Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՊ ԽՐԵԼ

Նոյեմբեր 30,2005 00:00

Նորություն չէ, որ Հանրային հեռուստաընկերությունը
վաղուց ի վեր, խախտելով պետական բոլոր օրենքները, զբաղված է ոչ թե բնակչությանն անաչառ
տեղեկատվությամբ ապահովելով, այլ ուղղակի ծառայում է իշխանության որոշակի նպատակների
իրականացմանը: Ցավոք սրտի, ամբողջ Հայաստանում հեռուստաընկերությունները
դարձել են մեկ կենտրոնից ուղղորդվող ընկերություններ: Եվ այսօր ժամանակակից Հայաստանի
զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը խոսքի ազատության պակասն է: Գաղտնիք չէ նաեւ,
որ պաշտոնական լրատվության հիմնական նպատակներից մեկն էլ սեպ խրելն է ոչ միայն ընդդիմադիր,
այլեւ հասարակական տարբեր ուժերի միջեւ՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Նոյեմբերի
27-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իմ արտահայտած
մտքերը՝ կապված 5-րդ շարասյան հետ, աղավաղվում եւ անընդհատ եթեր են հեռարձակվում
«Հայլուր» լրատվական ծրագրով: Այստեղ զավեշտն այն է, որ ոչ միայն դիտավորություն
կա, այլեւ՝ անգրագիտություն: Այն հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են ընդդիմադիր տարբեր
ուժեր տարբեր ասուլիսներ տալիս, ես հիշատակել եմ Ֆրանկոյի խոսքերը, այն է՝ երբ Ֆրանկոն
գնում էր Մադրիդը գրավելու, ասաց. «4 շարասյունով գնում ենք, իսկ 5-րդ շարասյունը
ներսում է»: Այսինքն՝ դրանք այն մարդիկ են, ովքեր Մադրիդում գտնվելով զորակից են
Ֆրանկոյին: Տվյալ դեպքում Մադրիդն իշխանությունն է, եւ իշխանության մեջ, իհարկե,
կան մեր ծպտյալ եւ բացահայտ համախոհները: Ինչ վերաբերում է 4 շարասյանը, ապա դա ընդդիմությունն
է: Օգտվելով առիթից՝ դարձյալ կրկնում եմ, ընդդիմությունը երբեք այսքան միասնական
չի եղել, ինչպիսին այսօր է: ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Նկատենք, որ այն պնդումը, թե Վազգեն Մանուկյանը Ստեփան Դեմիրճյանին
իբր անվանել է դավաճան ու «5-րդ շարասյուն», տիրաժավորում են նաեւ նույն կենտրոնից
ղեկավարվող այլ հեռուստաընկերություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել