Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԲՌՆՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 30,2005 00:00

Իշխանությունները
շարունակում են հետապնդել ընդդիմության ներկայացուցիչներին Դեռ
2004թ. ապրիլի 27-ին ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը Հայաստանին վերաբերող իր ընդունած
բանաձեւում, անդրադառնալով ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին,
9-րդ կետով ՀՀ իշխանություններին կոչ էր արել՝ «ա) Թույլ տալ խաղաղ ցույցերը եւ զերծ
մնալ ապագա ցանկացած գործողություններից, որոնք օրենսդրորեն կամ գործնականում կբերեն
Մարդու իրավունքներիի եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ազատ հավաքի իրավունքի
չարդարացված սահմանափակմանը: բ) Երաշխավորել տեղաշարժման ազատությունը Հայաստանի
սահմաններում»։ ԵԽԽՎ այս բանաձեւի պահանջները դեռեւս մնում են ուժի մեջ, քանի
դեռ Հայաստանը շարունակում է մնալ ԵԽ առջեւ իր ստանձնած պարտավորությունների կատարման
համար ԵԽԽՎ կողմից իրականացվող մոնիտորինգի ուշադրության կենտրոնում: ՀՀ պարտավորությունների
հարցը, որը չի սահմանափակվում սահմանադրական հանրաքվեն ժողովրդավարական չափանիշներին
համապատասխան անցկացնելով, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում դեռ լսվելու է: Իսկ բանաձեւում
արտահայտված մտահոգությունները դեռեւս սպառված չեն, որովհետեւ երեկ էլ ընդդիմադիր
տարբեր կուսակցություններ ահազանգում էին իրենց ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող
հետապնդումների, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների փաստերի մասին: Մասնավորապես
«Հանրապետություն» կուսակցությունից երեկ մեզ փոխանցեցին, որ նոյեմբերի 28-ին կուսակցության
քաղխորհրդի անդամ, հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած Ռաֆիկ
Մկրտչյանին երեկոյան ժամը 24:00-ին իր տան մուտքի մոտ մոտեցել են 2 հոգի՝ ՊԱՏ-ի եւ
ոստիկանության աշխատակիցներ ու հայտնել, որ նրան կասկածում են իր մեքենայով մարդու
վրաերթի ենթարկելու մեջ: Ասել են, որ չեն կարող բավարարվել ավտոմեքենան տանելով եւ
նրան բաժանմունք տանելու հրաման ունեն: Փորձել են տանել, սակայն որոշ պարզաբանումներից
հետո հեռացել են: Երեկ առավոտյան Ռ. Մկրտչյանին զգուշացրել են, որ նրա շենքը շրջապատված
է ոստիկաններով: «Նոյեմբերի 29-ին, առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, իրենց
տներից ութ անձինք տեղափոխվել են Աշտարակի ոստիկանության բաժանմունք՝ «զրուցելու»
առաջարկով: Նրանցից երեքին բաց են թողել, իսկ հինգը, ովքեր դիտորդներ են եղել հանրաքվեի
ժամանակ, պահվում են անազատության մեջ: Նրանցից չորսը «Հանրապետություն» կուսակցության
անդամներ են՝ Բոցինյան Ռազմիկ, Թադեւոսյան Սարգիս, Գալստյան Կարապետ, Նիկոլյան Ջանիկ,
Մելքումյան Լիգիա՝ «Ժառանգություն» կուսակցության Աշտարակի կառույցից: Նոյեմբերի
29-ի առավոտյան Աբովյանի բնակիչ Վահան Սարգսյանը բերման է ենթարկվել Աբովյանի ոստիկանության
բաժանմունք նույնպես զրուցելու նպատակով: Հանրաքվեի քվեարկության օրը նա եղել է Արզնի
գյուղի տեղամասային հանձնաժողովի անդամ»,- փոխանցեցին «Հանրապետությունից»: Երեկ
առավոտյան, ժ. 11-ի սահմաններում, ոստիկանները կուսակցության գրասենյակի դիմաց կայանած
մեքենաներից մեկի վարորդին՝ Գրիգոր անունով, բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Վարորդին ազատ են արձակել, որովհետեւ նրա փաստաթղթերը «կարգին» են եղել, իսկ ավտոմեքենան
երեկ ժ. 17-ին դեռ իրավապահների մոտ էր: Ոստիկանները հայտարարել էին, որ գրասենյակի
մոտ ինչ մեքենա տեսնեն՝ տանելու են: Նույն կուսակցությունում երեկ ահազանգեր էին
ստացվել, որ Վանաձոր-Երեւան, Շամշադին-Երեւան ավտոճանապարհը փակ է: Երթուղային տաքսիներին
թույլ չեն տալիս Երեւան գալ: «Ազգային միաբանություն» կուսակցությունից մեզ
փոխանցեցին, որ իշխանությունները հետապնդում են նաեւ իրենց տարածքային կառույցների
նախագահներին, տեղակալներին ու ԸԸՀ անդամ բոլոր 41 անձանց: Նրանց բերման են ենթարկում
ոստիկանության բաժիններ, համայնքային դատախազություններ, անգամ ԱԱԾ, ինչպես դա եղել
է «ԱՄ» Աբովյանի տարածքային կառույցի ղեկավար Նազիկ Հակոբյանի դեպքում, որտեղ այս
մարդկանց որոշ դեպքերում պահել են մինչեւ 10 ժամ: Արմավիրում երեկ բերման
են ենթարկվել կուսակցության կողմից ընտրական հանձնաժողովների անդամներ Հակոբյան Հակոբը,
Հովհաննիսյան Նվերը, Թադեւոսյան Մյասնիկը: Կոտայքում ոստիկանները բերման են ենթարկել
Նոր Հաճընի բնակիչ, «ԱՄ» անդամ Պետրոսյան Մարիետային: Ընդ որում, «ԱՄ» կուսակցության
պատասխանատուների փոխանցմամբ, բոլորին բերման են ենթարկում առանց համապատասխան սանկցիայի:
«Հետապնդումներն այսօր ավելի սաստկացան, ամենայն հավանականությամբ այն պատճառով,
որ նախօրեին հանձնաժողովներում մեր ներկայացուցիչներին զանգել ու հրավիրել էին գնալ
աշխատավարձ ստանալու, իսկ վերջիններս հրաժարվել էին աշխատավարձից: Օրվա երկրորդ կեսից
ոստիկանները սկսել են այցելել աշխատավարձից հրաժարվողներին ու բերման ենթարկել»,-
երեկ փոխանցեցին «ԱՄ»-ից: Նույն իրավիճակն է եղել նաեւ մայրաքաղաքում՝ հանրաքվեից
մեկ օր առաջ: Ոստիկանության բաժին կամ դատախազություն բերման են ենթարկվել գրեթե
բոլոր 439 ընտրատեղամասերի անդամները, այդ թվում՝ Պերճ Հարությունյանը, Վլադիմիր
Ներսիսյանը, Մնացականյան Մնացականը, որոնց «բացատրական» աշխատանքից հետո բաց են թողել,
թեեւ նրանք նոյեմբերի 27-ին, միեւնույն է, հանձնաժողովներ չէին գնացել: Ոստիկանության
բաժիններ ներկայանալու ծանուցագրեր են ստացել նաեւ «ԱՄ» անդամներ Աշոտ Անտոնյանը,
Արմեն Սահակյանը, Օվսաննա Ագրյանը: «Բոլոր դեպքերում ոստիկանները բերման ենթարկվածներից
ներողություն են խնդրել՝ բացատրելով, որ իրենք էլ են կրակն ընկել, բայց՝ ի՞նչ անեն»,-
ասացին «ԱՄ»-ում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հ.
Գ. Քաղվածք «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ի 6-րդ կետից. «Դիտորդները եւ
ԶԼՄ ներկայացուցիչները չեն կարող պատասխանատվության ենթարկվել հանրաքվեի ընթացքի,
քվեարկության եւ արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել