Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական

Նոյեմբեր 30,2005 00:00

Եվրոպական չափանիշին էլի չհամապատասխանե՞ց Տեղական դիտորդներն ավելի խիստ են, քան եվրոպացիները Նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելությամբ հանդես եկած «Ընտրությունը քոնն է» հ/կ-ն երեկ հրապարակեց ՀՀ-ում կազմավորված տեղամասերի շուրջ 60%-ում կատարած իր դիտարկումների արդյունքներն ու դրանց գնահատականը: Ինչպես ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ դրանք էապես տարբերվում էին ԵԽ դիտորդական առաքելության կողմից հրապարակված նախնական գնահատականներից: «ԸՔ»-ի գնահատմամբ, մասնավորապես «ընտրակարգի լուրջ խախտումները, անօրինական քվեարկությունը եւ հատկապես արձանագրված լցոնումները, քվեարկության գաղտնիության հիմնարար սկզբունքի ոտնահարման, ընտրական հանձնաժողովների կողմից օրենքը շրջանցելու դիտավորությունը, անօրինական քարոզչությունը, դիտորդների իրավունքների սահմանափակումների դեպքերը թույլ չեն տալիս ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքն ընդհանուր առմամբ գնահատել որպես ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին համապատասխան»: Հ/կ-ն իր նախնական ու ծավալուն զեկույցում անդրադարձել է քարոզչության փուլում անհավասար պայմանների առկայությանը, մատնանշել է միեւնույն անձի կողմից մի քանի անգամ քվեարկելու տասնյակից ավելի դեպքեր, մանրամասնորեն ու կոնկրետ փաստերով նշել է տասնյակից ավելի ընտրատեղամասերում իրականացված, այդ թվում՝ տեղամասային հանձնաժողովների անդամների կողմից (թիվ 9/25-ում), նաեւ նրանց օժանդակությամբ կատարված լցոնման դեպքեր: Ինչ վերաբերում է քվեարկության օրը ընտրակարգի խախտումներին, ապա հ/կ-ն երեկ հայտարարեց, որ դիտորդներն արձանագրել են դեպքեր, երբ քվեաթերթիկները կնքելու համար պատասխանատուներին տրամադրված չեն եղել տեղամասերում ընդգրկված հասցեների ցուցակները, ինչի պատճառով նրանք չեն ստուգել ընտրողների՝ այդ հասցեներում հաշվառում ունենալու փաստը: Նման դեպքեր եղել են Երեւանում, նաեւ մարզերում բացված մի քանի տասնյակ ընտրատեղամասերում: Զեկույցի համաձայն, օրինակ, Երեւանի թիվ 4/22 տեղամասում ձայների հաշվարկի ժամանակ չկնքված քվեաթերթիկները հանձնաժողովականները կնքել են եւ համարել վավեր: Նոյեմբերի 27-ին քվեարկության ավարտից հետո «Այո» շտաբի պատասխանատուներից մեկը փորձել էր համոզել, թե ընտրողների մասնակցությունը հանրաքվեին այնքան ակտիվ է եղել, որ անգամ որոշ տեղամասերում կուտակումներ են եղել: Պարզվում է, տեղական դիտորդներն էլ են նկատել կուտակումներ, բայց միանգամայն այլ համատեքստում. «Թիվ 9/26 տեղամասային կենտրոնում ընտրողների հերթեր առաջանում էին ավտոմեքենաներով մարդկանց հոծ խմբեր՝ որոշակի անձանց կողմից, տեղամաս բերելու հետեւանքով: Նոր Նորքի թաղապետարանի մոտ, ժ. 9:00-14:00-ի սահմաններում, «Գազել» մակնիշի մոտ 40-50 մեքենաներ են կուտակվել՝ «Այո» քարոզարշավի քարոզչական նյութերով զարդարված, որոնցով համայնքի տարածքի տեղամասեր են բերվել մեծ քանակի ընտրողներ՝ ժ. 17:00-19:00-ի սահմաններում»: Տեղական ու միջազգային դիտորդները հանրաքվեի ընթացքը, թերեւս, տարբեր չափանիշներով են գնահատել: Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել