Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտավորությունները

Նոյեմբեր 30,2005 00:00

Պարտավորությունները կատարում ենք Բայց գործընթացով առանձնապես հետաքրքրված չենք Օրերս Հայաստան է ժամանել ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պետությունների հատուկ խմբի (GRECO) նախագահ Դրագո Կոսը՝ մասնակցելու երեկ մեկնարկած «Ազգային եւ միջազգային հակակոռուպցիոն իրավական գործիքներ եւ լավագույն փորձ» միջազգային համաժողովի աշխատանքներին: Մեկ օր առաջ ՀՀ վարչապետը Դ. Կոսի հետ հանդիպման ժամանակ արդեն հայտնել էր, որ Հայաստանը, 2004-ի հունվարից անդամակցելով GRECO-ին՝ այս կազմակերպության ընթացակարգի համաձայն՝ կատարել է բոլոր անհրաժեշտ պահանջները. ԱԺ-ի կողմից վավերացվել են Կոռուպցիայի դեմ պայքարի քրեական, քաղաքացիական իրավունքի եվրոպական կոնվենցիաները, վավերացման է նախապատրաստվում ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան: Ավելացնենք, որ եկող գարնանը GRECO-ի փորձագետները կգան Հայաստան՝ գնահատելու Հայաստանի հանձնառությունների կատարման գործընթացը: Դրագո Կոսը երեկ հույս հայտնեց, որ Հայաստանը կարող է ապագայում դառնալ լավագույն օրինակ՝ ողջ տարածաշրջանի համար, եթե կարողանա գործնականում կիրառել գեղեցիկ գրված օրենքները: Երեկվա համաժողովին ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանը, մատնանշելով կատարված եւ կատարվող աշխատանքները՝ կարեւորեց հատկապես այն, որ մինչեւ այս տարվա ձմեռային նստաշրջանի ավարտը ԱԺ պետք է ներկայացվի «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի նախագիծը: «Այս օրենքի ընդունումը հնարավորություն կտա ձեւավորել վերահսկողական այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացահայտել ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ հասարակ քաղաքացիների կասկածելի ծագում ունեցող գույքային ձեռքբերումները եւ դրա արդյունքում իրավական հետեւանքների հանգել»: Նախատեսվում են նաեւ բարեփոխումներ պետատոտեսչության համակարգում: Փաթեթն ընդգրկում է օրենսդրական փոփոխություններ, համակարգի տեխնիկական վերազինում, աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավում, վարչական վերահսկողության մեխանիզմների հստակեցում: Ընդհանուր առմամբ, Բ. Եսայանը պնդում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ է միաժամանակ համակարգված 3 մոտեցում կիրառել. հասարակության տեղեկացվածության բարձրացում եւ դաստիարակություն, պատժիչ, ինչպես նաեւ կանխարգելող մոտեցումներ՝ համապատասխան օրենքների բարեփոխման միջոցով: Այս մոտեցումը չի կիսում «Թրանսփերընսի Ինտերնեյշնլի» հայաստանյան մասնաճյուղի նախագահ Ամալյա Կոստանյանը: Նա կարծում է, որ անհրաժեշտ է նախ ուժային մեթոդների կիրառում հատկապես բարձր պաշտոնյաների շրջանում: Ա. Կոստանյանն իր վրդովմունքը հայտնեց առ այն, որ Բ. Եսայանը պրիմիտիվ է համարում իր մոտեցումը՝ փոխադարձաբար հեգնանքով «ոչ պրիմիտիվ» անվանելով Բ. Եսայանի մոտեցումը՝ ունենալ կանխարգելում ապահովող օրենքներ, որոնք բոլորովին էլ չեն կիրառվում գործնականում: Տալով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քաղաքականության գնահատականը՝ Ա. Կոստանյանը ներկայացրեց իրենց կազմակերպության տեսակետը: Հակակոռուպցիոն գործընթացներում, ըստ տիկին Կոստանյանի, նախ բացակայում է քաղաքական կամքը: Այս ասելով նա հիշեց 2 օր առաջ անցկացված հանրաքվեն՝ իբրեւ ժողովրդավարական գործընթացների իրականացման ճանապարհին քաղաքական կամքի բացակայության վառ օրինակ: «Երբեւէ ոչ մի լուրջ պատիժ չենք տեսել որեւէ ընտրություններում կեղծիքներ իրականացնողների հանդեպ, եւ հիմա էլ չենք սպասում: Եվ սա չի նպաստում կոռուպցիայի դեմ պայքարին»: Համաժողովի աշխատանքներին հրավիրված շահագրգիռ անձինք շատ վաղ սկսեցին լքել լսարանը: Հրավիրված շուրջ 100 պաշտոնյաներից, հ/կ ներկայացուցիչներից համաժողովի կեսից մնացել էր շուրջ 1/3-ը: Թերեւս սա էլ ցույց է տալիս, թե կոռուպցիայի դեմ պայքարով որքան են հետաքրքրված պայքարի գործընթացներին ներգրավված անձինք: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930