Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉԱՐԵՆՑԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ ՊՂԾԵԼ ԵՆ

Նոյեմբեր 30,2005 00:00

Մինչ
նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունն ու իշխանությունները
զբաղված էին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով կամ դրա բոյկոտմամբ, նույն
օրը մի խումբ մտավորականներ հավաքվել էին Եղիշե Չարենցի հուշակոթողի մոտ: Նոյեմբերի
27-ը բանաստեղծի մահվան օրն էր: Մտավորականները զայրացան բանաստեղծի հիշատակը հավերժացնող
հուշակոթողին ներկով գրված անվայել արտահայտություններ տեսնելով, ինչի ականատեսը
եղանք նաեւ մենք: Չարենցի հայացքի ներքո գրված էին այն երիտասարդների անունները՝
Ժենյա, Մայա, Ժենյա, անգամ օրն ու ժամը, երբ վերջիններս եղել էին այդտեղ: Քիչ այն
կողմ՝ ինչ-որ մեկը գրավոր պատմել էր սեռական ցանկությունները ու հայհոյել ռաբիսը:
Պատվանդանին նաեւ «նիրվանայի» վիճակում հայտնվածների մակագրություններ կային: «Զարմացած
եմ հատկապես տարածքում ապրող ու սովորող երիտասարդների վերաբերմունքից, ինչպե՞ս են
հանդուրժել նման սրբապղծությունը: Ինչպե՞ս կարելի է արձանների վրա մակագրություններ
անել»,- երեկ «Առավոտի» միջոցով իր վրդովմունքը հայտնեց Ե. Չարենցի տուն-թանգարանի
տնօրեն Լիլիթ Հակոբյանը: «Պատկերացրեք՝ ինչքա՜ն խորն է բարոյականության անկումը,
որ այսօր Երեւանի կենտրոնում հուշակոթող է պղծվում: Ժամանակին հայի ձեռքով իր շքամուտքում
սպանվեց հայ գրողը՝ Վարդգես Պետրոսյանը: Հիմա էլ նույն սպանությունն է՝ դարձյալ
հայի ձեռքով… Նույն սպանության ախտանիշներն են… Կարծում եմ, որ Սահմանադրության
հանրաքվեներից, իրավական դաշտը կատարելագործելուց, տնտեսական նվաճումներից ու քաղաքական
հեռանկարներից զատ, նախ եւ առաջ պետք է մտածենք սերնդի բարոյական վիճակի մասին»,-
ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Հաճախ ազգովի բողոքում
ենք, թե թուրքերը կամ ադրբեջանցիները պղծում են հայկական հուշարձանները, իսկ վրացիները
«սեփականաշնորհում»՝ մոռանալով մեր իսկ երկրում դրանց պահպանման մասին: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել