«ԼՈՒՐՋ ԿԱՍԿԱԾՆԵՐ» ԿԱՆ ԵՎ ՉԿԱՆ ԱՄՆ Պետդեպարտամենտը կիսում է եվրոպական դիտորդների կասկածները հանրաքվեի մասնակիցների թվի վերաբերյալ, մինչդեռ իշխող կոալիցիան նման կասկածներ չունի: Երեկ Հայաստանում իշխող կոալիցիայի կ ուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Որոշ քաղաքական ուժերի կողմից ի սկզբանե փորձ արվեց նսեմացնել սահմանադրական բարեփոխումների նշանակությունը եւ խեղաթյուրել այդ գործընթացի տրամաբանությունը: Առաջին իսկ օրից նպատակ էր դրված այն բովանդակային քննարկման եւ առարկայական բանավեճից վերածել իշխանություն-ընդդիմություն քաղաքական առճակատման, սրել իրավիճակը, կասկած սերմանել հանրաքվեի դրական ելքի նկատմամբ: Սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ կոնսեսուսով համատեղ աշխատելուց եւ անմիջական քննարկումներից հրաժարվելը, քարոզարշավի ընթացքում նախագծի բուն բովանդակության տարատեսակ աղավաղումները եւ միտումնավոր տարընթերցումները, բոյկոտի անհասկանալի տրամաբանությամբ ընտրական հանձնաժողովների աշխատանքների մասնակցությունից եւ քվեարկության ընթացքի վերահսկման պարտականությունից հրաժարվելը, գործընթացի տարբեր փուլերում կանխակալ գնահատականներով հանդես գալը, վերջին օրերին հնչող կոչերը ակնհայտ են դարձնում ամեն գնով իշխանության գալու ինքնանպատակ ձգտումը: Քարոզչության ընթացքի, հանրաքվեի անցկացման հետ կապված գնահատականները կարող են արժանահավատ համարվել, եթե դրանք հենվում են բացառապես փաստաթղթերի, համապատասխան կառույցների եւ մեխանիզմների միջոցով կատարված եզրահանգումների վրա: Նման անաչառ եւ իրավասու կառույցների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի միացյալ դիտորդական առաքելության եզրահանգումները հաստատում են, որ հանրաքվեն կայացել է, ընդհանուր առմամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին, եւ արձանագրված խախտումները չեն կարող ազդել արդյունքների վրա: Այդուհանդերձ, անընդունելի համարելով պետական կարեւորություն ունեցող նման միջոցառումը ստվերող յուրաքանչյուր դրսեւորում՝ մենք համոզված ենք, որ մատնանշված կեղծիքների եւ չարաշահումների վերաբերյալ պետք է կատարվի անհրաժեշտ քննություն, արվեն համապատասխան հետեւություններ եւ պատժվեն մեղավորները: Կոչ ենք անում չտրվել երկրի կայունությունը եւ միջազգային հեղինակությունը խաթարելու ինքնանպատակ փորձերին: Մենք պարտավոր ենք հարգել հանրաքվեի ընթացքում մեր քաղաքացիների արտահայտած՝ թեկուզ եւ իրարից տարբերվող բոլոր տեսակետները եւ դատապարտում ենք որեւէ փորձ, որը կարող է բերել հասարակության մեջ հանրաքվեի արդյունքներն ընդունողների եւ չընդունողների, սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների ու հակառակորդների ճամբարների առաջացման եւ առճակատման»: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին հայտարարություն է հրապարակել նաեւ ԱՄՆ-ը. «Հանրաքվեին ներկայացրած դրույթների բովանդակությունը կարող է հնարավորություն ստեղծել Հայաստանի ժողովրդավարության ուժեղացման համար»: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական եւ եվրասիական հարցերով գրասենյակի տարածած հայտարարության մեջ: «Մենք կիսում ենք Եվրոպայի Խորհրդի ափսոսանքը, որի դիտորդները լուրջ կասկածի տակ են առել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված տվյալները հանրաքվեի մասնակիցների վերաբերյալ: Մենք նաեւ ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանի կառավարությունը որոշեց չհրավիրել դիտորդներ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ Մարդու իրավունքների գրասենյակից, որոնք կարող էին ավելի մեծ արժանահավատություն ապահովել քվեարկության արդյունքներին: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետաքննել ԵԽ դիտորդների կողմից հաղորդված լուրջ չարաշահումների եւ խախտումների դեպքերը: Ակնհայտ է, որ մինչեւ 2007-2008 թվականներին կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները ընկած ժամանակահատվածում ընտրական գործընթացը բարելավելու կարիք կա: Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ ժողովրդավարության կառուցմանը միտված միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, որոնց նպատակն է օգնել Հայաստանին ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել 2007-2008 թվականներին»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական եւ եվրասիական հարցերով գրասենյակի հայտարարության մեջ: Սեփ. լր.