Ասում է ԱԺ նախագահ Արթուր
Բաղդասարյանը – Որեւէ մեկը չէր կասկածում, որ իշխանությունները
հանրաքվեն կեղծելու են, բայց այս չափերի կեղծիքներով կարելի է Գինեսի գիրք մտնել…
Ձայների կեղծումը նման է խնջույքի՝ ժանտախտի ժամին՝ հոգեբանական, բարոյական, մարդկային
ու քաղաքական ժանտախտի: – Ակնհայտ է, որ լցոնումներ եղել են, եւ ես համամիտ
եմ, որ այն մեզ պատիվ չի բերում: Եվ բոլոր նրանք, ովքեր արջի ծառայություն են մատուցել,
գործել են մեր առաջընթացի դեմ: Գիտե՞ք՝ քաղաքական գործիչները կամ ուժերը ոչ մի ազդեցություն
չունեն կրիմինալ հոգեբանությամբ առաջնորդվող որոշ մարդկանց նկատմամբ, որոնք իրենց
շեֆերին հաճոյանալու համար պատրաստ են ամեն ինչի: Ավելին՝ երեւի ոմանք հանրաքվեն
շփոթել էին ընտրությունների հետ: Ես կարծում եմ, որ պետք է այս ամենից լուրջ քաղաքական
եւ իրավական հետեւություններ անել: Ակնհայտ է, որ հասարակության մեջ հույսի եւ հավատի
ճգնաժամ է կուտակված: Եվ այն էլ բավականին տեւական ժամանակ: Ու, ցավոք, հանրաքվեն
էլ անցավ այս մթնոլորտում, ուստի խորքային գնահատականներ են անհրաժեշտ ոչ միայն իրավիճակը
հասկանալու, այլ նաեւ ելքեր առաջարկելու կամ գոնե հասարակական քննարկում նախաձեռնելու
համար: – Ի՞նչ խորքային գնահատականներ նկատի ունեք, հատկապես, եթե հաշվի առնենք
այն իրողությունը, որ Հայաստանում արդեն տեւական ժամանակ իշխանափոխության գործընթաց
է սկսված: – Հայաստանում վերջին 15 տարիների բոլոր ընտրությունները, բացի
ՀՀ առաջին նախագահի 1991թ. եւ առաջին Գերագույն խորհրդի ընտրություններից, որակվել
են կեղծված կամ լեգիտիմության ոչ բավարար աստիճան ունեցող, ըստ որում՝ այդպես գնահատվել
են մինչեւ բուն ընտրությունը: Այսինքն՝ այն հարցը, որ դուք այսօր տալիս եք, նույն
կերպ տրվել է 1995 թ. սկսած անխտիր բոլոր ընտրական գործընթացներից եւ առաջ, եւ հետո:
Ըստ որում՝ գնահատականները եւս չեն տարբերվել, բայց ո՞րն է պատճառը: Անշուշտ,
Հայաստանի հասարակական-քաղաքական ներկա կառուցվածքը չի կարող բավարարել մեր քաղաքացիներին:
Մենք չենք կարող այն արդար համարել, եթե երկրում չեն ներդրվել բոլոր քաղաքացիների
իրավունքների պաշտպանության եւ ապահովման մեխանիզմները: Չի կարող արդար ընկալվել
այնպիսի իրավիճակը, երբ գոյություն ունի հնարավորությունների բեւեռացում եւ իրավական
պաշտպանության ամորֆ համակարգ: Չի կարող արդար համարվել այն կյանքը, երբ օրենքը գոյություն
ունի մի մասի համար, իսկ ոմանք ապրում են սեփական օրենքներով, դրանք պարտադրելով
մնացածին: Այսպիսի իրավիճակը չի կարող պահպանել կայունությունը հասարակության մեջ
եւ քաղաքացիների փոխադարձ հանդուրժողականությունն ու հարգանքը: Անցած հանրաքվեի
ընթացքը վկայեց, որ մենք դեռ չենք հաղթահարել ներքին դիմակայության ձեւավորված ավանդույթներն
ու ձեռք չենք բերել քաղաքակիրթ հրապարակային բանավեճի կուլտուրա: Մենք հաճախ շարունակում
ենք մնալ սուբյեկտիվ գնահատականների եւ էքստրեմալ մտադրությունների գերին: Սոցիալական
դժգոհության մթնոլորտը դարձել է արմատական տրամադրությունների արտահայտման ու զարգացման
կայուն բազա: Երկրում անընդհատ առկա է հասարակության ապակողմնորոշման եւ նրան իր
կենսական խնդիրներից շեղելու միտումը: Ասվածը վկայում է, որ Հայաստանում սահմանադրական
կարգերի լայնածավալ ներդրումը Հայաստանի ռազմավարական-քաղաքական թիվ 1 խնդիրն է:
Հետայսու մենք կարող ենք արձանագրել այն փաստը, որ ուշադրության կենտրոնում պետք
է լինի այս վճռորոշ խնդրի իրականացման քաղաքական կուրսը: Սրա մեջ ենք տեսնում ժամանակի
հրամայականը, եւ դրան են ուղղվելու մեր ջանքերը՝ հանուն մեր երիտասարդ երկրի զարգացման:
Իսկ այս հարցերի պատասխանը տրվելու է 2007 եւ 2008 թվականների համապետական ընտրությունների
ժամանակ, որտեղ վճռվում է իշխանության ձեւավորման բովանդակային խնդիրը երկարաժամկետ
տեսլականով՝ ժողովրդավարական, թե կլանային, ինստիտուցիոնալ, թե թայֆայական եւ այլն:
Հանրաքվեի ժամանակ լուծվում է ոչ թե համապետական մակարդակով իշխանության ձեւավորման
խնդիր, այլ սահմանադրական պետության ձեւավորման խնդիր: Իշխանության ձեւավորման հարցը
լուծվում է համապետական ընտրությունների ժամանակ, ուստի եւ այդ գործընթացի վիճարկումը
կարող է կատարվել հենց այդ ժամանակ, իսկ որ այդ ժամանակ կեղծիքների դեպքում կլինեն
շատ լուրջ ցնցումներ, ես դա ոչ միայն չեմ բացառում, այլ նաեւ խիստ հնարավոր եմ համարում,
եւ ես կլինեմ բոլոր նրանց կողքին, ովքեր հնարավորը կանեն բաց ու թափանցիկ ընտրություններ
կազմակերպելու եւ անցկացնելու համար: – Դուք շարունակ խոսում եք ժողովրդավարությունից.
այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, ոչ մի սկզբունքի հարիր չէ, ինչո՞ւ եք լռում՝
լինելով ժողովրդավարության ջատագով: – Այս հարցազրույցը հենց վկայությունն
է այն իրողության, որ ոչ միայն չեմ լռում, այլ նաեւ լռելու մտադրություն էլ չունեմ:
Ամեն ինչ պարզ է եւ հարկ է ճշմարտության աչքերին շիտակ նայել: Ինձ համար հավասարապես
անընդունելի են ինչպես լցոնումների եւ պլանը կատարելու հոգեբանությամբ առաջնորդվողների,
այնպես էլ կեղծիքների դեմ ակտիվ պայքարը պասիվ բոյկոտով փոխարինողների քայլերը: Ժողովրդավարությունը
գործընթաց է, որի համար հարկ է պայքարել, եւ այն ավելի շատ օրենք է, քան բացառություն
օրենքներից: Հենց այս պատճառով էլ ես համոզված կողմնակիցն եմ եղել սահմանադրական
բարեփոխումների: Ցավոք, ոմանք ուրիշների համար կանոններ են ստեղծում, իսկ իրենց համար՝
բացառություններ: Եթե ցանկանում էինք ունենալ բարձր մակարդակով կազմակերպված հանրաքվե,
նախեւառաջ պետք է երկրում ունենանք քաղաքական հանդուրժողականություն, այն էլ Հայաստանում,
որտեղ պրոբլեմները եթե նույնիսկ ծնվում են դանդաղ, ապա բազմանում են շատ արագ: Ճշմարտությունը
միակողմանի չի լինում, չնայած շատերն այդպես են ցանկանում տեսնել: Եվ այն, ինչ մենք
ունենք, ցավոք, լուրջ խորքային պատճառներ ունի: Մենք չպետք է հարվածներով տարուբերենք
կայացող ժողովրդավարությունը մեր երկրում: Այս գործընթացը իմ կարծիքով պատասխանատվություն
է նախատեսում եւ իշխանության, եւ ընդդիմության համար: Մեր հասարակությունը առաջընթացի
համար պետք է հաղթահարի իր ներքին տարաձայնությունները եւ չպետք է կորցնի իր աշխատունակությունը
ներքին անհանդուրժողականության պատճառով: Ի վերջո՝ ժողովրդավարությունը նաեւ սոցիալական
եւ քաղաքական համերաշխության ուղին է: – Լավ, էս ամեն ինչից հետո ի՞նչ եք
ասելու ժողովրդին, որը, կարծես, Ձեզ հավատում էր: – Ասելու եմ այն՝ ինչը միշտ
ասել եմ: Ասելու եմ՝ տեղյակ եղեք եւ պաշտպանեք ձեր իրավունքները, որովհետեւ ոչ ոք
ոչինչ հենց այնպես չի նվիրում որեւէ մեկին: Ասելու եմ, որ անհանդուրժողականության,
կասկածի ու խարդավանքի մթնոլորտը մեր տունը քանդում է, ասելու եմ, որ աշխարհը վաղուց
արդեն առաջնորդվում է այլ չափանիշներով՝ համագործակցության, միության ու միասնականության,
իսկ մենք անվերջ թշնամի ենք որոնում, որ նրա վրա բարդենք մեր սխալների ու ձախողումների
պատասխանատվությունը, բայց դա ճանապարհ է՝ ոչ մի տեղ: Ասելու եմ՝ որ բոլորիս սխալն
է իրադարձությունները տեսնել ու գնահատել մեկ օրվա կտրվածքով՝ մենք ունենք անցյալ
ու մենք ունենալու ենք ապագա՝ ահա այդ երեք չափումներում պետք է որոնենք մեր բոլոր
հարցերի պատասխանները, որ խուսափենք սխալներից: Եվ վերջապես՝ ժողովուրդը շատ լավ
էլ գիտի՝ ով ով է, ով ինչ է ասում ու ինչ է անում, ում հավատալ, ում՝ ոչ, անկախ նրանից,
ով ինչ է ասում իրեն: – Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը ԵԽԽՎ դիտորդական առաքելության
եւ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության նկատմամբ: Արդյոք համարժե՞ք են այդ գնահատականները
ստեղծված իրավիճակին: – Իմ կարծիքով՝ միջազգային կառույցների եւ ԱՄՆ պետքարտուղարության
արձագանքները համարժեք են այն իրավիճակին, որ ունենք: Ինձ համար ի վերջո ակնհայտ
է, որ սահմանադրական պետության ստեղծման գործընթացը անհրաժեշտություն է, որ գերլիազորություններ
ունեցող նախագահական ինստիտուտի իշխանությունը հարկ է սահմանափակել, որ եթե խոսում
ենք իշխանության թեւերի իրական հավասարակշռության մասին, այն պետք է սկսենք երկրի
հիմնական օրենքից: Այսինքն՝ ինստիտուցիոնալ ժողովրդավարության անցումը քաղաքական
անհրաժեշտություն է, իսկ խոսելով՝ ժողովրդավարություն չես կառույցի: Այսինքն՝ ինձ
համար բարեփոխումների դրական բովանդակությունը ակնհայտ է, ինչը, իհարկե, չի նշանակում,
որ նպատակը արդարացնում է միջոցները: Հենց այս պատճառով էլ միջազգային կառույցները
ճանաչելով հանրաքվեի արդյունքները, միաժամանակ մատնանշել են կատարված լուրջ չարաշահումները
եւ պահանջել պատժել մեղավորներին: – Ընդդիմության հանրահավաքներում տարբեր
գործիչներ հայտարարում են, որ ուկրաինական մայդանում ելույթ ունենալուց հետո գոնե
հանուն ժողովրդավարության հաղթանակի՝ հայկական մայդանում պիտի ելույթ ունենաք. ինչո՞ւ
մեր մայդան չեք գալիս: – Վերջին երկու տարում ինձ շատ են հրավիրել տարբեր
հրապարակներում ելույթ ունենալու եւ որպես կանոն՝ հեղափոխությանը կամ իշխանափոխությանը
նվիրված հանրահավաքներում: Ինձ համար այսօր ելույթների հրապարակը Ազգային ժողովն
է, որտեղ դրված է երկրի թիվ 1 խոսափողը, եւ մենք Ազգային ժողով ենք եկել այստեղ խոսելու
եւ ելույթներ ունենալու համար: Ընդամենը մեկ տարի անց մեր երկրում մեկնարկելու են
համապետական ընտրություններ. եւ ես, եւ իմ կուսակցությունը դեռ շատ ելույթներ կունենանք
տարբեր հրապարակներում եւ հանրահավաքներում: Եվ ես ոչ միայն ելույթ կունենամ, այլեւ
հնարավորը կանեմ ժողովրդավարական ընտրությունների համար: Ինչ վերաբերում է մայդանում
իմ ելույթին, ապա ես ուրախ եմ, որ Ուկրաինայի նախագահի հրավերով ես հնարավորություն
ունեցա ողջունել ժողովրդավարական բարեփոխումների ուղին որդեգրած ուկրաինական ժողովրդին
Ազատության օրվա կապակցությամբ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ