Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թեքահարթակներ՝ «պտիչկայի» համար

Դեկտեմբեր 01,2005 00:00

Հաշմանդամները դրանց պատճառով «ջարդուփշուր»
են լինում Եվրոպայի կողմից «պտիչկա» ստանալու համար կառավարությունը
նոր ռազմավարություն է մշակել, որով պետք է լուծվեն նաեւ հաշմանդամների տեղաշարժվելու
խնդիրները: Սակայն իրենք՝ մշակողներն էլ դժվարանում են ասել, թե երբվանից այն գործնականում
կկիրառվի: Մինչդեռ «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միության նախագահ Լեւոն
Ներսիսյանը երեկ կազմակերպված քննարկման ժամանակ «կաշվից դուրս էր գալիս» իշխանության
ներկայացուցիչներին համոզելու, որ խնդիրը հրատապ է, եւ որ հաշմանդամները չեն կարող
սպասել: Այժմ էլ հանրապետությունում մեծածավալ շինարարական աշխատանքներ են
կատարվում, սակայն մատչելիության խնդիրը կրկին անտեսվում է: Մինչ քաղաքաշինության
նախարարության ներկայացուցիչ Ռազմիկ Օհանյանը երկար-բարակ բացատրում էր, թե քաղաքաշինության
մասին օրենքում հօգուտ հաշմանդամների ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, հաշմանդամ
Արմեն Ալավերդյանը հետաքրքրվեց, թե քաղաքապետարանի նորակառույց շենքի անմատչելիության
համար ո՞ւմ պետք է պատասխանատվության ենթարկել. «Շենք մուտք գործելը մեծ դժվարությունների
հետ է կապված»: Պարզվեց՝ պատվիրատուին: Ըստ Ռ. Օհանյանի, նախագծողները առաջին հերթին
պարտավոր են հաշվի առնել տեղաշարժվելու խնդիրներ ունեցողների իրավունքները, ոչ թե
նախապատվությունը տալ պատվիրատուի պահանջներին: Ա. Ալավերդյանը գտնում էր, որ վերջերս
«Լինսիով» կառուցված թեքահարթակներն էլ անհուսալի են, քանի որ դրանց մոտ տեղադրված
3-4 սանտիմետրանոց «բորդյուրները» հենց հաշմանդամին սպառնացող վտանգ են. «Հաշմանդամը
սայլակով հասնում է բորդյուրին ու քիթ-բերանի վրա շուռ է գալիս»: Տրանսպորտային միջոցների
հարմարեցված լինելու հարցը քննարկելիս՝ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչն
արդարացավ, որ իրենց կառույցը տրանսպորտ չունի, որ հաշմանդամներին հարմարեցնի ու
տրամադրի, իրենք միայն քաղաքականություն մշակող են: Միության նախագահը միջամտեց.
«Դուք էլ մրցութային փաթեթում պահանջ դրեք, որ տվյալ կազմակերպության գոնե մի քանի
ավտոբուս հաշմանդամների համար հարմարեցված կահավորանքով լինի: Անկախ օրենքից, պետք
է կազմակերպություններին պարտադրել, քանի որ նրանք քաղաքացուն ծառայություն են մատուցում
եւ այդ քաղաքացիների թվում կարող են եւ հաշմանդամներ լինել»: Տրանսպորտի եւ
կապի նախարարության՝ հաշմանդամներին տված միակ արտոնությունը էլեկտրատրանսպորտով
անվճար երթեւեկելն է, ընդ որում՝ եւ մայրաքաղաքի, եւ մարզերի հեռավոր գյուղերի հաշմանդամների
դեպքում արտոնությունը նույնն է: Թեքեյան կենտրոնը, որտեղ կազմակերպված էր քննարկումը
եւ որին մասնակցում էին նաեւ հաշմանդամներ՝ նույնպես հարմարեցված չէր, եւ մինչեւ
երկրորդ հարկ հաշմանդամների սայլակները գրկած էին բարձրացնում: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել