսկ մեկ հանդիսատես
չի գալիս: Ն. Ծատուրյանը, իրեն համոզելու համար, «Գավառային անեկդոտների» 5-րդ ներկայացումից
առաջ ընկերոջ հետ շրջել է Գյումրիում եւ կարճ ասած՝ էստի համեցեք արել, ինչի արդյունքում
250 հանդիսատես է հավաքել: Սակավ հանդիսատես ունենալու պատճառը, գեղարվեստական ղեկավարի
կարծիքով, վատ գովազդն է եւ տնօրինության վատ աշխատանքը: «Տեղի հեռուստատեսությամբ
հետեւյալ կերպ է գնում իրենց թատրոնի գովազդը: Այսպես. էսինչ թաղամասում վաճառվում
է բնակարան, Աճեմյանի անվան թատրոնը էսինչ օրը կխաղա …, վաճառվում է ընտիր համուհոտով,
արդար, զուլալ «Աֆտաբ» յուղ… Ասածս՝ հեռուստատեսությունում առայժմ գրագետ գովազդի
բացակայությունն է»,- նշեց Ն. Ծատուրյանը: Հավելեց նաեւ, որ ցանկության դեպքում կարելի
է, օրինակ, Գյումրիի 58-րդ թաղամասից տրանսպորտային միջոցներով հանդիսատեսին բերել
ներկայացման. «Նշածս թաղամասը կենտրոնից հեռու է այնքան, ինչքան Երեւանից Արարատը:
Մարդիկ էլ մտածում են՝ լավ, ներկայացումը դիտեցինք, բա տուն ո՞նց հասնենք»: Հարցին՝
ձեր հավաստիացմամբ, թատրոնը լավ եկամուտներ ունի 650 տեղանոց դահլիճը վարձակալությամբ
տրվելով, ո՞ւր են գնում այդ գումարները, Ն. Ծատուրյանը բարձրաձայնեց. «Տնօրինությանը
երբ հարցնես՝ փող չկա: Ես էլ արվեստագետ մարդ եմ, ինձ թույլ չեմ տալիս մտնել հաշիվների
մեջ, ճշտել»: Հարցին՝ մեկ տարի է, ինչ ղեկավարում եք թատրոնը. քանի՞ ներկայացում
կա խաղացանկում, գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ ութ բեմադրություն է իրականացվել,
այդ թվում՝ երկու ներկայացում վերականգնվել է: Նկատենք, որ երեւանյան թատրոնների,
էլ չասենք՝ Գյումրիի թատրոնի մասին, ութ ներկայացում՝ մեկ տարվա ընթացքում, ռեկորդային
ցուցանիշ է: Այս դիտարկմանն էլ պարոն Ծատուրյանը ասաց, որ ֆինանսի սղության պատճառով
իրենք ընդամենը 400-500 դոլարի սահմաններում են ներկայացումներ բեմադրում. «Աշխատում
ենք, որ դեկորները քիչ լինեն կամ օգտագործում ենք մյուս ներկայացումների զգեստները:
Բայց դրանից ներկայացման որակը չի տուժում»: Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց,
որ արդեն մեկ տարի է՝ քաշքշուկի պատճառով թատրոնը չի կարողանում ստանալ բարերար Վ.
Հովնանյանի նվիրաբերած 25 հազար դոլարը: Ն. Ծատուրյանին հիշեցրինք, որ ինքը ՕԵԿ անդամ
է եւ մշակույթի նախարարի բարեկամը, ինչո՞ւ չի օգտագործում այդ լծակները: Մի փոքր
լռելուց հետո նա տվեց այլ հարցի պատասխան. «Եթե ոչինչ չփոխվի թատրոնում, մնում եմ
ի՞նչ անեմ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել