Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԱՐԵՆՑԻ

Նոյեմբեր 30,2005 00:00

ՉԱՐԵՆՑԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ՊՂԾԵԼ ԵՆ Մինչ նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունն ու իշխանությունները զբաղված էին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով կամ դրա բոյկոտմամբ, նույն օրը մի խումբ մտավորականներ հավաքվել էին Եղիշե Չարենցի հուշակոթողի մոտ: Նոյեմբերի 27-ը բանաստեղծի մահվան օրն էր: Մտավորականները զայրացան բանաստեղծի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ներկով գրված անվայել արտահայտություններ տեսնելով, ինչի ականատեսը եղանք նաեւ մենք: Չարենցի հայացքի ներքո գրված էին այն երիտասարդների անունները՝ Ժենյա, Մայա, Ժենյա, անգամ օրն ու ժամը, երբ վերջիններս եղել էին այդտեղ: Քիչ այն կողմ՝ ինչ-որ մեկը գրավոր պատմել էր սեռական ցանկությունները ու հայհոյել ռաբիսը: Պատվանդանին նաեւ «նիրվանայի» վիճակում հայտնվածների մակագրություններ կային: «Զարմացած եմ հատկապես տարածքում ապրող ու սովորող երիտասարդների վերաբերմունքից, ինչպե՞ս են հանդուրժել նման սրբապղծությունը: Ինչպե՞ս կարելի է արձանների վրա մակագրություններ անել»,- երեկ «Առավոտի» միջոցով իր վրդովմունքը հայտնեց Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: «Պատկերացրեք՝ ինչքա՜ն խորն է բարոյականության անկումը, որ այսօր Երեւանի կենտրոնում հուշակոթող է պղծվում: Ժամանակին հայի ձեռքով իր շքամուտքում սպանվեց հայ գրողը՝ Վարդգես Պետրոսյանը: Հիմա էլ նույն սպանությունն է՝ դարձյալ հայի ձեռքով… Նույն սպանության ախտանիշներն են… Կարծում եմ, որ Սահմանադրության հանրաքվեներից, իրավական դաշտը կատարելագործելուց, տնտեսական նվաճումներից ու քաղաքական հեռանկարներից զատ, նախ եւ առաջ պետք է մտածենք սերնդի բարոյական վիճակի մասին»,- ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Հաճախ ազգովի բողոքում ենք, թե թուրքերը կամ ադրբեջանցիները պղծում են հայկական հուշարձանները, իսկ վրացիները «սեփականաշնորհում»՝ մոռանալով մեր իսկ երկրում դրանց պահպանման մասին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել