Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎՈՒՄ

Դեկտեմբեր 01,2005 00:00

Գալուստ Սահակյանի եղբորորդին շարունակում
է «քցել» Աջափնյակ թաղամասի Արզումանյան 19 շենքի 59 բնակարանի
բնակիչ Աստղիկ Դանիելյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ ներկայացնելով
կոնկրետ հանցագործությանն առնչվող փաստաթղթեր: Գլխավոր դատախազը քաղաքացու դիմումը
մակագրել էր նախաքննության եւ հետաքննության (գրված է՝ հատաքննության) օրինականության
նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն, որի դատախազներից մեկն էլ՝ Կ. Մարտիրոսյանը,
իր հերթին դիմումն ուղարկել էր Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների դատախազ Է. Անդրիկյանին
«հավելյալ» հանձնարարականով՝ «անհրաժեշտ է ստուգել դիմումի մեջ նշված փաստերը, լուծել
ընթացքը եւ պատասխանել քաղաքացուն» (նոյեմբերի 18): Հարցը փակվեց նրանով, որ դատախազությունը
Ա. Դանիելյանին «հուշեց», որ «նշված հարցով պետք է դիմի առաջին ատյանի դատարան»:
Ա. Դանիելյանը համոզված է, որ դատախազությունը ընթացք չէր կարող տալ, քանի որ իր
բողոքն առնչվում էր ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի եղբորորդուն՝
Գոռ Գագիկի Սահակյանին: Վերջինս անցյալ տարվա դեկտեմբերի 22-ից ժամանակավոր զբաղեցրել
է Ա. Դանիելյանի բնակարանը (հարեւանների խնդրանքով, քանի որ վերջինս նրանց փեսան
է), բանավոր պայմանավորվելով, որ կվճարի միայն կոմունալ ծախսերը: Սակայն, տիկին Աստղիկը
ենթադրում է, որ Գոռ Սահակյանը ինչ-ինչ առնչություններ ունի մարմնավաճառային բիզնեսի
հետ: Այն, որ վերջինս կապված էր Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող մարմնավաճառների
հետ, ցույց են տալիս «Առավոտի» տրամադրության տակ եղած հեռախոսային խոսակցությունների
տվյալները, որի արդյունքում Աստղիկ Դանիելյանին «ԱրմենՏելը» ներկայացրել էր 423.191
դրամ պարտքի ծանուցագիր: «ԱրմենՏելը» զգուշացրել էր՝ պարտքերը չմարելու դեպքում անջատել
հեռախոսը եւ դիմել դատարան, ինչը եւ արել է: Գոռ Սահակյանը 2005թ. մայիսի
13-ին, չմարելով պարտքերը, նույնիսկ չտեղեկացնելով դրանց մասին, հեռացել էր բնակարանից,
իսկ երբ Ա. Դանիելյանը պահանջել էր գումարը, նա ասել էր, որ իր զորեղ հորեղբայրը
հարցերը կլուծի: Ա. Դանիելյանը դիմել էր զորեղ հորեղբորը, իսկ Գալուստ Սահակյանը
պատասխանել էր. «Մենք հոգնել ենք նրանից, դիմեք դատարան»: Այն՝ ինչ խորհուրդ էին
տվել դատախազությունում: Ուշադրության արժանի է այն, որ երբ այս տարվա մարտի
14-ին պոռնկության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց Նունե Խչեյանի եւ Նելլի
Հարությունյանի դեմ, գործի նյութերում նշվում է հետեւյալը. «Նրանք 2004 թ. նոյեմբեր-դեկտեմբերին
պոռնկությամբ զբաղվելու նպատակով հավաքագրել եւ ոմն Գոռ-Գագիկի միջոցով շարունակել
են ԱՄԷ ուղարկել պոտենցիալ մարմնավաճառների Երեւանից՝ Հասմիկ Հակոբյանին, Մելանյա
Մարտիրոսյանին, որպեսզի նրանց Դուբայ ուղարկեն…»: Մեր հրապարակման 34-ամյա հերոսը
տուժողին պարտավորագիր էր գրել, որում նշել է. «Օգտվել եմ բնակարանի կոմունալ ծառայությունից
եւ «ԱրմենՏելի» հեռախոսային կապից: 2005թ. իմ կողմից օգտագործած հեռախոսային կապից
առաջացել է 423.191 դրամ պարտք, որը պարտավորվում եմ վճարել մինչեւ սեպտեմբերի 15-ը,
չվճարելու դեպքում կրում եմ պատասխանատվություն»: Ընդ որում, դա արվել էր վկայի ներկայությամբ:
Սակայն «սայլը տեղից չի շարժվել»: Ոչ խարդախության հատկանիշներով, ոչ քաղաքացու վստահությունը
չարաշահելու, ոչ էլ դուբայական կապերի հատկանիշներով քրեական գործ չի հարուցվել:
Հուսանք, որ դատախազությունը կառաջնորդվի Քրեական օրենսգրքի 179 հոդվածով, այս կդիտի
«Կատարված հանցագործությունների մասին հաղորդում մամուլում», մանավանդ կան տեղեկություններ,
որ Ա. Դանիելյանը Գ. Սահակյանից միակ տուժածը չէ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել