«ՍՐԱՆԻՑ ԴԵՆՆ ԱՇԽԱՐՀ ՉԿԱ» «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը հանրաքվեի ժամանակ դիտորդ է եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/25 ընտրատեղամասում: «Ոչ»-ի շտաբն այս որոշմանն է եկել՝ հաշվի առնելով, որ այս տեղամասում (որ Սամվել Ալեքսանյանի «ենթակայության տակ» գործող տեղամասերից է) սովորաբար լցոնումներ շատ են լինում: «Ես գնացի այնտեղ: Մարդիկ լավ էլ լցոնեցին»,- մեզ հետ զրույցում պատմում էր տիկին Բախշյանը: «Լցոնում էին ակնհայտ ու անթաքույց: Իմ ներկայությամբ ստորագրում էին հանձնաժողովի անդամները: Մեկ-երկուսը կանգնում էին սեղանի դիմաց ու սկսում ստորագրել, մեր միջամտություններին՝ ոչ մի արձագանք: Լուսանկարչական ապարատ էինք տարել, որոշեցինք նկարել ՀԺԿ-ի դիտորդի հետ, անդամները տեսան, աղաղակ բարձրացրին՝ «ի՞նչ է, ԶԼՄ ներկայացուցիչ եք, ինչ եք»: Բայց դա էլ չօգնեց: Մեկ էլ տեսանք՝ մատյաններից մեկը չկա: Հետո այն տեսանք, որ վերարկուի տակ դրած՝ հետ բերեցին՝ արդեն ստորագրած-պատրաստ: Մի պահ թվում էր, թե առանց կնքելու են լցնում, կամ էլ հարեւան սենյակում էին դա անում, վստահ չեմ: Ամեն 3 ժամը մեկ տվյալները մեզ չէին հայտնում, ժամը 17-ին հանձնաժողովի նախագահ Նառան մեր համառ պնդումներին արձագանքեց՝ «շատ ե՞ք ուզում», ասացինք՝ այո: Ու ասացին՝ 538, իսկ մենք արձանագրել էինք 106 հոգի: Մի խոսքով, թվերը նկարեցին՝ ինչպես ուզում էին: Ես համոզված եմ, որ ԿԸՀ-ն նույնիսկ չի սպասել, որ թվերը հայտնեն, այլ ինքը գրել է այն թիվը, ինչ պետք էր: Ինչո՞ւ ծախսեցին այսքան փող, քարոզեցին, դրա կարիքը չկար: Ոչ մի ջանք չէին թափում նույնիսկ մարդ բերել քվեարկելու»: Տիկին Բախշյանը արձանագրում է այն, ինչ պարզվել է հանրաքվեի արդյունքում. «Այս իշխանությունների նկատմամբ վստահություն ունի միայն բնակչության 9 տոկոսը: Մնացածի մոտ վստահություն չկա: Եվ այդ 91 տոկոսը տեսնում է, որ իրեն լվի նման կրնկի տակ ճզմել են այս իշխանությունները եւ սատկացրել: Ինձ թվում է, որ սրանից դենն էլ աշխարհ չկա, սրանից դենը քաղաքացուն վիրավորելու ձեւ, տարբերակ չկա, մեր ժողովուրդը հիմա այնպես պետք է վիրավորվի, այնպես ըմբոստանա ու դառնանա, գիշերը չքնի, որ իրեն լվի նման տրորել են: Պիտի պահանջի՛: Ստացվում է՝ ժողովուրդը պետք չէ նրանց. պե՞տք է սպանել՝ կանեն, հանրաքվե՞՝ կանցկացնեն, դատե՞լ՝ խնդրեմ, հոգիներ բռնաբարե՞լ՝ խնդրեմ, ձեր տեսողական զգացումներին մեր ներկայությամբ, մեր դեմքով անընդհատ ազդե՞նք՝ խնդրեմ: Դուք ո՞վ եք, ա՛յ ժողովուրդ, մեզ համար՝ ոչինչ»,- իշխանությունների բերանով ասում է տիկին Բախշյանը: Իսկ այն, որ ընդդիմության հանրահավաքներին այդպես էլ չի հավաքվում «կրիտիկական զանգվածը», Ա. Բախշյանի կարծիքով, հեռուստատեսության պակասի արդյունք է: «Որքան էլ ասենք, որ ժողովուրդը վախենում է եւ այլն, այո, դա կա, բայց հիմնականում տեղեկացված չլինելն է պատճառը: Եթե հանրահավաքները հեռուստատեսությամբ լուսաբանվեն ըստ պատշաճի, ժողովուրդը տեսնի, թե ընդդիմությունն ինչ է ասում, առաջարկում՝ կհավաքվի: Մեր ժողովուրդը վախկոտ չի եւ ոչխար չի, պարզապես մարդիկ չգիտեն՝ ինչ է կատարվում, այնպիսի դեզինֆորմացիա են լսում, որ ասում են՝ չէ, ընդդիմությանն էլ չի կարելի վստահել: Մենք բարեփոխումներին չենք դեմ, այլ առաջարկողին: Չի կարելի բարեփոխում ընդունել մի մարդու ձեռքից, ով անընդհատ ոտնահարել է եղածը, ի՞նչ երաշխիք, որ սա էլ չի ոտնահարելու: Գործողը իրականացրու, եթե մի բան պակասի՝ նոր բարեփոխի: Մենք չենք հավատում, որ դուք ի վիճակի եք իրականացնել բարեփոխումներ»: Տիկին Բախշյանն այս ամենը եւ իրականացված քարոզչությունը կապում է նաեւ ներկա սերնդի դաստիարակության հետ: «Այսօր այս աշակերտները գիտեն, որ իրենց ծնողները չեն գնացել ընտրություններին եւ լսում են, թե ինչ է հայտարարվում: Մենք քաղաքացիական կրթության դասեր ունենք, իրավունքի դասեր ենք անցնում, որտեղ գրված է, որ մարդու ձայնի իրավունքը մարդու առաջնային իրավունքներից մեկն է, ժողովրդավարության հիմքը: Նրանք հիմա տեսնում են, որ այդ իրավունքը աջուձախ անարգել ոտնահարվում է: Նրանք մեզ կասեն՝ այ մեծեր, այ ուսուցիչներ, բա դուք մեզ ի՞նչ եք սովորեցնում, ա՛յ տնօրեններ: Էլ չեմ ասում իմ որոշ գործընկերների մասին, ովքեր հեռուստացույցով քափ ու քրտինք կտրած, ստորաքարշության ամենաբարձրագույն աստիճանին հասած, զբաղված են ստախոսությամբ ու կեղծիքով՝ քվեարկողների թվի բազմապատիկը ներկայացնելով: Նրանք հանձնաժողովներում նստած՝ ուզում են դուր գալ, հաճոյանալ՝ առանց ամաչելու: Իրենց վարքով եւ կերպարներով նրանք թքած ունեն կրթության եւ դաստիարակության վրա, միայն բողոքում են, թե՝ «այս ի՞նչ այլանդակ սերունդ է»: Էլ չեն ասում, որ այդ սերունդը այլանդակությունը իրենցից է սովորում»: Տիկին Բախշյանի տվյալներով, ուրբաթ օրվա «այո»-ի համերգին քաղաքապետարանը բոլոր դպրոցներից պարտադրել էր 40-50 հոգի ապահովել: Տնօրեններ են եղել, որ տաքսիներ են վարձել եւ իրենց կոլեկտիվին ուղարկել: «Միտինգի ժամանակ, գիշերվա ժամը 12-ին հրապարակը լցված էր աշակերտներով, իսկ տնօրեններից, քաղաքապետարանից ոչ ոքի չտեսա: Դե թող իրենք էլ գային ու կանգնեին, երեխաներին էլ տեր լինեին»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Հարեւան տեղամասում քվեարկելու էր եկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը. «Նա էլ տեսավ, որ մարդ չկա, այսինքն՝ իրենք ամեն ինչ գիտեն, տեսնում են: Ես հուսով եմ, որ այս հակապետական իշխանության մեջ կգտնվի մի օր մեկը, ում խիղճը հանկարծ կզարթնի ու կպոռթկա՝ հերի՛ք է: Երանի այդ օրը»: