Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամների

Նոյեմբեր 29,2005 00:00

Հաշմանդամների համար փակ են մշակութային օջախները Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար այսօր անմատչելի են Երեւանի մշակութային օջախները: Այս կարծիքին է Հայկական սպինալ հաշմանդամների «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Միշա Մկրտչյանը: Նա բորբոքված ավելացրեց. «Կարծես երեւանյան թատրոնները, կինոթատրոնները, թանգարանները հատուկ են այդպես կառուցվել»: Ըստ պրն Մկրտչյանի՝ այսօր հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար մի փոքր ավելի հարմար է կառուցված Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը. «Մենք հնարավորություն ունենք գոնե ետնամուտքից օգտվելու: Սակայն մինչ այնտեղ հասնելը՝ ստիպված ենք լինում մի քանի հոգու պատմել, թե ով ենք, ուր ենք գնում եւ ինչու: Հետո երկար ժամանակ պետք է թակենք ետնամուտքի ծանր փայտե դուռը, այնուհետեւ, եթե մեր թակոցները լսելի լինեն ներսի մարդկանց, պետք է նաեւ բացատրենք, թե ով ենք»: «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի համոզմամբ՝ հաշմանդամների համար բավականին մատչելի է Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, որտեղ ելույթ է ունենում նաեւ հաշմանդամների «Փարոս» երգչախումբը: Վերջերս հենաշարժողական խնդիրներով հաշմանդամների համար կրթական, մշակութային եւ սպասարկման հաստատությունների մատչելիությունը ուսումնասիրելու առիթով «Ունիսոնը» Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացրել է Երեւանի 202 հաստատությունների ուսումնասիրություն: Հիմնական հարցերը վերաբերել են փողոցի, բակի, շենքի մուտքի ու շենքի ներսում իրավիճակի ուսումնասիրմանը: Ծրագրում ընդգրկվել են հիմնականում Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր համայնքների հաստատությունները: Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար հիմնական խոչընդոտ են հանդիսանում շենքերի ներսի աստիճանները, որոնք առկա են ուսումնասիրված հաստատությունների 20%-ում: Օրինակ, Թումանյանի անվան տիկնիկային եւ Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոններում դրանք խոչընդոտում են միայն դեպի սանհանգույց տանող ճանապարհը: Ընդհանրացնելով ուսումնասիրության տվյալները՝ նշենք, որ բոլոր չափանիշներին միաժամանակ համապատասխանում է ուսումնասիրված 202 հաստատությունից ընդամենը 47-ը, որից 3-ի դեպքում՝ միայն առաջին հարկը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել