ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 1/32 ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է Խանտի-Մանսիյսկում մեկնարկել է շախմատի աշխարհի տղամարդկանց գավաթի խաղարկությունը, որն ուժերի փորձարկման վերջին կարեւոր ստուգատեսն է մրցաշրջան-2005-ում: Մրցաշարի մասնակից 128 ուժեղագույն գրոսմայստերների մեջ էր նաեւ Վլադիմիր Հակոբյանը, որը, սակայն, վերջին պահին վատառողջության պատճառով հրաժարվել է մրցավայր մեկնելուց: Ըստ կանոնակարգի, եթե Վլադիմիրը դա աներ մինչեւ վիճակահանությունը, կազմակերպիչները նրան փոխարինող կգտնեին, բայց քանի որ արդեն մրցակիցը հայտնի էր, ուստի ավստրալացի Հարի Լեյնը մեխանիկորեն անցել է հաջորդ շրջան: Նոկաուտ համակարգով անցկացվող ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկության յուրաքանչյուր երրորդ օրը Խանտի-Մանսիյսկը կլքեն պայքարի մեջ մնացած շախմատիստների կեսը: Յուրաքանչյուր տուրում հաղթողը որոշվում է երկու պարտիաների արդյունքով: Ոչ-ոքիի դեպքում անցկացվելու է արագ շախմատ, իսկ եթե դա էլ չորոշի ուժեղին, զույգերը կմրցեն կայծակնային շախմատում: Քանի որ գավաթի այս խաղարկությունն ուղիղ կամուրջ է աշխարհի միասնական չեմպիոնին որոշելու ճանապարհին, գրոսմայստերները պայքարում են ոչ միայն հաղթողի կոչման համար, ում պատկառելի մրցանակային գումար է նախատեսված, այլեւ առաջին հնգյակում տեղ զբաղեցնելու համար, մի բան, որն այդ պայքարի մեջ անմիջականորեն ներգրավվելու իրավունք է տալիս: Մեկնարկային տուրի առաջին խաղում մեր հանրապետության առաջատար Լեւոն Արոնյանը պարտության է մատնել եգիպտացի Ալի Ֆրհատին, Արտաշես Մինասյանը տանուլ է տվել հոլանդացի Լյուկ վան Վելլիին, իսկ Կարեն Ասրյանն ու Ռաֆայել Վահանյանը միավորը բաժանել են, համապատասխանաբար, Յու Վանգին (Չինաստան) եւ Ռոբերտ Կեմպինսկուն (Լեհաստան): Երեկ մրցակիցները խաղատախտակների առջեւ նստեցին երկրորդ անգամ: Լեւոն Արոնյանը կրկին իր առավելությունը ցույց տվեց՝ տանելով երկրորդ հաղթանակը, ու անցավ 1/32 եզրափակիչ: Ցավոք, հենց մեկնարկային տուրից Խանտի-Մանսիյսկին ստիպված են հրաժեշտ տալ Արտաշես Մինասյանը, որը Լյուկ վան Վելլիի հետ երկու խաղում չկարողացավ վաստակել ոչ մի միավոր՝ 0:2, եւ Կարեն Ասրյանը, որը երեկ զիջեց չինացի Վանգին՝ 0,5:1,5: Ինչ վերաբերում է Ռաֆայել Վահանյանին, փորձառու գրոսմայստերը երկրորդ պարտիայում էլ ոչ-ոքի արեց Կեմպինսկու հետ: Այսօր նրանք պայքարը շարունակելու են արագ շախմատում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ