Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտել են ԿԳԲ-ն, «Դաթոյի» գունդն ու Գալուստ Սահակյանը

Նոյեմբեր 29,2005 00:00

Խախտել են ԿԳԲ-ն, «Դաթոյի» գունդն ու Գալուստ Սահակյանը Հանրաքվեի օրը «Ազգային ժողովրդավարական միության» կենտրոնական գրասենյակը քվեարկության խախտումների վերաբերյալ ահազանգեր էր ստանում: Դրանց մի մասին՝ մինչեւ կեսօր ստացած տեղեկատվությանն արդեն անդրադարձել ենք: Ներկայացնում ենք մնացածը: Վանաձորի թիվ 30/33 ընտրատեղամասում դիտորդներ Գոհար Սարդարյանը եւ Վաչագան Գեւորգյանը ականատես են եղել, թե ինչպես միեւնույն մեքենան 20 հոգու հինգ անգամ բերել է քվեարկելու: Երբ ընդդիմության ներկայացուցիչները նշյալ անձանցից անձնագիր են պահանջել՝ վրա է հասել տեղամասային հանձնաժողովի նախագահ Քաջիկ Թադեւոսյանն ու սպառնացել. «Ձեզանով հետաքրքրվում է ԿԳԲ-ն, գնացեք, եթե չեք ուզում գա կանդալները գցի ու ձեզ տանի»: Նույն տեղամասում, ըստ ընդդիմադիր դիտորդների, ոստիկանության աշխատակցուհուն, որի անունը ընտրացուցակում չի եղել, թույլատրվել է քվեարկել առանց դատարանի որոշման: 23/7 տեղամասում «Հանրապետություն» կուսակցության դիտորդ Գոհար Հայրապետյանը իշխանամետ Յուրա Գալստյանից ծեծ է կերել այն բանի համար, որ փորձել է կանխել ընտրատեղամասի տարածքում իրականացվող դրամաբաշխումը: Վարդենիսում ծեծի է ենթարկվել քաղաքի «Հանրապետություն» կուսակցության կառույցի ղեկավար Մարատ Սեւոյանը: Վարդենիսի դիտորդները վկայում են, որ տեղի ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները բոլոր դիտորդներին ահաբեկել են՝ պարտադրելով տնից դուրս չգալ: Թիվ 9/16 տեղամասում «Ժառանգություն» եւ ԱԺՄ կուսակցությունների դիտորդները երեկոյան ժամը յոթին նկատել են, որ հանձնաժողովի անդամներից մեկը տրցակով քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ: Դիտորդների բողոքները հանձնաժողովը չի արձանագրել: Ավելին, ըստ ընդդիմադիրների հաշվարկի՝ այդ տեղամասում քվեարկությանը մասնակցել է 230 ընտրող, սակայն հանձնաժողովը արձանագրել է 700: Թիվ 2/22 տեղամասի դիտորդ Դոնարա Մկրտչյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցող զինծառայողները՝ սպաներ եւ կուրսանտներ, մոտենալով արկղին՝ բացել են քվեաթերթիկը, այն ցույց են տվել, ապա նոր գցել տուփի մեջ: 10/21 տեղամասում ԱԺՄ դիտորդ Գնել Բրուտյանը քվեարկության ամփոփման ժամանակ քվեարկողների թվի մեծ անհամապատասխանություն է արձանագրել. դիտորդների գրանցած 266-ի փոխարեն՝ հանձնաժողովը ներկայացրել է 672 հոգու: Այս տեղամասում եւս բացահայտ լցոնումներ են եղել, սակայն հանձնաժողովը չի կանխել: Ազատան գյուղի դիտորդներն ականատես են եղել այն փաստին, որ չնայած ժամը 11.30-ի դրությամբ քվեարկության է եկել ընդամենը 3 մարդ, բայց քվեատուփն արդեն լցված է եղել: Թիվ 21/22 տեղամասում ԱԺՄ դիտորդ Ժենյա Խաչատրյանը արձանագրել է, որ հանձնաժողովը թույլ է տվել քվեարկելու 18 տարին չլրացած եւ ընտրելու իրավունք չունեցող Անահիտ Հայրապետյանին: Թիվ 21/34 ընտրատեղամասում դիտորդ Սամվել Մկրտչյանը նկատել է, որ մեկ անձը մի քանի հոգու փոխարեն քվեարկել է, նա արձանագրել է նաեւ առանց անձնագրի քվեարկության դեպքեր: Հանրաքվեի օրը ԱԺՄ գրասենյակը ահազանգ է ստացել նաեւ այն մասին, որ Նաիրիի ընտրական տեղամասերից ոստիկանները դիտորդներին բռնությամբ հեռացնում են: Երեւանի թիվ 126 դպրոցում տեղակայված 6/3 եւ 6/4 տեղամասերի դիտորդների ներկայացմամբ, ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Հարություն Փամբուկյանի ջանքերով ութ «Գազել»-ներով այնքան մարդիկ են բերվել ընտրատեղամասեր, ժամը 13-ի դրությամբ որ նույնիսկ հերթեր են գոյացել: Գյումրիի թիվ 33 ընտրատարածքում էլ, դիտորդների պատմելով, «Դաթոյի» գունդը հասցրել է երեք անգամ քվեարկել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել