Լրահոս
Օրվա լրահոսը

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ

Դեկտեմբեր 01,2005 00:00

Իսկ
այս նախաձեռնությունն իրականացրած ԱԱԾ աշխատակիցը խոստացել է, որ իրենք դեռ կհանդիպեն
Երեկ ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության
նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնեց Կիեւ՝ մասնակցելու ժողովրդավարական ընտրության
միջազգային հանրության ֆորումին: Սակայն ուղեւորությունն առանց միջադեպի չէր
անցել: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանին «Ավստրիական ավիաուղիների»՝ Վիեննա ուղեւորվող
ինքնաթիռ մուտք գործելուց առաջ կանգնեցրել էր որպես օդանավակայանի ազգային անվտանգության
աշխատակից ներկայացած ոմն Արսեն Պողոսյան, ով «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից
«Առավոտին» փոխանցված հաղորդագրության համաձայն՝ արդեն սպասելի էր եղել Ր. Հովհաննիսյանին:
ԱԱԾ աշխատակիցը դիմավորելով կուսակցության նախագահին՝ նախ տեղեկացրել էր, թե իր աշխատանքը
ուղեւորների անվտանգությունն ապահովելն է, ապա սկսել էր հարցաքննել նրան ուղեւորության
նպատակի, ՀՀ Սահմանադրության եւ այլ հարցերի շուրջ, որոնք օդանավակայանի անվտանգության
հետ որեւէ առնչություն չեն ունեցել: Կուսակցությունից մեզ փոխանցեցին, որ «ըստ կանխավ
որոշված ծրագրի, Հովհաննիսյանի անձնական իրերը եւ փաստաթղթերը մանրազնին ուսումնասիրության
են ենթարկվել՝ հնարավոր «պետական գաղտնիք» պարունակող նյութեր փնտրելու պատրվակով:
Այդ փաստաթղթերի մեջ են եղել «Ժառանգություն» կուսակցության կողմից պատրաստված Սահմանադրության
մի նախագիծ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հրատարակություններ,
երեւանյան թատրոնների դեկտեմբեր ամսվա ներկայացումների ցանկը, ՀՀ գործող նախագահին
հասցեագրված, բայց չուղարկված անձնական մի նամակի նախագիծ եւ Հովհաննիսյանի ուղետոմսը»:
Ապա մի քանի հեռախոսազրույցներ ունենալուց հետո ԱԱԾ աշխատակից Ա. Պողոսյանը
կանչել էր մաքսատան աշխատակից Կարեն Պետրոսյանին եւ նրան հրահանգել՝ պարզաբանել,
թե արդյոք Հովհաննիսյանը խախտո՞ւմ է համապատասխան մաքսային օրենքները՝ առաջարկելով
նրա անձնական փաստաթղթերն ավելի հանգամանալից ուսումնասիրել առանձին սենյակում: Այնտեղ,
Պողոսյանի հսկողության ներքո, պետական գաղտնիքներ գտնելու ակնկալիքով փաստաթղթերը
մանրամասն ուսումնասիրելու հերթափոխը ստանձնել էր մաքսատան աշխատակից Պետրոսյանը,
բայց ոչինչ չգտնելուց հետո էլ ԱԱԾ աշխատակից Պողոսյանից հրահանգ էր ստացել պատճենել
Ր. Հովհաննիսյանի թղթակցության նախագիծը: Ր. Հովհաննիսյանն առարկել էր՝ պահանջելով
վերադարձնել իր թղթերը, եթե ոչ՝ պահանջել էր կասեցնել իր մուտքն ինքնաթիռ եւ խուզարկումը
հիմնավորող պաշտոնական փաստաթուղթ ներկայացնել: Միայն սրանից հետո էր Ր. Հովհաննիսյանին
թույլ տրվել բարձրանալ ինքնաթիռ, որն արդեն ուշացել էր ուղեւորությանը խոչընդոտելու
պատճառով: Իսկ մինչ Ր. Հովհաննիսյանին հրաժեշտ տալը՝ ԱԱԾ աշխատակից Ա. Պողոսյանը
«սպառնացել» էր, որ Ր. Հովհաննիսյանի վերադառնալուն պես «կհանդիպեն»: Ի դեպ, Ր. Հովհաննիսյանը
Երեւան է վերադառնալու դեկտեմբերի 3-ին: «Նման միջադեպեր Հովհաննիսյանի հետ
պատահել են նախկինում՝ խորհրդային ժամանակաշրջանում եւ Թուրքիայում, սակայն ոչ երբեք՝
Հայաստանի անկախ հանրապետությունում, որի դրոշը նա է բարձրացրել ՄԱԿ-ում»,- փոխանցեցին
կուսակցությունից: «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան
Խաչատրյանը տեղի ունեցածը գնահատեց որպես «ՀՀ-ում տոտալ բռնաճնշման մասին փաստող
մի դրվագ, որը նպատակ ունի վախեցնել հասարակությանը»: Ըստ նրա, «նման գործողություններով
ընդդիմությանը չեն վախեցնի, բայց դա ուղղված է հասարակության այն հատվածին, որը կարող
է տրվել վախին, իսկ այդ խավը որոշակի տոկոս է կազմում»: «Հաշվի առնելով, որ մեր հանրությանը
պարբերաբար ու դրական ֆոնի վրա մատուցվում է եվրոպական հանրության, միջազգային դիտորդական
առաքելությունների տեսակետներն ու գնահատականները հանրաքվեի, ՀՀ-ում տեղի ունեցող
զարգացումների վերաբերյալ, մեզ հասկանալի լինելու համար պետք է իմանալ՝ արդյոք եվրոպական
հանրության համար ընդունելի՞ է ՀՀ-ում հակաժողովրդավարական միջոցներով ժողովրդավարության
սերմանման փորձը: Ցանկալի կլիներ իմանալ նաեւ միջազգային կառույցների, ՀՀ-ում առաջադեմ
երկրների դեսպանատների տեսակետը՝ նրանք դրակա՞ն են գնահատում ՀՀ-ում տեղի ունեցող
զարգացումների ընդհանուր դինամիկան, որը բացասական է՝ Մարդու իրավունքների ոտնահարման,
տոտալ բնույթ կրող նեգատիվիզմի, ընտրությունների խախտումների իմաստով: Ինչի՞ց ելնելով
են հույս հայտնում, որ հետո ավելի լավ է լինելու»,- հեռակա հարցադրում ուղղելով եվրոպական
կառույցներին՝ ասաց Վ. Խաչատրյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել