Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԻ ՔԱՅԼԱՆՈՑ ՄԱՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Նոյեմբեր 30,2005 00:00

Զգուշացնում են ընդդիմության ներկայացուցիչները
Միացյալ ընդդիմությունը երեկ կրկին հանրահավաք անցկացրեց, որին
մասնակցում էր մի փոքր ավելի մարդ, քան նախորդին: Հավաքվածներին էր միացել նաեւ Վազգեն
Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան: Հանրահավաքից առաջ «Հանրապետություն» կուսակցության
գրասենյակի մոտ բավականին մեծաքանակ «դեսանտ» էր իջեցրել ԱԱ ծառայությունը, ավտոմեքենաներից
մեկ նրանք էին ծիկրակում, մեկ էլ ոստիկանական համազգեստավորները, իսկ գրասենյակի
դիմաց գտնվող «Հռիփսիմե» (նախկին «Կոզիրյոկ») սրճարանը բառացիորեն դարձրել էին «պլացդարմ».
նախ սրճարանի բոլոր աթոռներն ու սեղաններն էին հավաքված, իսկ մոտավորապես 10 հոգի՝
քաղաքացիական հագուստով «արվեստագետ», ներսից փակել էր դուռը եւ սրճարանն իրենցով
արել, նույնիսկ աշխատակիցները չէին կարողանում ներս մտնել: Տիկին Հռիփսիմեն շարունակ
անհանգիստ էր. «Կարտոֆիլս վառվեց, թողեք ներս մտնեմ»: Ու երբ հանրահավաքի մասնակիցները
ուղեւորվեցին դեպի Մատենադարան, նրանց հետ հեռացան նաեւ «տղերքը», եւ ամեն ինչ հանդարտվեց:
Իսկ Մատենադարանում նոր անակնկալ էր սպասվում: Նախ, ոստիկանները եւ քաղաքացիական
համազգեստով «օրգանի» աշխատակիցները շրջում էին տարածքում հանրահավաքից շատ առաջ
եւ եկողներին համոզում էին, որ հանրահավաք չի լինելու, հետո էլ փորձեցին արգելել
կուսակցությունների լիդերներին բարձրանալ հարթակ, սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ
նաեւ այս դեպքում. ընդհանրապես, ուժի գործադրման դեպքեր չգրանցվեցին: Սակայն Մատենադարանից
հոսանք չտրվեց, եւ հանրահավաքն անցավ «դվիժոկների» օգնությամբ: Երեկվա հանրահավաքի
թիվ մեկ խնդիրը եւ կարգախոսը սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու
մասին էր: Հանրահավաքը որոշեց իշխանություններին տալ 72 ժամ՝ արդյունքները չեղյալ
համարելու համար: Իսկ դրանից հետո, ըստ Վազգեն Մանուկյանի, ընդդիմությունը եւ ժողովուրդը
կունենան մի քանի խնդիրներ՝ ստանալ իշխանությունների հրաժարականը, եւ հետո՝ ձեռնամուխ
լինել նոր Հայաստանի՝ չորրորդ հանրապետության կառուցմանը: Հանրահավաքի մասնակիցներին
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը բացատրեց, որ սա գործընթաց է. «Եվ թե ինչ կլինի՝ կախված
է յուրաքանչյուրիցս, յուրաքանչյուրիս կամքից, հետեւողականությունից եւ վճռականությունից։
Եվ ես տեսնում եմ, որ այդ ամենը կա»: Մաեստրո Օհան Դուրյանը հուսահատված բացականչեց.
«Պե՞տք է, նստացույցի կնստեմ, հացադուլի կնստեմ, միայն այս սրիկաներից ազատվենք,
ձեր երեխաները լավ ապագա ունենան»: ԱԺՄ փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւը կոչ
արեց քաղաքացիական ակտիվության, առաջարկեց յուրաքանչյուր շենքում, բնակավայրում ժողովրդական
դիտորդների պես տնից տուն ընկած ստորագրություններ հավաքել եւ պարզել, թե քանի՞ մարդ
է իրականում մասնակցել հանրաքվեին, եւ այդ ամբողջ տեղեկատվությունը ներկայացնել ընդդիմադիր
կուսակցությունների գրասենյակներին. «Եկեք միասին սովորենք, թե միասին ոնց կարող
ենք հաստատել ժողովրդավարություն, ժողովրդավարությունը դա նա է, երբ ժողովուրդը ստիպում
է, որ իր հետ հաշվի նստեն»: Վազգեն Մանուկյանը իր հերթին ասաց, որ այս իշխանությունների
ամեն մի կարծեցյալ հաղթանակը Հայաստանին մի քայլ առաջ է տանում Ադրբեջան դառնալու.
«Այս վիճակը պայթելու է, պայթելու է կամ ներսից, կամ դրսից, բայց պայթելու է մեծ
կորուստներով, եւ մեզանից է կախված այնպես անել, որ փոփոխությունները առանց կորուստների
լինեն»: Ասաց նաեւ, որ մի քայլանոց մատ չի լինելու. «Ամեն պայքար պահանջում է խիզախություն,
խելք, կազմակերպվածություն, համբերություն, եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով»:
Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ իշխանությունները արդեն խուճապի մեջ են: «Ուժը
դուք եք»,- դիմեց հավաքվածներին: «Հանրապետություն» կուսակցության նախագահ
Արամ Սարգսյանը իր հերթին նկատեց. «Իրենք հասկացան, որ ձնագնդին շարժվել է, որ այս
զանգվածի դիմաց իրենք կանգնել չեն կարող: Մենք խնդիրը լուծելու ենք քաղաքական ճանապարհով
եւ քաղաքական ճանապարհով հասնելու ենք հաղթանակի»: Արամ Սարգսյանն էր, որ
հայտարարեց. «Այսօր քաղաքական փաստաթուղթ է ներկայացվել ԿԸՀ-ին եւ պահանջվել է 72
ժամվա ընթացքում հանրաքվեի արդյունքները համարել անվավեր: Մենք պիտի հասկանալի լինենք
բոլորի համար՝ թե ինքներս մեզ համար, թե դրսի համար: Այո, մենք ուզում ենք, որ Քոչարյանը
հեռանա, բայց դրա համար մենք պիտի կատարենք մի շարք քայլեր՝ կատարելու համար մենք
պիտի ունենանք բազմաքանակ ժողովուրդ»: Մարդիկ ակնհայտորեն շատ ավելի կտրուկ քայլերի
էին սպասում եւ հերթական անգամ չհասկացան, թե ինչո՞ւ իրենց կրկին դատարկաձեռն տուն
ուղարկեցին: ԿԸՀ-ին տրված 72 ժամը, այլ խոսքով՝ հերթական վերջնագրի ժամկետը
լրանում է ուրբաթ, եւ այդ օրը ժամը 16-ին ընդդիմությունը կրկին հանրահավաքի է հրավիրում:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել