ՇՏՐԵՅԿԲՐԵԽԵՐՆԵՐ ՄԻ՛ ՓՆՏՐԵՔ Խորհուրդ է տալիս «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Նրանք չընկրկեցին նախագահա-դատախազական սադրանքների եւ սպառնալիքների առջեւ, իրենց մասնակցությունը չբերեցին բեմականացված անօրինական այս խեղկատակությանը»,- սեփական հանձնաժողովների անդամներին այս գնահատականն էր տրված «Ազգային միաբանության» նոյեմբերի 28-ի հայտարարությունում: Մինչդեռ առկա են վկայություններ, որ «ԱՄ» որոշ անդամներ, այսուհանդերձ, մասնակցել են հանձնաժողովների աշխատանքներին: Ասենք, «Ա1+»-ի թղթակցին «Մետաքսի» թաղամասի 9/5 տեղամասում վստահեցրել էին, որ ընդդիմությունը մասնակցում է հանձնաժողովի նիստերին. «Սակայն երբ խնդրեցինք անուններով ներկայանալ՝ «ԱՄ»-ից ներկայացած տղամարդիկ ուղղակի փախան տեղամասից»: Մեր հարցին, թե գուցե ինչպես եւ «Արդարության» հետ էր պատահել, «ԱՄ» անունի՞ց էլ են ինչ-որ անձինք հանդես եկել, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Մեզ նման դեպքեր հայտնի չեն»: «Նոյյան տապանի» թղթակիցն էլ Սյունիքից էր հաղորդել, թե «Ազգային միաբանության» ներկայացուցիչները չեն բոյկոտել մարզն ընդգրկող թիվ 37 եւ 38 ընտրատարածքների հանձնաժողովների աշխատանքները: Սակայն կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանը պնդեց, թե 37 ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Հակոբ Մինասյանն այդ օրը Երեւանում էր՝ ո՛չ Գորիսում, իսկ 38-ի անդամ Լեւոն Հարությունյանը չի մասնակցել ԸԸՀ աշխատանքներին: «Ա1+»-ը նաեւ արձանագրել էր, որ Երեւանի 9/4 տեղամասում «Ազգային միաբանության» դիտորդ Աշոտ Անդրեասյանը հանրաքվեի օրը դժգոհում էր մարդկանց պասիվ հաճախումից: Երբ թղթակիցը հարցրել էր. «Բայց դո՞ւք ինչից եք դժգոհ, ձեր ղեկավարը բոյկոտի կոչ է արել», պարոն Անդրեասյանը հիշել էր, թե ով է, սակայն նորից կարեւորել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Դիտորդը հետո կուսակցությանը պարզաբանել է, թե այս ամենն ասել է հեգնանքով՝ «կարեկցելով Ռոբերտ Քոչարյանին մասնակցության նման ցածր ցուցանիշների համար»: Իսկ ընդհանրապես, Արտաշես Գեղամյանը նախ խոստացավ. «Առաջիկայում շնորհակալական ուղերձ կուղղենք այն համայնքապետերին, որոնք «աջակցեցին» մեր կուսակցությանը՝ բացահայտելու մեր անդամներից այն անձանց, ովքեր, ավա՜ղ, կամքի ուժ չունեցան եւ սպառնալիքների կամ (չեմ ուզում այդ մասին մտածել) շահագրգռվածության արդյունքում, այնուամենայնիվ, մասնակցեցին այս անօրեն հանրաքվեի աշխատանքներին: Բարեբախտաբար, 1965 տեղամասերում այդ մարդիկ կազմում են չնչին թիվ՝ 0,01-0,02 տոկոս, ոչ ավելին: Բայց կարծում եմ, հիմա, երբ ամենախայտառակ հանրաքվեի պայմաններում մենք 1965-ի մեջ ման ենք գալիս 2-3 շտրեյկբրեխերներ՝ հանրության ուշադրությունը մայր խնդրից շեղում ենք դեպի այդ չնչին, որակ չկազմող փաստերը»: «Ազգային միաբանության» նախագահը նաեւ «տարօրինակ» որակեց մեր հարցադրումը. «Իշխանական ուժերի կողմից տեղամասային հանձնաժողովներ էին գործուղվել հազարից ավելի անդամներ: Նրանցից եւ ոչ մեկը պարկեշտ չգտնվեց կանխելու իրականացված ընտրակեղծիքներն ու ապօրինությունները: Ավա՜ղ, դա ընդունվում է որպես սովորական երեւույթ: Բայց դատափետման առարկա ենք դարձնում, որ ընդդիմադիր կուսակցություններից հատուկենտ մարդիկ սպառնալիքների ներքո գնացել ու մասնակցել են աշխատանքներին: Իմ կարծիքով՝ շեշտերը պետք է փոխվեն. իշխանությունը ներկայացնող հանձնաժողովականների շարքերում պեղումներ անենք ու փորձենք գտնել գոնե մի պարկեշտ մարդու, որը դեմ արտահայտված լինի այդ աղաղակող ապօրինություններին»: Հիշեցրինք, թե այսուհանդերձ՝ հենց «Ազգային միաբանությունն» էր ընտրական հանձնաժողովների աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ նոյեմբերի 21-ի որոշման մեջ նշել, թե այն խախտող անդամների «գործողությունները կդիտարկվեն որպես նրանց վրա կիրառված բիրտ ուժի ճնշումների կամ նյութական շահագրգռվածության դրսեւորման հետեւանք, վերջիններս կենթարկվեն կուսակցական խստագույն պատասխանատվության»: Պրն Գեղամյանը խոստացավ. «Կուսակցության որոշմանը չենթարկվելու յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ ու մանրակրկիտ վերլուծության առարկա կդառնա, քանի որ գործ ունենք կենդանի մարդկանց հետ, ովքեր 1 տարի չէ, որ իրենց թե՛ ժամանակը, թե՛ եռանդը ներդրել են կուսակցական գործունեության մեջ: Կպարզենք, թե ամեն առանձին դեպքում ո՛րն է եղել իրական պատճառը, եւ դրանից հետո կտանք համարժեք գնահատական առավել այն բիրտ ուժին, որի ազդեցության ներքո հարկադրված են եղել չենթարկվել կուսակցության որոշմանը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Երեկ «Միջազգային մոնիտորինգային բյուրո» կազմակերպության (այն ստեղծված է նախկին ԽՍՀՄ պետություններում ժողովրդավարական գործընթացները դիտարկելու համար) www. mmb-info.org կայքէջում հրապարակվել է Արտաշես Գեղամյանի մեկնաբանությունը՝ «ԵԽԽՎ-ն եւ ԵԱՀԿ-ն զոհաբերեցին երկրի ընտրական գործընթացները սեփական շահերի համար» վերնագրով: Մանրամասն՝ վաղվա համարում: